Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արկադի Տեր-Թադևոսյանն իր սպայական օրագրում «ողբերուգություն» է անվանել նոյեմբերի 19-ին բանակում տեղի ունեցած դեպքերը:
«Բանակն էլ հասարակության մի մասն է: Ինչ կատարվում է մեր հասարակությունում, այն էլ բանակում է լինում: Ի՞նչ է տեսնում մարդը այստեղ մինչև բանակ գնալը, ինչպե՞ս է պատրաստվում բանակ գնալուն, որ գնում է այնտեղ ու նման դեպքեր են լինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նրա կարծիքով` այնքան են բանդիտական ֆիլմեր նայում, որ բանակ հասնելուն պես, փորձում են իրենց «լիդեր» զգալ, ինչ-որ հարցեր «լուծել»:
Մյուս կողմից էլ` պետք է հրամանատարները զգոն, օրինապահ ու խիստ լինեն: Գեներալ-մայորի խոսքով` այդ միջադեպը կայծակնային կոնֆլիկտի արդյունք չէ, այլ այն աստիճանաբար հասունացել է: Իսկ մինչ պոռթկումը պետք է հրամանատարները կանխեին դա:
Մենք ժառանգել ենք սովետական բանակի ավանդույթները` իրենց լավ ու վատ կողմերով: Վատ կողմերից մեկը ամեն ինչ փակ պահելն է: Հրամանատարները իրենց աշխատանքի թերությունները թաքցնում են, որովհետև գիտեն, դրանց համար նկատողություն են ստանալու:
Այնինչ` Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով, եթե աշխատում ես, ապա թերություններ էլ պետք է լինեն, չաշխատելու դեպքում դրանք չկան:
Պետք է վերջ տալ «дедовшина»-ին, ինչպես արվել է գերմանական, իսրաելական բանակում:
Գեներալ-մայորի խոսքով` իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է, որպեսզի զինվորները հոգեբանորեն հարմարվեն զինվորական կյանքին: Պետք է գոնե վեց ամիս աշխատանք տարվի այս ուղղությամբ: Պետք է զինվորը կապի մեջ լինի իր ծնողների ու բարեկամների հետ. ինչն արդեն իսկ որոշակիորեն լուծված հարց է:
Մեծ ուշադրություն պետք է դարձվի այն հանգամանքին, թե ինչպես է զինվորն անցկացնում իր ազատ ժամանակը: Բացի «Հայ զինվոր» թերթը կարդալը, զինվորը պետք է նաև այլ գրքեր կարդա, մարզվի, ֆիլմեր նայի. «Զորամասը պետք է ունենա շքեղ գրադարան, շքեղ կինոդահալիճ, սպորտդահլիճ և այլն: Բանակից մարդը պետք է ուժեղ տղամարդ վերդառնա: Պատերազմի ժամանակ միայն զենքով չեն հաղթում, մարդկային գործոնն է շատ կարևոր»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, ժամը՝ 24-ի սահմաններում ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի էր ունեցել արտակարգ պատահար, որի պատճառով չորս զինվոր զոհվել էր, չորսը վիրավորվել: