Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թ. ապրիլյան առճակատման ընթացքում հակառակորդի կողմից թիրախավորված և մեծ վնասներ կրած Թալիշում շուտով կսկսվի նոր դպրոցի, մանկապարտեզի, համայնքային կենտրոնի, բուժկետի և տների կառուցման ծրագիրը: Այս մասին երեկ Արցախում լրագրողներին հայտնեց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը` խոսելով Թալիշի վերակառուցման ծրագրի մասին:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք դեռ գործում են թալիշցիներին տրվող արտոնությունները, վարչապետը պատասխանեց. «Թալիշցիների համար բազմաթիվ արտոնություններ են սահմանված, այդ թվում` կրթության, սոցիալական ոլորտներում: Մեկ-երկու տարի նրանց կոմունալ ծառայությունների համար տրվող արտոնությունները կպահպանվեն, մինչեւ վերջնական որոշում կլինի»:
Նրա խոսքով` ինչ խնդիրներ բարձրացնում են թալիշցիները, իրենք ամեն ինչ անում են` դրանք լուծելու համար: «Իհարկե, կարող են մեկ-երկու դեպքեր լինել, որ տեղական կամ շրջանային իշխանության կողմից չի բարձրացվել՝ ինչ-ինչ պատճառներով, բայց ցանկացած խնդիր, որ բարձրացվում է թալիշցիների կողմից, տեղում լուծումը տալիս ենք»,- ասաց Հարությունյանը:
Արցախի վարչապետի խոսքով` թալիշցիներն են որոշելու` իրենք որտեղ ապրեն: «Հակառակորդը թիրախավորել էր Թալիշը՝ ինչ-որ հաշվարկներից ելնելով: Սա է մեր ճակատագիրը, եւ մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հաճախակի պրովոկացիաներ կարող են լինել: Մենք ենք ընտրել այս ճակատագիրը, որի համար հպարտ ենք, որի համար պատրաստ ենք պայքարել»:
Անդրադառնալով Թալիշում անվտանգության երաշխիքների ապահովմանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Մենք պետք է Թալիշում ուժեղացնենք անվտանգության համակարգը և նոր նրանց առաջարկենք այնտեղ բնակվելու տարբերակը: Նրանց համար պետք է ապահովենք բնակարանային արտակարգ պայմաններ, անվտանգության, սոցիալական երաշխիքներ, այս հարցերը պետք է լուծենք, հետո նոր նրանց առաջարկենք այնտեղ վերադառնալ»: