կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 22:35
Աշխարհ

Մոսկվայի օդանավակայանի պայթյունի գործում մահապարտ կին է հայտնվել

Մոսկվայի օդանավակայանի պայթյունի գործում մահապարտ կին է հայտնվել

«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կատարողը, ականատեսների վկայությամբ, կին է: ԶԼՄ-ների տվյալներով, ահաբեկիչը պայթուցիկ սարքը բերել է ձեռքի ուղեբեռում:

 

Ինչպես պատմել է փրկված ականատեսներից մեկը, որը գտնվել է էպիկենտրոնից ոչ հեռու, տեսել է, թե ինչպես է «պայթել ամբողջովին սեւ, փարաջայի նման հագուստով կնոջ ուղեբեռը»: Ականատեսեը նաեւ նկատել է, որ կնոջ գլխին խիջաբի նման գլխանոց է եղել: Ելնելով ցուցմունքներից` պայթուցիկ սարքը եղել է պայուսակում կամ ճամպրուկում, որը պայթյունի պահին դրված է եղել կնոջ կողքին:

 

Զոհվածների թվում կնոջ դին չի հայտնաբերվել: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ:

 

Ավելի վաղ հայտնվել էր, թե պայթյունն իրականացրել է կովկասյան արտաքինով մահապարտ ահաբեկիչը: Նրա գլուխը հայտնաբերվել էր պայթյունի վայրում: Տեսքից 30-35 տարեկան է: Այնուհետեւ տեղեկություն եղավ, թե նա, հավանաբար, համախոհ է ունեցել: Հայտնի է դարձել նաեւ մահապարտի վերջին արտահայտությունը. ըստ Россия 24 հեռուստաալիքի (որը հղում է արել ականատեսներին)` նա բղավել է. «Ես բոլորիդ կսպանեմ»:

 

Վերջին տվյալներով, զոհվել է 35 մարդ, 110-ը հոսպիտալացվել են, նրանցից 4-ը գտնվում են շատ ծանր, իսկ 39-ը` ծանր վիճակում: Հրապարակվել է ահաբեկչության զոհերի նախնական ցուցակը, որում 26 ազգանուն կա: Զոհվածների թվում, ում անուններն արդեն հայտնի են, առնվազն 6 արտասահմանցի կա. Մեծ Բրիտանիայի 2 հպատակ, Գերմանիայի 1 քաղաքացի, ինչպես նաեւ Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ղրղստանի քաղաքացիներ: Ահաբեկչության փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ Քր.օր-ի երեք հոդվածներով, այդ թվում` «Ահաբեկչություն» հոդվածով:

 

Հունվարի 24–ի գիշերը ՌԴ անվտանգության դաշնային բյուրոյում տեղյակ են եղել պատրաստվող ահաբեկչության մասին, իսկ թե որտեղ էր դա տեղի ունենալու` բյուրոյում տեղյակ չէին: Ահաբեկչին ուժայինները փնտրել են, ստուգել է հնարավոր ահաբեկության եւ մահապարտ ահաբեկչի մասին տեղեկությունը։ Росбалт-ի հաղորդմամբ՝ պարզվում է, որ ահաբեկչին փնտրել են, ոչ թե «Դոմոդեդովո» օդանավակայանում, այլ Զելենոգրադում։ Որոնումները, բնականաբար, արդյունք չեն տվել։

 

Հիշեցնենք, որ պայթյունը «Դոմոդեդովոե օդակայանի ինքնաթիռի ժամանման սրահի գոտում տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 16։30–ին։ Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի մոտ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները։