կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-05 22:28
Հասարակություն

"Կարգը տենց ա, ամեն տարեսկզբին էլ ուշացնում ենք"

"Կարգը տենց ա, ամեն տարեսկզբին էլ ուշացնում ենք"

Գիտության պետական կոմիտեի ենթակայությամբ գործող հաստատությունների, այդ թվում` գիտությունների ազգային ակադեմիայի եւ որոշ բուհերի աշխատակիցների հունվարի աշխատավարձերի վճարումներն ուշանում են:

 

Ֆինանսների նախարարության պարզաբանմամբ, պատճառը այս կառույցի կողմից գանձապետարան ներկայացրած փաստաթղթերի կիսատ-պռատությունն է, ինչն էլ բացառում է ֆինանսների փոխանցումը: Քիչ ուշ նույնը հաստատեց նաեւ ԳՊԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Լեւոն Մարդոյանը, ով «խոստովանեց», որ իրենք միայն հունվարի 20-ին են ձեռք բերել պաշտոնական տեղեկագրի հերթական համարը եւ ծանոթացել այս տարվա բյուջեով իրենց հատկացված ֆինանսավորմանը: Հետո միայն սկսել են իրենց ենթակայության գիտակրթական հաստատությունների հետ պայմանագրերի կնքումը:

 

Մարդոյանի փոխանցմամբ՝ իրենք հունվարի 26-ին ուղարկել են պայմանագրերի ձեւերը հաստատություններ եւ շատերից դեռ չեն ստացել լրացված տարբերակները:

 

Ամեն դեպքում, ինչպես լրատվական ծառայության միջոցով մեզ փոխանցեց Պետական կոմիտեի նախագահը, մինչեւ փետրվարի 7-ը, հավանաբար, կլուծվի աշխատավարձերի խնդիրը:

 

Իր հերթին, գանձապետարանը պատրաստ է անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու դեպքում, հնարավորինս արագ փոխանցել գումարները:

 

Ի դեպ, մի շարք կրթական-գիտական հաստատությունների հաշվապահներ միաբերան հաստատում էին, որ ամանորի ոչ աշխատանքային օրերի հետ կապված` ամեն տարի էլ հունվարի աշխատավարձերն ուշացնում են։ ԳԱԱ ֆինբաժնի պետն առհասարակ վճիռ իջեցրեց` «կարգն ա տենց»: Գուցե կենսաթոշակների վճարման անհարթությունների շտկմանը զուգահեռ վարչապետն անդրադառնա նաեւ այս «կարգին», թե չէ` հասկանալի չէ` որտե՞ղ է գրված այդ «կարգը» կամ ո՞ւմ կողմից է այն հատատված: