կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-17 20:32
Առանց Կատեգորիա

Համանախագահները հեռացնելու փոխարեն մոտեցնում են ԼՂ նոր պատերազմը

Համանախագահները հեռացնելու փոխարեն մոտեցնում են ԼՂ նոր պատերազմը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ` Մյունխենում երեկ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Երկկողմ և բազմակողմ ֆորմատով անցկացված այդ հանդիպման արդյունքներով` համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Մյունխենյան գագաթաժողովի ավարտից հետո ՀՀ արտգործնախարարը մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Լավրովի հետ: Դա վերջին մեկ ամսվա ընթացքում նրանց երկրորդ հանդիպումը կլինի, ինչը վկայում է Մոսկվայի կողմից բանակցային գործընթացն արագացնելու ցանկությունը: Չի կարելի բացառել, որ այդ հանդիպման ըթնացքում Լավրովը Նալբանդյանից կորզի եռակողմ հանդիպում անցկացնելու համաձայնությունը, որը մինչ այդ փաստացի մերժում էր Երևանը: Դրան կնպաստի նաև Մյունխենում կայացած հանդիպումը:

Այս ակտիվացումը հետաքրքրական է, եթե նկատի ունենանք, որ առաջին հայացքից դրա համար այնքան էլ նպաստավոր պահ չէ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, իսկ ընտրությունները, որպես կանոն, զգուշավորության են մղում այդ գործընթացով անցնող կողմին: Եթե նման ակտիվացումը տեղի է ունենում հայաստանյան ընտրությունների անտեսմամբ, ապա պետք է ենթադրել՝ կան առավել հրատապ հրամայականներ: Ներկա պահին կարելի է նշել հիմնականում  երկու նման գործոն:  

Առաջին՝ նման հրատապությունը պարտադրում է Ադրբեջանը՝ շփման գծում հետևողականորեն թեժացնելով իրավիճակը: Արդեն սովորական է դարձել, ականանետներից ու նռնականետներից բացի, նաև փոքր տրամաչափի հրանոթների կիրառումը: Թե' լարվածության կտրուկ աճը և թե' շփման գծից ծանր հրետանին չհեռացնելու` Բաքվի համառությունը ստեղծել են արտաքին մտավախություն, որ նա ցանկանում է դիմել լայնածավալ ռազմական գործողությունների: Եվ փորձ է արվում հիմա գտնել դրանից Բաքվին զերծ պահելու ձևերը: Բայց, ինչպես կարելի է հասկանալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ մյունխենյան հայտարարությունից, լավագույն տարբերակը շարունակում է  համարվել Բաքվին ուղղակի, թե անուղղակի սիրաշահելը: Հայտարարությունում համանախագահները, բացի նրանից, որ շեշտել են հրադադարի համաձայնագրերը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, նաև զգուշացրել են, որ ուժի կիրառման փորձը խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Ակնհայտ է, որ հասցեատերն Ադրբեջանն է: Բայց  իրականում նման զգուշացումները վաղուց արդեն գրոշի արժեք չունեն, հենց թեկուզ այն պատճառով, որ դրանց վրա Բաքուն թքում է` բանակցություններին զուգահեռ հայկական դիրքերի ուղղությամբ ծանր հրետանի կիրառելով, որի մասին համանախագահողները համեստորեն լռում են:

Որպես ուժի կիրառումից խոսւափելու այլընտրանք` նրանք, կարծես, առաջարկում են վերադառնալ մադրիդյան սկզբունքների, այսպես կոչված, կազանյան տարբերակին: Խնդիրն այն է, որ հայտարարության մեջ նրանք վկայակոչել են 2011թ. ֆրանսիական Դովիլ քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների այն ժամանակավա նախագահների՝ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի կողմից ԼՂ հիմնահարցի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությունը: Այդ հայտարարությունը, հիշեցնենք, ընդունվել է ԵԱՀԿ` Կազանում կայանալիք գագաթաժողովի նախօրեին և դրան ընդառաջ Երևանին ու Բաքվին խրախուսելու համար, քանի որ նախատեսված էր Կազանում վերջնականապես ընդունել գրեթե լիովին համաձայնեցված մադրիդյան սկզբունքների՝ այդ պահին սեղանին գտնվող տարբերակը: Դրանից, սակայն, հենց գագաթաժողովի ընթացքում, բարեբախտաբար, հրաժարվեց ադրբեջանական կողմը: 6 տարվա վաղեմության` Դովիլի հայտարարության վկայակոչումը անուղղակի կոչ կամ հրավեր է Երևանին ու Բաքվին՝ վերադառնալ «խաղաղություն տարածքների և ԼՂ միջանկյալ կարգավիճակի դիմաց» սկզբունքով հակամարտությունը երկարաժամկետ սառեցնելու կազանյան տարբերակին:

Համանախագահների մյունխենյան հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ օրակարգից հանվում են նաև 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ Ադրբեջանի պարտավորությունների կատարման պահանջները, որովհետև հայտարարությունում նշվում է, թե համանախագահներն ընդամենը մտքեր են փոխանակել այդ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Դրանում Ադրբեջանին պարտավորեցնող որևէ ձևակերպում չկա: Սա Ադրբեջանի դիվանագիտական տակտիկական հաջողությունը պետք է համարել: Դրանով համանախագահները հաստատում են, որ Բաքվի` պատերազմի շանտաժը կրկին աշխատում է որպես բանակցությունների վրա ամենաազդող գործիք, ինչ այլ կերպ, քան այդ մարտավարությունն արդարացնելու և Բաքվին ավելի լկտիացնելու դրսևորում չի կարելի համարել: Առավել ևս` եթե նկատի ունենանք, որ, ի տարբերություն պայմանավորվածությունների կատարման հարցի, համանախագահները կոչ են անում ճկունություն ցուցաբերել հակամարտությունն արագ լուծելուն ուղղված բանակցությունները վերականգնելու ուղղությամբ։

Ինչպես հայտնի է, առ այսօր հայկական կողմն էր լրիվ հիմնավորված առկախում բուն կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ պնդելով վերոնշյալ համաձայնությունների կամ գոնե դրանց մի մասի պարտադիր կատարումը Ադրբեջանի կողմից: Այս իմաստով համանախագահների կոչն ուղղված է կոնկրետ Երևանին: Բացի դրանից՝ հայտարարության մեջ անգամ հպանցիկ ակնարկ չկա բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու պատճառով բանակցություններին հասցվող վնասի մասին:

Բանակցային գործընթացը ներկայումս որոշակիորեն ակտիվացնող երկրորդ գործոնն Արցախում սպասվող սահմանադրական հանրաքվեն է, որը Բաքուն հերթական առիթն է դարձնում Արցախի սուբյեկտայնությունը և այդպիսին դառնալու հեռանկարը միջազգայնորեն չեզոքացնելու համար: Բաքուն Մյունխենում հասել է նրան, որ ՄԽ համանախագահները հայտարարության մեջ ընդգծեն հանրաքվեի արդյունքները չընդունելու և այն որպես Արցախի վերջնական կարգավիճակը կանխորոշելու գործոն չդիտարկելու հանգամանքը: Դեռ լավ է, որ նրանք գոնե ճանաչում են հանրաքվեի և նմանատիպ միջոցառումներով սեփական կենսակերպը և հանրային կյանքը կազամկերպելու` արցախցիների սուվերեն իրավունքը, ինչի մասին նշել են հայտարարությունում: Բայց փաստը, որ միջազգային հանրությունն ընտրական գործընթացների նկատմամբ այս շարունակվող մերժողականությունը չի փոխում տոտալիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանի հետևողականությամբ, խոսում է այս հարցում հայկական կողմի շարունակվող հարմարվողականության մասին: Սա այն դեպքում, երբ թե՛ ապրիլյան պատերազմը, թե' սեփական երկրում ալիևյան ռեժիմի կողմից ժողովրդավարության վերջին փշրանքները ոչնչացնելու իրողությունները տալիս էին ԼՂ-ի միջազգայնորեն ճանաչման հարցը  դիվանագիտական առաջնահերթություն դարձնելու հնարավորություն: Այս ամենի ֆոնին կարելի է պատկերացնել, թե ինչ ուղղություն է ունենալու Լավրովի միջնորդությամբ արտգործնախարարների նոր հանդիպումը, եթե Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում տա դրան իր համաձայնությունը:

Գևորգ Դարբինյան