կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-14 16:45
Հասարակություն

Գորիսում "մեծ ձուկ" է հայտնաբերվել` "գլխից բռնող" չկա՞

Գորիսում "մեծ ձուկ" է հայտնաբերվել` "գլխից բռնող" չկա՞

Երեւի բոլորս էլ հիշում ենք, երբ կառավարությունում խորհրդակցություններից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը հորդորեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե «մեծ ձկներին պետք է գլխից բռնել». ու հիմա բավականին հետարքիր պատկեր է ստացվում` այս տեսանկյունից հայաստանյան իրականությանը նայելիս.

 

«Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն հոկտեմբերի 12-ին իր կայք-էջում տեղեկատվություն հրապարակեց, ըստ որի`Գորիս քաղաքում քաղաքային համայնքի կողմից հայտարարված վերանորոգման, բարեկարգման աշխատանքների` միանգամից 5 մրցույթ շահել է միեւնույն «Գորեր» ՍՊԸ-ն: ՀԿ-ն, www.gnumner.am կայքին հղում կատարելով, նշում է այդ մրցույթները, պահանջվող աշխատանքներն ու հատկավող գումարները. ըստ այդմ`

 

- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Աշոտի և Սյունիքի փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքներ գինը` 3 մլն 797 հազ.դրամ, մրցույթը շահած կազմակերպություն ` «Գորեր» ՍՊԸ

 

- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Տաթևացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգման՝ լուսավորության, ոռոգման և ջրավազանի շատրվանի հիմնանորոգման աշխատանքներ, իրականացման վերջնաժամկետը 31.10.2013թ., գինը` 12 մլն 348 000 դրամ, մրցույթը շահող կազմակերպություն` «Գորեր» ՍՊԸ

 

- Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների Ա/Բ ծածկի փոսային նորոգման աշխատանքներ , գինը` 19 մլն. 30 հազ.դրամ, մրցույթը շահողը` «Գորեր» ՍՊԸ

 

- Գորիս քաղաքի Ղաթրինի Ձոր և Սաթյան 2-րդ նրբանցքի հեղեղատարների վերջնամասերի կառուցման աշխատանքներ, գինը`3 մլն 323 հազ դրամ, մրցույթը շահող` «Գորեր» ՍՊԸ

 

- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Նարեկացի ու Մամիկոնյան խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և Մ. Խորենացի փողոցում սելավատարին միացման աշխատանքների ձեռքբերում գինը՝ 1 656 980 դրամ, մրցույթը շահող՝ «Գորեր» ՍՊԸ

 

Այս ՍՊԸ-ի հիմնադիրը, ինչպես տեղեկացնում է «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն, ըստ կազմակերպությունների գրանցման ռեգիստրի` Գորիսի ներկայիս քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն է:

 

Երեւի բոլորս էլի շատ լավ հիշում ենք, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս հունիսի 29-ին, երբ կառավարությանն ու պետական գերատեսչություններին հրավիրել էր իր մոտ ու քննարկում էր տարբեր ու տարաբնույթ հարցեր, իսկ ավելի կոնկրետ` երբ հրապարակավ ՎՊ-Կառավարություն առճակատման «հարցերն էր լուծում», այդ ժամանակ նշում էր, թե վերջին տարիներին իշխանություններին հաջողվել է բավականին ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը, և այսօր որևէ մեկը, ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր ետևից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու: Նախագահը նշում էր առաջընթացի մասին, նաեւ գնումների կազմակերպման գործընթացի կանոնակարգման եւ տեխնիկական-կազմակերպչական հարցերում:

 

«Այո', հիմնական սխեմաները, որոնք աշխատել են տարիներ շարունակ և, եթե ազնիվ լինենք, պետք է ասենք՝ տասնամյակներ շարունակ, բոլորիս հայտնի են: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գերատեսչությունների կողմից իրականացվող մրցույթները շահում են նույն կազմակերպությունները կամ նույն մարդիկ, ովքեր կանգնած են այդ կազմակերպությունների հետևում: Տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական գնումներով ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ավելի թանկ են, քան դրանք առկա են շուկայում: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ մրցույթները շահում են կազմակերպություններ և մարդիկ, ովքեր առնչություն չունեն տվյալ ոլորտների հետ: Շինարարական մրցույթները շահում էին, հիմա էլ շահում են մարդիկ, ովքեր շինարարության հետ կապ չունեն: Այնուհետև այդ աշխատանքները ինչ-ինչ պայմաններով ստիպված են լինում կատարել ուրիշների միջոցով(խոսքս դասական եղանակներին չի վերաբերում)»,- այդ հանդիպման ժամանակ բառացիորեն ասաց Սերժ Սարգսյանը:

 

Կարծես նախագահի նշած  կետերը համընկնում են Գորիսում «Գորեր» ՍՊԸ-ի կողմից միանգամից հինգ տարբեր մրցույթներում «հաղթելու» երեւույթի հետ ,ու արդեն հարց է առաջանում` «Գորեր» ՍՊԸ-ն մտնո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանի հիշատակած «Մեծ ձկների» չափանիշների սահմանների մեջ, ու նրա «գլխի՞ց պետք է բռնել», թե՞, այնուամենայնիվ, մանրաձկնիկ է, ու պոչից բռնելով էլ կարելի է բավարարվել:

 

Չնայած` այս դեպքում նա, միգուցե, մանրաձուկ էլ չէ. մանավանդ եթե համեմատենք Արագածոտնի մարզպետի «հրաշագործությունների» հետ:

 

Ի դեպ` Արագածոտնի մարզպետին կանդրադառնանք շուտով:

Ներկայացնում ենք Էլեկտրոնային ռեգիստրի լուսանկարը, որը ցույց են տալիս, թե ով է "Գորեր" ՍՊԸ-ի հիմնադիրը. լուսանկարը վերցված է «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի կայքից.