«Սթար» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը զգուշացնում է, որ Ամանորից հետո որոշ ապրանքատեսակներ կարող են ընդհանրապես չլինել խանութների վաճառադարակներին: «Պետությունը հնարավորինս փորձում է զսպել գնաճը, սակայն դա կարող է հանգեցնել ավելի վատ հետեւանքների. այն շուկաներում, որտեղ գների զսպումը տնտեսապես հիմնավորված չէ, գոյանում է ապրանքների դեֆիցիտ, ինչի արդյունքում երկիրը կարող է հայտնվել պարենային դեֆիցիտի իրավիճակում: ...Պետք է այնպես անել, որ զարգանա տեղական արտադրությունը, բարձրանա արտադրողականության մակարդակը։ Դրա համար պետք է թույլ տալ, որ Հայաստանում ներդրումներ կատարվեն։ Թույլ տալ ասելով` ես նկատի ունեմ մեր ֆինանսական համակարգը, որը գտնվում է գերիրացվելի վիճակում։ Բոլոր բանկերն ունեն շատ ազատ միջոցներ, մինչդեռ երկրում առկա է կանխիկ դրամի խիստ դեֆիցիտ։ Բանկային համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, երբ նոր ծրագրերի կամ եղած ծրագրերի զարգացումը, արդիականացումը ֆինանսավորելու համար բավական դժվար է գտնել ֆինանսական միջոցներ։ Բավական է նայել, օրինակ, երկրի մրցունակության մասին տարեկան հրապարակվող զեկույցներին եւ տեսնել, որ Հայաստանում աշխատելու համար ամենամեծ խոչընդոտներից մեկը ֆինանսական միջոցներից օգտվելու բարդությունն է։ Կարծում եմ` դրա արդյունքում մենք լուրջ վնասներ ենք կրում ՀՆԱ-ի մասով։ Մենք շփվում ենք թե՜ սննդամթերք արտադրող, թե՜ ներկրող ընկերությունների հետ, եւ հստակ կարող եմ ասել, որ եթե բանկային համակարգը լիներ ավելի բաց, ապա մեր ՀՆԱ-ի աճը կլիներ հարեւան երկրների ցուցանիշից ոչ պակաս։ Եթե խոսենք ԿԲ-ի կողմից գնաճի զսպմանն ուղղված քայլերի մասին, ապա, օրինակ, 5-դրամանոցի վերադարձը կարող է էապես մեղմել գնաճը։ Մենք` որպես մանրածախ խոշորագույն ցանց, մեծ հաճույքով կընդունենք այդ փաստը, եւ դրա արդյունքում որոշ գներ կիջնեին։ Շատ հաճախ թե՜ արտադրողները, թե՜ ներկրողները, թե՜ մանրածախ ցանցերը կատարում են գների կլորացում, եւ սովորաբար դա կատարվում է դեպի վերեւ։ Մենք ունենք գնագոյացման կանոններ, եւ սովորաբար արգելվում է սահմանել գներ, որոնք վերջանում են 5-ով: Հետեւաբար մենք կլորացնում ենք գները։ Բայց քանի որ խոսում ենք գնաճի, այլ ոչ թե դեֆլյացիայի մասին, ապա ակնհայտ է, որ 5-դրամանոցի վերադարձը շրջանառություն իր դերակատարությունը կունենա գնաճի մեղմման գործում։ Մանր դրամանոցների առկայությունը կարող է նպաստել ավելի արդար գնագոյացմանը»,- «Կապիտալի» հետ զրույցում ասում է «Սթար» առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: