ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովում երեկ քննարկում էին երկրի հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի` պետբյուջեի մասին օրենքի նախագիծը: Պատգամավորներից մեկը կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետին խնդրեց պարզաբանել հասարակության շրջանում վերջերս քննարկվող այն լուրը, թե էլեկտրաէներգիայի սակագները շուտով կիջեցվեն:
Սակագնի փոփոխություն չի սպասվում, նշեց վարչության պետ Կառլեն Պետրոսյանը, ով սակայն չբացառեց հետագայում սակագնի, իր որակմամբ` սիմվոլիկ աճը:
Անդրադառնալով ոլորտում իրականացվող աշխատանքներին, Կառլեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ Թրղե-1 հիդրոէլեկտրակայանն արդեն շահագործման է հանձնվել, իսկ 2011թ. կհանձնվեն նաեւ Թրղե-2, Մատաղիս-1 եւ Մատաղիս-2 հիդրոէլեկտրակայանները: Հաջորդ տարի կսկսվեն նաեւ Թրղե-3 ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Այս ՀԷԿ-ի նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են: