կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-27 00:05
Արցախ

Համանախագահները նոր ական են տեղադրել

Համանախագահները նոր ական են տեղադրել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական անգամ մի փոքր ռումբ են պայթեցրել իրենց հայտարարության եւ եզրակացության միջոցով, ինչ-որ տեղ նաեւ նոր ական են տեղադրել, սակայն, թե ո՞ւմ օգտին կաշխատի այդ ականը եւ ի՞նչ ժամկետից հետո կարող է պայթել` դժվար է կռահել. մեկնաբանելով համանախագահների` անցյալ տարվա հոկտեմբերին Ղարաբաղում իրականացված դաշտային առաքելության վերաբերյալ օրերս հրապարակած ամփոփումը ասել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

ԵՐԿԻՐ-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ մտահոգիչ հանգամանքներից մեկն այն է, որ համանախագահները հարցականի տակ են դնում ստատուս քվոյի պահպանումը, սակայն չեն անդրադառնում, թե ստատուս քվոյի ինչպիսի՞ փոփոխությունը կարող է դրական լուծում տալ գործընթացին` չնայած շեշտադրում են խաղաղ բանակցային կարգավորումը։

«Պետք է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ կողմից վարվող քաղաքականությանն անդրադառնալ. մեկ անգամ չէ, որ Արցախի իշխանությունների կողմից պաշտոնապես նշվել է եւ փորձ է կատարվել նաեւ այն թեզը զարգացնել, որ հակամարտության վերջնական լուծման լավագույն տարբերակներից մեկը հենց այդ տարածքներում վերաբնակեցման քաղաքականություն իրականացնելն ու ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունն է։ Դժբախտաբար, վերջին տարիներին այդ ուղղությամբ նկատելի էր որոշակի պասիվություն եւ դանդաղում, որի արդյունքն էլ երեւում է ներկայացված զեկույցում»,- նշել է ՀՅԴ ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների վիճակի մասին եզրակացությանը, ապա, ըստ Դավիթ Իշխանյանի, այդ վիճակը էականորեն չի տարբերվում մյուս շրջանների սոցիալ-տնտեսական վիճակից, ինչը, ըստ նրա, նկատելի է դարձնում համանախագահների որոշակի կողմնապահությունը։

Դավիթ Իշխանյանի գնահատմամբ՝ ամփոփումը կառուցված է մադրիդյան սկզբունքների հիման վրա, եւ հայկական կողմի համար այսօր կարեւորը ոչ թե մադրիդյան սկզբունքներին գնահատական տալը կամ վերլուծելն է, այլ դրանք կազմաքանդելը։ «Մեր կողմից միշտ շեշտվել է, որ պետք է կազմաքանդել մադրիդյան սկզբունքները եւ բոլոր ջանքերն ուղղել դրանցից հրաժարվելուն եւ դրանցից բխող հետեւանքները կանխարգելելուն։ Կարծում եմ` հասունանում է նոր սկզբունքներ մշակելու հարցը, այլապես մադրիդյան սկզբունքներով առաջնորդվելը երկու կողմերում էլ դրական տեղաշարժ չի առաջացնի»,- համարում է ՀՅԴ ներկայացուցիչը:

Նրա կարծիքով` նման զեկույցները կարող են ապակայունացնել տարածաշրջանը։

«Նման ամփոփումներից ու եզրակացություններից խուսափելու համար ժամանակը չէ՞, որ Արցախի իշխանությունները ՀՀ իշխանություններից պահանջեն հրաժարվել մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելուց» հարցին ի պատասխան` Դավիթ Իշխանյանը նշում է. «Մի քանի անգամ Արցախի իշխանությունները փորձել են առաջ քաշել այդ թեզը, բայց այստեղ նկատելի էին ոչ այնքան կոշտ դիրքորոշումներ, որոնք անհրաժեշտ են, եւ ինչ-որ տեղ նաեւ պետք է պարտադրեն թե' համանախագահներին, թե' ՀՀ իշխանություններին»։

Խոսելով համանախագահների՝ «խուսափել այս եւ այլ վիճելի տարածքներում ցանկացած գործունեությունից, որը կվնասի վերջնական կարգավորմանը կամ կփոխի այդ ոլորտների բնույթը» կոչի մասին` նա շեշտել է, որ նման եզրահանգումներից հարկավոր չէ խուճապի մատնվել։ «Սա նաեւ խթան պետք է հանդիսանա ՀՀ եւ Արցախի իշխանությունների համար՝ առավել ակտիվացնելու ջանքերը եւ դրանք ուղղելու այդ տարածքներում գործնական քայլեր իրականացնելուն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ գերակա պետք է համարել ազգային եւ պետական շահերը։

«Կոչերին պետք է հետեւել, բայց առաջնորդվել` սեփական խաղի կանոններով»,- համարում է ՀՅԴ ներկայացուցիչը։