կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-25 17:24
Քաղաքական

ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունն իր մտահոգությունները հնչեցրել է հարցերի միջոցով

ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունն իր մտահոգությունները հնչեցրել է հարցերի միջոցով

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն այսօր խորհրդարանում լրագրողներին մանրամասներ ներկայացրեցին նոյեմբերի 18-21-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած` ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի ընթացքում մեր պատվիրակությունը մասնակցել է բոլոր հարցերի քննարկմանը, նստաշրջանի ընթացքում ընդունվել է վեց բանաձև, քննարկվել և հավանության է արժանացել 16 զեկույց: Նշենք, որ բանաձևերը վերաբերել են ԴԱԻՇ-ի չեզոքացմանը, Աֆղանստանում միջազգային աջակցության պահպանմանը, պետության ներսում ահաբեկչության համաձայնեցված արձագանքին և այլն:

Նահապետյանի խոսքով՝ ԱԺ հայաստանյան պատվիրակներն ակտիվ մասնակցություն են ունեցել և հնչեցրել բազմաթիվ հարցադրումներ, ներկայացվել են մեկնաբանություններ քննարկվող բոլոր հարցերի շուրջ: «Այս նստաշրջանի ընթացքում ելույթներով հանդես են եկել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձինք` արտաքին գործերի նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, արդարադատության նախարարը, և ելույթներին անմիջապես հաջորդել է հարցուպատասխանը: Մեր պատվիրակներն իրենց հարցադրումներում ներկայացրել են իրենց մտահոգությունները, մեկնաբանություններ են արել: Այստեղ կար մի առանձնահատկություն՝ հարցուպատասխանի ձևով էր ընթանում նիստը, և մենք հնարավորություն չենք ունեցել ելույթներ ունենալու: Դա նախատեսված է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի կանոնակարգով, և միայն հարցուպատասխանի միջոցով է հնարավոր որոշակի հարցադրումներ հնչեցնել»,- ասաց Նահապետյանը՝ պարզաբանելով, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նստաշրջանների շրջանակում հյուրընկալող պետության բարձրաստիճան պաշտոնյանները, որպես կանոն, հնարավորություն են ունենում հանդես գալու ելույթներով: «Նաև հրավիրվում են այլ ճանաչված վերլուծաբաններ, փորձագետներ, ովքեր առանձին թեմաներով են հանդես գալիս»,- ասաց նա:

Նահապետյաը նշեց նաև, որ այս նստաշրջանի ընթացքում ընտրվել է նաև ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նոր նախագահ` Իտալիայի պատվիրակ Պաուլո Ալին, որի հետ բավականին արդյունավետ համագործակցության փորձ կա: