կարևոր
3205 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 11:25
Քաղաքական

Հիվանդ գլխից՝ առողջի վրա. ում ենք ընտրել, ումից ենք պահանջում. «Փաստ»

Հիվանդ գլխից՝ առողջի վրա. ում ենք ընտրել, ումից ենք պահանջում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Իրադարձությունները պարզ ցույց են տալիս, որ իշխանությունները Հայաստանը տանում են դեպի նոր կապիտուլյացիա։ Պատահական չէ, որ նրանք բացահայտ հայտարարում են, թե հրաժարվում են Արցախից, դրա համար էլ իրենց կողմից օգտագործվող բառապաշարում այլևս ոչ մի խոսք չկա արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։ Մյուս կողմից էլ հարցականի տակ է դրված Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ երկու փուլով ադրբեջանական զինված ուժերը ներխուժել և սահմանի երկայնքով օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը։ Ընդ որում, ոչ միայն որևէ ազդանշան չկա, որ ադրբեջանական զորքերը կարող են դուրս գալ ՀՀ տարածքից, այլև պահպանվում է այն հավանականությունը, որ հակառորդն ինչ-որ մի փուլի կարող է ավելի խորանալ մեր ինքնիշխան տարածքում։

Մինչ վերահաս վտանգները շարունակում են ահագնանալ, իշխանությունները շարունակաբար խոսում են խաղաղության օրակարգի և խաղաղության պայմանագրի կնքման հրատապության մասին: Ու այս իրավիճակում հանրային որոշ շրջանակներ, քննարկելով ելքեր փնտրելու թեման, հանկարծ փորձում են սլաքներ ուղղել ընդդիմության ուղղությամբ՝ իշխանափոխություն անելու, ապաշնորհ իշխանություններին հեռացնելու, երկիրը նոր կապիտուլ յացիայից փրկելու և նման այլ պահանջներով։ Այո, ընդդիմությունն իրոք անելիք ունի, բայց, ուզենք, թե չուզենք, վերջին երկու ընտրությունների ժամանակ քաղաքացիների մեծամասնությունն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն, տրամաբանորեն ներկայիս վիճակի հասցեատերը հենց գործող իշխանությունն է՝ Փաշինյանի գլխավորությամբ: Ուրեմն, անկախ նրանից՝ ով է ընտրել, ով չի ընտրել, ընտրվել է այս իշխանությունը, և ամբողջ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են, և բոլոր հարցերի «սպրոսն» էլ նրանցից է։

Առավել ևս, որ հենց նրանք են եփել ներկայի «շիլան», ու նրանց էլ պետք է ստիպել ելքեր գտնել ու հանգուցալուծել իրավիճակը։ Իսկ եթե ի վիճակի չեն, անկարող են կամ չեն ցանկանում երկիրը դուրս բերել անդունդից, ապա հանրության մեծամասնությունն ինչպես ընտրել է նրանց, այդպես էլ պետք է նույն հաջողությամբ նրանց պարտադրի հեռանալ։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինս ինչ գործիքակազմ ունի, փորձում է դրանք կիրառել։ Կարելի՞ է ավելի լավ անել այդ ամենը: Իհարկե: Այդ դեպքում կարելի է հուշել, օգտակար լինել, միանալ, ավելացնել, բայց ոչ թե, ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եթե հանրությունն իրապես ցանկություն ունի իշխանափոխության հասնել, ապա պետք է միանա ընդդիմության պայքարին կամ ընդդիմությանը մղի նոր հավաքների անցկացմանը, պայքարի ակտիվացմանը ու մասնակցի դրանց, ակտիվորեն, անվերապահորեն։

Մյուս կողմից՝ ընդդիմությունն օգտագործում է ոչ միայն փողոցային պայքարի ճանապարհը, այլև խորհրդարանական ամբիոնը, նաև արտաքին դաշտում իր ունեցած հնարավորությունները իրավիճակի վրա ազդելու և Հայաստանի շահերն առաջ տանելու հարցում։ Օրինակ՝ «դրսում» ընդդիմությունն օգտագործում է իր ունեցած բոլոր լծակներն ու կապերը, որպեսզի Հայաստանին ու Արցախին աջակցող բանաձևեր ու որոշումներ ընդունվեն, իսկ մինչ այդ իշխանական պատգամավորները անիմաստ գործուղումների են գնում և առատորեն վայելում պարգևավճարները։ Բայց, կրկնում ենք, ընդդիմությունը կարող է անել այնքան, որքան գործիքակազմ ունի: Եթե, օրինակ՝ ադրբեջանցիները փակում են Լաչինի միջանցքը, այդ դեպքում ընդդիմությունն ի՞նչ կարող է անել: Մի խոսքով, պահանջի հասցեատերը իշխանություններն են՝ կա՛մ գործ անել, կա՛մ հեռանալ։

Այնինչ. իշխանավորներն այս օրերին ավելի «լուրջ» գործերով են զբաղված։ Օրինակ՝ նրանք մանկական Եվրատեսիլի կազմակերպման հարցերով են տարված, քաղաքի շենքերն են զարդարում կամ էլ դատարկ փիառ -արշավներ են ձեռնարկում։ Մեր քաղաքացիները պետք է իրենք իրենց հարց տան, թե արդյո՞ք այսպիսի իշխանություններ են ցանկանում ունենալ, երբ նրանցից յուրաքանչյուրը պարզապես վայելում է իր կարգավիճակը, այնինչ մեր ցանկացած բնակավայր, ցանկացած քաղաքացի կարող է հայտնվել թշնամու սպառնալիքի ներքո ու մնալ առանց պաշտպանության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում