կարևոր
4807 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-03 13:04
Աշխարհ

Ալիևը շահագրգռված չէ փարատելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հետ կապված մտահոգությունները. Ֆրենկ Փալոն

Ալիևը շահագրգռված չէ փարատելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հետ կապված մտահոգությունները. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։

«Հուլիսի 29-ին ադրբեջանական զինուժը ձերբակալել է արցախցի մի քաղաքացու, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվում էր Հայաստան` բուժման նպատակով։ Նրանք` [ադրբեջանական կողմը] անհիմն պնդում են, թե նա պատերազմական հանցագործ է եղել 1991-ի Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ՝ այսպիսով, վտանգավոր նախադեպ ստեղծելով մյուս բոլոր հայերի համար, ովքեր մասնակցել են երկու պատերազմներին:

Մարդու իրավունքների այս խախտումը տեղի է ունենում օգոստոսի 1-ին Սլովակիայի [մայրաքաղաք] Բրատիսլավայում կայանալիք Արցախի (Լեռնային Ղարաբաղ - խմբ.) ղեկավարության հետ ծրագրված բանակցություններից Ալիևի ռեժիմի դուրս գալուց մի քանի օր անց»,- մասնավորապես, հայտարարել է Փալոնը։

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, ըստ հայկական հանձնախմբի համանախագահի, Ալիևի գործողությունները շարունակում են վկայել, որ նա շահագրգռված չէ փարատելու Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և ապահովության հետ կապված մտահոգությունները, որոնք անհրաժեշտ պայման են տևական խաղաղ կարգավորման համար:

«Փոխարենը, նա շարունակում է սաբոտաժի ենթարկել բանակցությունները և կիրառում է ճնշման մարտավարություն՝ հույս ունենալով սովամահ անել մարդկանց իրենց պատմական հայրենիքներում կամ ստիպել նրանց ենթարկվել իր դաժան իշխանությանը»,- ընդգծել է Փալոնը:

Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ստանան պարեն, բժշկական պարագաներ և էներգակիրներ։

«Սա միջազգային իրավունքի խախտում է, և Ալիևի վարչակարգի կողմից [իրականացվող] էթնիկ զտումների ակնհայտ արշավ։ Միջազգային հանրությունը, ներառյալ` Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը, կարող են և պետք է հստակ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու այս հումանիտար ճգնաժամի հետագա խորացումը։ Կոչ եմ անում պետքարտուղարությանը օգտագործել առկա դիվանագիտական բոլոր գործիքները, ներառյալ` պատժամիջոցները, այս շրջափակմանը վերջ դնելու համար»,- եզրափակել է կոնգրեսականը: