կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-11 05:47
Արցախ

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմի մեջ էր մտնում: 1988 թվականին Ղարաբաղի հայերը, որոնք կազմում էին տեղական բնակչության մեծամասնությունը, դիմեցին խորհրդային իշխանություններին` Հայաստանին միանալու նպատակով: Արդյունքում` Բաքվում եւ Ադրբեջանի այլ հատվածներում ազգամիջյան բախումներ սկսվեցին` նախանշելով Խորհրդային Միության անկումը:

 

Լեռնային Ղարաբաղում կանայք մասնակցում էին պաշտպանական գործողություններին, իսկ ոմանք տղամարդկանց հետ միասին կռվում էին ճակատում: Մարգարիտա Թառանյանը, շատերի նման, բուժքույր է եղել 1992-94 թվականներին: «Միչեւ հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես կարողացանք փրկվել: Չեմ կարողանում հավատալ, որ այդ բոլոր սարսափելի ու ցուրտ օրերից հետո կարողացել եմ պահպանել առողջությունս», - պատմում է պատերազմի վետերանը:

 

Բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող Մարգարիտան ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի մայոր է եւ աշխատում է պաշտպանության շտաբում: Եւ եթե նախկինում ուսերիզներով կանանց հազվադեպ կարելի էր տեսնել Ղարաբաղում, ապա այժմ`պատերազմից հետո, դա սովորական երեւույթ է, չնայած նրանք այլեւս ռազմաճակատ չեն գնում: «Այնպիսի տղաներ զոհվեցին, մեկը մյուսից լավը: Բա աղջիկները…», - արցունքներն աչքերին պատմում է Թառանյանը` վերհիշելով, թե ինչպես էր մարտի ժամանակ սպանվել նրա ընկերուհին` նույնպես Մարգարիտա անունով, ում մարմինը տանելու համար ստիպված էին եղել սպասել մութն ընկելուն:

 

Պատերազմին մասնակցած տղամարդկանց խոսքերով` հրադադարից հետո կանայք այդպես էլ չվերադարձան իրենց ավանդական կարգավիճակին: «Լեռնային Ղարաբաղի անկախության շարժման» ակտիվիստ Գագիկ Ավանեսյանի խոսքով` կանանց ցուցաբերած աջակցությունը պատերազմի տարիներին շատ մեծ նշանակություն է ունեցել. նրանք արյուն էին հանձնում վիրավորների համար, ուտելիք էին պատրաստում, առաջին բժշկական օգնություն ցուցաբերում: «Իհարկե, այսօր ոչ թե պատերազմի վետերաններն են ակտիվ, այլ ավելի երիտասարդ կանայք: Այնպիսի տպավորություն է, թե երիտասարդներն ավելի պասիվ են դարձել, եւ հաճախ կանայք են իրենց վրա պատասխանատվությունը վերցնում», - ասում է Ավանեսյանը:

 

Սակայն պատերազմի սարսափներն ու բռնությունները չէին կարող անհետեւանք մնալ կանանց համար: Վետերաններից շատերը չեն կարողացել համապատասխան հոգեբանական օգնություն ստանալ (Տես` http://iwpr.net/report-news/mental-scars-karabakh-war-veterans) պատերազմի սարսափները հաղթահարելու համար, իսկ հակամարտության տարիներին բուժքրոջ պարտականություններ կատարող կանայք հաճախ անգամ նվազագույն օգնություն չեն ստանում:

 

«Թվում է` այն ժամանակ պետք է վախենայի: Ի վերջո, թույլ սեռի ներկայացուցիչներ ենք: Բայց ընդհանրապես վախ չեմ զգացել: Այնքան զոհեր ու վիրավորներ են եղել, եւ գիտակցում էի, որ հաջորդը կարող եմ ես լինել, բայց այնպիսի զգացում ունեի, որ ապրելու եմ», - պատմում է Մարտակերտի բնակչուհի Անահիտ Պետրոսյանը: Նա երկու երեխա ունի եւ շարունակում է բուժքրոջ աշխատանքը ռազմական հոսպիտալում: «Վախը հետո զգացի: Պատերազմից հետո պատմում էի մեկին այն սարսափների մասին, որոնց միջով անցել եմ. հենց այն ժամանակ էլ անբացատրելի վախ սողոսկեց սիրտս»:

 

Այնուամենայնիվ, ղարաբաղյան կանայք ասում են, որ պատերազմն իրենց ավելի տոկուն է դարձրել, եւ որ հասարակությունն անվերադարձ փոխվել է: «Պատերազմը մեզ` կանանց շատ է կոփել: Մենք այնպիսի բաների միջով ենք անցել, որ եթե պահանջվեր տրակտորով Մարս թռչել, դա էլ կանեինք», - ասում է Ջուլիետտա Առուստամյանը, պատերազմի ժամանակ զոհված սպայի այրին, ով ներկայում ղեկավարում է «Հարմոնիա» ՀԿ-ն, որը զբաղվում է կանանց համար մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:

 

Կարինե Օհանյան

Անահիտ Դանիելյան