կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 02:34
Քաղաքական

Իշխանությունը պետք է ոչ թե ձեռքից ձեռք, այլ գլխից գլուխ անցնի

Իշխանությունը պետք է ոչ թե ձեռքից ձեռք, այլ գլխից գլուխ անցնի

Աշխարհում ժողովրդավարության մակարդակի եւ ազատությունների վերաբերյալ հերթական զեկույցում ամերիկյան հեղինակավոր «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունն Արցախը հիշատակել է որպես ոչ ազատ երկիր, մինչդեռ կազմակերպության նախորդ տարիների զեկույցներում Հայաստանն ու Արցախը նշվում էին մասամբ ազատ երկրների, իսկ Ադրբեջանը` ոչ ազատ երկրների շարքում, իսկ վերջինից ժողովրդավարությամբ եւ ազատություններով առաջ լինելու հանգամանքը, բնականաբար, միշտ էլ էական նշանակություն է ունեցել Արցախի համար: Այս տարի, սակայն, Արցախն Ադրբեջանի հետ նույն շարքում է:

 

«Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցը Ղարաբաղում տարբեր կերպ են մեկնաբանում: Բնականաբար, իշխանամետ շրջանակներում չեն ընդունում այդ գնահատականը»,- այսօր հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Ըստ նրա, Ղարաբաղում նույնիսկ հարցեր են բարձրացնում` արդյո՞ք այս կազմակերպության անդամները եղել են Արցախում, իրենց սեփակա՞ն դիտարկումների վրա են տվել գնահատականը եւ ի՞նչ չափանիշներով են առաջնորդվել:

 

Վերլուծաբանը նկատում է, որ նախորդ տարիներին նման կասկածներ ու կարծիքներ չեն հնչել, այսինքն, ստացվում է, որ եթե այս կամ այն միջազգային կազմակերպության կարծիքը բարենպաստ է մեզ համար, հարց չկա, եթե բարենպաստ չէ, սկսում են հարցեր ծագել: «Ես էլ եմ գտնում, որ Ղարաբաղի ներկայիս վիճակը ավելի շատ մոտ է մասամբ ազատին, քան ոչ անազատին, բայց ինձ համար երկուսն էլ ամոթալի են: Ի՞նչն է խագարում ԼՂՀ իշխանություններին, որպեսզի ԼՂՀ-ն լինի ազատ երկիր: Մենք կարող էինք եւ պարտավոր էինք լինել ազատ երկիր, դրա համար բոլոր պայմանները կային: Սակայն 2007-ից ի վեր Արցախում հետընթաց է նկատվում ժողովրդավարության հարցում. ինձ համար մինչեւ հիմա անհասկանալի է միասնական թեկնածուի գաղափարը 2007 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, անհասկանալի է նաեւ բոլոր քաղաքական ուժերը մի տանիքի տակ հավաքելը, իրական ընդդիմության` ՀՅԴ եւ «Շարժում - 88» դաշինքի միանալը իշխանությանը, այս ամենը հարիր չէ ընդդիմությանը, եւ այսօր համազգային միասնականության գաղափարի տակ ստեղծվել է մի մթնոլորտ, որը բացառում է բանավեճն ու մրցակցությունը»,-ասաց Գեղամ Բաղդասարյանը` հավելելով, որ Ղարաբաղում չկա ընդդիմություն` կազմակերպված ընդդիմադիր քաղաքական ուժ. «Իշխանությունները թեեւ հեռու են այն գայթակղությունից, որ ընդդիմություն ձեւավորեն, բայց բարենպաստ պայմաններ չեն ստեղծում, որ ապահովվի քաղաքական բազմազանությունե: Վերլուծաբանը կարծում է, որ թե Հայաստանում, թե Ղարաբաղում իշխանությունների որակը չի համապատասխանում երկու հայկական պետականությունների եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների որակին եւ առաջարկում է փոխել ստեղծված դիսբալանսը: Սակայն, ըստ նրա, իշխանափոխությունը վերջին տարիներին եւ Ղարաբաղում, եւ Հայաստանում լինում է մի մոդելով, երբ իշխանությունը ձեռքից ձեռք է անցնում, մինչդեռ իշխանությունը ոչ թե պետք է ձեռքից ձեռք, այլ գլխից` գլուխ անցնի»: