կարևոր
511 դիտում, 59 րոպե առաջ - 2026-11-04 11:47
Քաղաքական

Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականությո՞ւն, թե՞ պատմական հիշողություն․ Արամ Շահնազարյան

Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականությո՞ւն, թե՞ պատմական հիշողություն․ Արամ Շահնազարյան

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ու տարածության սահմաններից։ Դրանք ապրում են ժողովուրդների հավաքական հիշողության մեջ՝ սերունդներին կապելով անցյալի, ներկայի և ապագայի հետ։ Հայ ժողովրդի համար այդպիսի խորհրդանիշ է Արարատը։ Հայոց հավաքական հիշողության մեջ այն մարմնավորում է պատմական հայրենիքի պատկերը, նպաստում սերունդների միջև պատմական և մշակութային կապերի պահպանմանն ու փոխանցմանը, կրում հայրենազրկման ու կորստի հիշողությունը և արտահայտում ազգային ինքնագիտակցությունը։

Ուստի Հայաստանի քաղաքական դաշտում Արարատի շուրջ ծավալվող բանավեճը չի կարելի դիտարկել սոսկ որպես ազգային խորհրդանիշի նշանակության շուրջ տարակարծություն։ Այն բարձրացնում է առավել հիմնարար հարցեր. ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը համադրում պետական շահերն ու պատմական ժառանգությունը, ի՞նչ դեր է վերապահում ժողովրդի հավաքական հիշողությանը ապագայի իր տեսլականում, և արդյո՞ք պետական շահերի պաշտպանությունը պահանջում է հրաժարվել ազգային ինքնությունը մարմնավորող բաղադրիչներից։

Գործող իշխանությունների առաջ մղած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը նաև այս տեսանկյունից է պահանջում խորքային քննություն։ Պետականության ամրապնդումը, սահմանների և ինքնիշխանության պաշտպանությունը, անվտանգությունն ու խաղաղությունը, ինչ խոսք, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Սակայն միանգամայն այլ հարց է, թե այդ նպատակներին հասնելու համար անհրաժե՞շտ է արդյոք պատմական Հայաստանը հակադրել այսօրվա Հայաստանին, հայրենիքի հասկացությունը սահմանափակել բացառապես Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքով, իսկ ազգային հիշողության դրսևորումները ներկայացնել որպես պետականության ամրապնդմանը խոչընդոտող հանգամանքներ։

Այս հարցերի շուրջ ձևավորվող դիրքորոշումն էական նշանակություն ունի թե՛ հայոց պետականության ներկա ընթացքի, թե՛ դրա երկարաժամկետ կենսունակության համար։ Անշուշտ, պետությունը կարող է փոխել իր քաղաքական առաջնահերթությունները, վերանայել անցյալի իրադարձությունների շուրջ ձևավորված քաղաքական մոտեցումները և հարմարվել միջազգային իրողություններին։ Սակայն երբ քաղաքական նպատակահարմարությունը դառնում է ժողովրդի պատմական հիշողության վերաձևման հիմք, ծագում է սկզբունքային հարցը. ի՞նչ իրավունք ունի որևէ իշխանություն կամ քաղաքական ուժ որոշելու, թե ժողովրդի պատմական հիշողության որ շերտերն ու դրվագներն են պահպանվելու, որոնք՝ վերաիմաստավորվելու, իսկ որոնք՝ դուրս մղվելու հանրային գիտակցությունից։ Պատմական իրադարձությունների գիտական ուսումնասիրությունն ու վերաիմաստավորումը բնական և անհրաժեշտ գործընթացներ են, բայց դրանք չպետք է վերածվեն քաղաքական թելադրանքի գործիքի, իսկ պատմական հիշողության բովանդակությունը՝ տվյալ պահի իշխանության քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ընտրության առարկայի։

Պատմական հիշողությունը չի սահմանափակվում պետական սահմաններով

Պատմական հիշողությունը ժողովրդի ինքնաճանաչման կարևոր հիմքերից է։ Դրա միջոցով անցյալը պահպանվում է ոչ միայն որպես իրադարձությունների հաջորդականություն, այլև որպես հավաքական փորձ, արժեքային համակարգ և ազգային ինքնության գիտակցություն։ Հավաքական հիշողության և ազգային ինքնության փոխկապակցվածությունը լայնորեն ուսումնասիրվում է հասարակագիտական գրականության մեջ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անցյալի հանրային մեկնաբանությունները կարևոր դեր են խաղում ազգային ինքնության ձևավորման, պետության լեգիտիմացման և հասարակության՝ սեփական ապագայի մասին պատկերացումների կերտման գործում։

Հենց հավաքական հիշողության շնորհիվ է, որ ժողովուրդները շարունակում են պահպանել իրենց պատմական ժառանգության հետ կապը նույնիսկ այն ժամանակ, երբ պատերազմների, բռնագաղթերի, կայսրությունների փլուզման կամ սահմանների փոփոխության հետևանքով դրա կարևոր բաղադրիչները՝ պատմական բնակավայրերը, սրբավայրերն ու մշակութային կոթողները կամ ազգային խորհրդանիշները, հայտնվում են այլ պետությունների տարածքում։ Աշխարհաքաղաքական իրողությունները կարող են փոխել տարածքների քաղաքական պատկանելությունը, սակայն չեն կարող ինքնաբերաբար ջնջել այդ վայրերի հետ կապված պատմական հիշողությունը կամ վերացնել դրանց նշանակությունը ժողովրդի ազգային ինքնության համար։

Պետական սահմանները սահմանում են պետության ինքնիշխանության տարածական շրջանակը, սակայն դրանց փոփոխությունը չի վերացնում այդ տարածքներում գտնվող հուշարձանների, սրբավայրերի և մշակութային այլ արժեքների կապն այն ժողովրդի պատմության հետ, որի ժառանգության մասն են դրանք։

Կոսովոյում գտնվող սերբական միջնադարյան վանքերն ու եկեղեցիները դրա հստակ օրինակներից են։ Դեչանի և Գրաչանիցայի վանքերը, Պեչի պատրիարքարանը և Լևիշի Սուրբ Աստվածածին եկեղեցին սերբ ժողովրդի միջնադարյան պատմության, հոգևոր կյանքի և մշակութային ժառանգության կարևոր կոթողներ են։ Այս հուշարձանները գտնվում են Կոսովոյի տարածքում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են «Կոսովոյի միջնադարյան հուշարձաններ» անվամբ։ Այդուհանդերձ, դրանք շարունակում են մնալ սերբական պատմական հիշողության և մշակութային ժառանգության անբաժանելի մասը։

Պարթենոնի քանդակների շուրջ Հունաստանի և Մեծ Բրիտանիայի երկարամյա վեճը մեկ այլ օրինակ է։ Քանդակների զգալի մասը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում, մինչդեռ Հունաստանը պահանջում է դրանց վերադարձն Աթենք՝ Պարթենոնի պատմական ու մշակութային միջավայր։ Բրիտանական թանգարանի հոգաբարձուները, իրենց հերթին, պաշտպանում են քանդակները թանգարանի հավաքածուում պահելու և Լոնդոնում ցուցադրելու մոտեցումը՝ դրանք դիտարկելով որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս։ Այս վեճը վերաբերում է ոչ միայն մշակութային արժեքների գտնվելու վայրին և տնօրինմանը, այլև պատմական ժառանգության, դրա սկզբնական միջավայրի և ազգային հիշողության միջև կապի տարբեր ընկալումներին։

Կոսովոյի միջնադարյան հուշարձանների և Պարթենոնի քանդակների օրինակներն իրենց բնույթով տարբեր են։ Առաջին դեպքում պատմական կոթողները պահպանվել են իրենց պատմական միջավայրում, սակայն այսօր գտնվում են Կոսովոյի տարածքում, իսկ երկրորդ դեպքում մշակութային ժառանգության կարևոր մասը պահպանվում է այլ երկրի թանգարանում, և դրա վերադարձը դարձել է երկարատև վեճի առարկա։ Այդուհանդերձ, երկու օրինակներն էլ ցույց են տալիս մի կարևոր իրողություն. ժողովրդի պատմության և ինքնության հետ կապված մշակութային ժառանգությունը չի կորցնում իր նշանակությունը միայն այն պատճառով, որ դրա նյութական կրողները գտնվում են տվյալ ժողովրդի ազգային պետության ներկայիս սահմաններից դուրս։

Պատմամշակութային ժառանգության նշանակությունը և համապատասխան տարածքների նկատմամբ ներկայիս ինքնիշխանությունը տարբեր հարցեր են։ Ժողովրդի պատմական ու մշակութային կապը որոշակի վայրի հետ կարող է պահպանվել՝ անկախ այդ վայրի ներկայիս պետական պատկանելությունից։

Հայկական պատմական փորձի դեպքում այս իրողությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայ ժողովրդի պատմական հայրենիքի աշխարհագրությունը չի համընկնում Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմանների հետ։ Մեր պատմամշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով այսօր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, սակայն շարունակում են պահպանել իրենց նշանակությունը հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ։

Արարատը՝ ազգային հիշողության խորհրդանիշից մինչ պետական զինանշան

Հայ ժողովրդի պատմական գիտակցության մեջ Արարատը դարերի ընթացքում ձևավորված բազմաշերտ ազգային խորհրդանիշ է։ Նրա շուրջ միահյուսվել են աստվածաշնչյան ավանդույթը, պատմական հայրենիքի մասին պատկերացումները և ազգային ինքնության ու մշակութային շարունակականության գիտակցումը։

Արարատի՝ որպես ազգային խորհրդանիշի ընկալման կարևոր ակունքներից մեկը աստվածաշնչյան ավանդույթն է։ Ծննդոց գրքում Նոյյան տապանի հանգրվանը կապվում է «Արարատի լեռների» հետ։ Հայոց պատմամշակութային ավանդույթում Նոյյան տապանի և Արարատի կապը դարերի ընթացքում ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն՝ նպաստելով լեռան՝ որպես պատմական հիշողության և ազգային շարունակականության խորհրդանիշի ձևավորմանը։

Աստվածաշնչյան ծագումնաբանական ավանդույթն իր արտահայտությունն է գտել նաև հայ պատմագրության մեջ, մասնավորապես՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ։ Խորենացու մատուցմամբ՝ Հայկը սերում էր Նոյի որդի Հաբեթի տոհմից, և հայ ժողովրդի ծագման մասին պատումը ներկայացվում էր աստվածաշնչյան ազգաբանության շրջանակում։

Արարատը նաև աշխարհագրական ու մշակութային առումով կապված է պատմական Հայաստանի հետ, ինչն այն դարձրել է պատմական հայրենիքի մասին հայ ժողովրդի պատկերացումների կարևոր խորհրդանիշներից մեկը։

Այս պատմական ու մշակութային շերտերի միաձուլման արդյունքում Արարատը ձեռք է բերել բազմաշերտ խորհրդանշական իմաստ։ Բիբլիական լեռը դարձել է այն խորհրդանիշներից մեկը, որի միջոցով հայ ժողովուրդը ճանաչում ու իմաստավորում է իր պատմական հայրենիքի աշխարհագրությունը։ Հատկապես Հայոց ցեղասպանությունից, հայրենազրկումից և Սփյուռքի ձևավորումից հետո Արարատը ձեռք է բերել նաև կորստի հիշողությունն ու պատմական հայրենիքի հետ չխզվող հոգեմտավոր կապը մարմնավորող նշանակություն։

Արարատի խորհրդանշական նշանակությունն իր պետական արտահայտությունն է ստացել Հայաստանի Հանրապետության զինանշանում։ Հետևաբար դրա շուրջ ծավալվող բանավեճը դուրս է գալիս միայն պատմական հիշողության շրջանակից և անմիջականորեն առնչվում այն հարցին, թե ինչպես է ժամանակակից հայոց պետականությունը ներկայացնում իր պատմական ժառանգությունն ու կապը անցյալի հետ։

«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է 1992 թվականի ապրիլի 19-ին։ Ըստ դրա վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության՝ 1918–1920 թվականների զինանշանը, որի հեղինակներն էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ու նկարիչ Հակոբ Կոջոյանը։

Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս արքայական տոհմերի՝ Արտաշիսյանների, Արշակունիների, Բագրատունիների ու Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են առյուծն ու արծիվը, իսկ ներքևում պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Այս պատկերագրական համակարգը պատմական ժառանգության տարբեր շերտերը համադրում է ժամանակակից Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշի շրջանակում։

Զինանշանի այս կառուցվածքը կարևոր է ոչ միայն որպես պատկերագրական լուծում, այլև որպես պետականության մասին խորհրդանշական ուղերձ։ 1991 թվականին անկախությունը վերականգնած Հայաստանը իր պետական խորհրդանիշում տեղ հատկացրեց ինչպես Արարատին ու Նոյյան տապանին, այնպես էլ պատմական Հայաստանի պետական ավանդույթները ներկայացնող արքայական տոհմերին։ Այս ընտրությամբ ժամանակակից պետականությունը խորհրդանշական կապ հաստատեց նաև իր պատմական ժառանգության հետ։

Հատկանշական է, որ Արարատը, թեև ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում, պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանում։ Արարատի պատկերումն ինքնին չի կարող դիտվել որպես Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի արտահայտություն։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների ընդունումը չի ենթադրում այդ սահմաններից դուրս գտնվող պատմական վայրերի նշանակության ժխտում հայ ժողովրդի պատմության և մշակութային հիշողության մեջ կամ դրանց հետ ունեցած պատմական կապի անտեսում։ Հետևաբար Հայաստանի անվտանգության, խաղաղության և պետականության ամրապնդման անհրաժեշտությունը չի կարող ինքնին հիմք ծառայել Արարատի և ազգային մյուս խորհրդանիշների նշանակությունը նսեմացնելու համար։

Արարատի շուրջ ծավալվող բանավեճը չի կարելի դիտարկել սոսկ հուզական ընկալումների շրջանակում։ Դրա խորքում շատ ավելի հիմնարար հանրային-քաղաքական հարց է. ինչպե՞ս են ներկա քաղաքական գործընթացները հարաբերվում ժողովրդի պատմության, մշակութային ժառանգության և հավաքական հիշողության հետ։ Ավելի որոշակի՝ Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդումը պահանջո՞ւմ է արդյոք վերանայել ազգային ինքնության պատմական հիմքերը և սահմանափակել պատմական հիշողության ներկայությունը հանրային ու քաղաքական կյանքում, թե՞ հնարավոր է ամրապնդել պետականությունը՝ առանց պատմական ժառանգությունն ու ազգային խորհրդանիշները ներկա քաղաքական նպատակներին հակադրելու։

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը. պետականության ամրապնդման ուղի՞, թե՞ պատմական հիշողության վերաձևման փորձ

Հայաստանի գործող իշխանությունների առաջ քաշած «Իրական Հայաստանի» գաղափարախոսության քննադատությունը պետք է սկսել հենց նրանց հրապարակային ձևակերպումներից։ Հատկապես խոսուն է այն հանգամանքը, որ իշխանության խոսույթում պատմական Հայաստանի և «Իրական Հայաստանի» գաղափարական հակադրումը դարձել է պետականության և ազգային ինքնության վերաբերյալ ավելի ընդգրկուն հայեցակարգի հիմք։

2023 թվականի հունիսի 15-ին Ազգային ժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության պետական զինանշանին, հարց բարձրացրեց, թե ինչ կապ ունեն Արարատի ու Նոյյան տապանի պատկերները, ինչպես նաև պատմական հայկական արքայական տոհմերի զինանշանները 1991 թվականին անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության հետ։ Նույն շրջանակում նա նաև հռետորական հարց հնչեցրեց. «Իրական Հայաստա՞նը» պետք է ծառայի՞ պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը՝ «Իրական Հայաստանին»։

Առաջին հայացքից այդ հարցադրումը կարելի էր ընկալել որպես պատմական խորհրդանիշների նշանակությունը վերաիմաստավորելու առաջարկ։ Սակայն 2024 թվականի ապրիլի 10-ի ելույթում Փաշինյանն արդեն ավելի հստակ ներկայացրեց իր և կառավարության քաղաքական մոտեցումների փոփոխությունը՝ հայտարարելով, որ պատմական Հայաստանն ու «Իրական Հայաստանը» ոչ միայն անհամատեղելի են, այլև կարող են հակասության մեջ մտնել և լրջագույն սպառնալիք դառնալ միմյանց համար։ Այսպիսով, դրանց հարաբերությունը ներկայացվեց ոչ թե որպես պատմական ժառանգությունն ու ժամանակակից պետականությունը համադրելու խնդիր, այլ որպես ընտրություն՝ երկու միմյանց «բացառող» իրականությունների միջև։

2025 թվականի փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Իրական Հայաստանի գաղափարախոսության» նախագիծն այդ մոտեցմանը հաղորդեց առավել համակարգված բնույթ։ Փաստաթղթում «Իրական Հայաստանը» նույնացվում է Հայաստանի Հանրապետության հետ, որի տարածքը ներկայացվում է 29.743 քառակուսի կիլոմետր (ի տարբերություն 29.800 քառակուսի կիլոմետր ցուցանիշի, որը Փաշինյանն օգտագործել էր 2023 թվականի իր հրապարակային ելույթներում)։ Գաղափարախոսության նախագծում առանցքային տեղ են զբաղեցնում հայրենիքի և պետության նույնացումը, հայրենասիրության կապը պետության շահերի, սահմանադրորեն ամրագրված իրավունքների ու պարտականությունների հետ, ինչպես նաև պետության՝ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործառույթի ընդգծումը։

Այս մոտեցման հիմքում կա մի սկզբունք, որն ինքնին վիճարկելի չէ. պետությունը պետք է ծառայի իր քաղաքացիներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը, բարեկեցությունն ու արժանապատիվ կյանքի պայմանները։ Նույնքան բնական է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի հայ ժողովրդի ազգային պետությունը։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ այս սկզբունքները մեկնաբանվում են այնպես, թե հայրենիքի գաղափարը պետք է սահմանափակվի բացառապես պետության ներկայիս տարածքով, իսկ այդ սահմաններից դուրս գտնվող պատմական հայրենիքի հետ կապված հիշողությունն ու մշակութային կապերը սկսում են ներկայացվել որպես ներկա պետականությանն ու անվտանգությանը սպառնացող գործոններ։

Այս պարագայում առանցքային հարցն այն է, թե ինչ չափանիշներով են գնահատվում ժողովրդի պատմական հիշողության տարբեր շերտերն ու ազգային խորհրդանիշների նշանակությունը, և ինչ տեղ է հատկացվում դրանց՝ ժամանակակից հայոց պետականության մասին պատկերացումներում։ Երբ այդ գնահատականների հիմքում դրվում է իշխանության առաջ մղած քաղաքական հայեցակարգը, վտանգ է առաջանում, որ ժողովրդի պատմական հիշողության նկատմամբ վերաբերմունքը կարող է պայմանավորվել քաղաքական նպատակահարմարությամբ. որոշ պատմական իրողություններ ու խորհրդանիշներ կարժևորվեն, իսկ մյուսների նշանակությունը կնսեմացվի, կամ դրանք դուրս կմղվեն հանրային ու քաղաքական օրակարգից։

Այս խնդիրը հատկապես սուր է Սփյուռքի պարագայում, որտեղ հայապահպանության և ազգային ինքնության շարունակականության կարևոր նախապայմաններից մեկը պատմական հիշողության սերնդեսերունդ փոխանցումն է։ Սփյուռքահայ բազմաթիվ համայնքների համար պատմական հայրենիքի մասին հիշողությունը, Հայոց ցեղասպանության հիշատակը և ազգային խորհրդանիշների հետ հոգեմտավոր ու մշակութային կապերն ազգային պատկանելության գիտակցության ձևավորման ու պահպանման կարևոր հենասյուներ են։ Այդ հիշողության ու կապերի միջոցով նոր սերունդները ճանաչում են իրենց պատմությունը, գիտակցում սեփական ազգային պատկանելությունը և պահպանում կապը Հայաստանի ու հայկական աշխարհի հետ։

Այս խորապատկերում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը Սփյուռքի համար լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Եթե ազգային ինքնության ընկալումը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքով, իսկ պատմական հայրենիքի հետ կապը քաղաքական խոսույթում ներկայացվում է որպես պետականությանն ու անվտանգությանը սպառնացող գործոն, ապա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման մոտեցումը սփյուռքահայ նոր սերունդների ազգային ինքնագիտակցության ձևավորման և պահպանման համար։ Մի՞թե վտանգ չի առաջանում, որ պատմական հիշողության առանցքային բաղադրիչներն աստիճանաբար կարժեզրկվեն, իսկ պատմական հայրենիքի հետ կապը կդիտարկվի ոչ թե որպես ազգային ինքնության կարևոր և անքակտելի մաս, այլ որպես անցյալի մնացորդ, որից անհրաժեշտ է հրաժարվել՝ ներկա քաղաքական առաջնահերթություններին համապատասխանելու համար։

2026 թվականի ապրիլի 24-ի ուղերձում Փաշինյանը հայտարարեց, որ պետք է դադարեցնել հայրենիք փնտրել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս։ Իսկ օգոստոսի 24-ին՝ Ազգային ժողովում Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ, նա «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը կապեց «Չորրորդ Հանրապետության» ձևավորման հետ՝ պնդելով, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններով Հայաստանի քաղաքացիներն արտահայտել են իրենց աջակցությունն այդ գաղափարախոսությանը։ Նույն ելույթում նա հայտարարեց նաև, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում»։

Այս հայտարարությունները միասին դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ խոսքը պատմական հիշողության, ազգային ինքնության և պետական քաղաքականության փոխհարաբերությունների արմատական վերանայման մասին է՝ մասնավորապես պատմական անցյալի և ազգային խորհրդանիշների դերի վերաիմաստավորման տեսանկյունից։

Ի՞նչ նպատակ է հետապնդում պատմական հիշողության և ազգային ինքնության այս վերաձևումը։ Իշխանության հրապարակային հայտարարություններում ներկայացվող հիմնավորումներից կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն. պատմական պահանջները արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու և դրանց հետ կապված ռիսկերը բացառելու ձգտում, խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների և հարևանների հետ կարգավորված հարաբերությունների առաջնայնության հաստատում, ինչպես նաև հայրենասիրության վերասահմանում՝ այն առավել սերտորեն կապելով գործող պետության, քաղաքացիության և քաղաքացու իրավունքների ու պարտականությունների հետ։

Իշխանության կողմից հրապարակայնորեն ներկայացված նպատակները, սակայն, ինքնին չեն բացահայտում այդ քաղաքականության բոլոր հնարավոր հետևանքները։ Չհայտարարված մտադրությունների մասին եզրակացությունները պետք է հիմնվեն որոշակի փաստերի վրա։ Միաժամանակ հենց հրապարակայնորեն ներկայացված հայեցակարգն էլ հիմք է տալիս բարձրացնելու սկզբունքային հարց. խաղաղության և անվտանգության ապահովման համար անհրաժե՞շտ է արդյոք պատմական հիշողության որոշ դրսևորումներ ներկայացնել որպես ժամանակակից պետականության համար սպառնալիք, թե՞ հնարավոր է պահպանել այդ հիշողությունը՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Այն, որ պետությունը պետք է լուծի ներկայի խնդիրները և կերտի ապագան, ինքնին վիճարկելի չէ։ Սակայն այդ ապագան ինչո՞ւ պետք է կառուցվի սեփական պատմությանը հակադրվելով, այլ ոչ թե նրա վրա հենվելով։

Այս հակադրությունը հատկապես զգայուն դրսևորում է ստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Անշուշտ, Հայոց ցեղասպանության թեման, քաղաքական նպատակներից ելնելով, կարող է օգտագործվել այլ երկրների կողմից, և այդ հանգամանքը պետք է հաշվի առնել արտաքին քաղաքականություն մշակելիս։ Սակայն այդ վտանգն ինքնին չի կարող հիմնավորել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելը։ Ցեղասպանության մասին պատմական ճշմարտության պահպանումը, դրա միջազգային ճանաչմանն ու հատուցմանն ուղղված հետևողական աշխատանքը և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային նախաձեռնություններին մասնակցությունը կարող են համադրվել Հայաստանի անվտանգության ապահովման և խաղաղության ձգտումների հետ։ Ուստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացից հրաժարվելը խնդրի լուծում չէ։ Անհրաժեշտ է շարունակել այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը և ներկայացնել պատմական ճշմարտությունը՝ միաժամանակ թույլ չտալով, որ ճանաչման գործընթացը վերածվի այլ երկրների ընթացիկ քաղաքական նպատակների սպասարկման միջոցի։

Խնդիրն այն է, որ իշխանության առաջ մղած հայեցակարգում խաղաղության և անվտանգության ապահովումը կապվում է պատմական հիշողության ու պատմական պահանջատիրության քաղաքական նշանակությունը վերացնելու, իսկ դրանց որոշ դրսևորումները քաղաքական օրակարգից դուրս մղելու հետ։ Այս մոտեցման տրամաբանությամբ՝ պատմական հայրենիքի վերաբերյալ հարցերի և դրանց հետ կապված պահանջների քաղաքական կշռի վերացումը կարող է նպաստել արտաքին սպառնալիքների նվազեցմանը և Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։ Սակայն պատմական հիշողության հանրային ու քաղաքական նշանակությունը վերացնելն ինքնին չի չեզոքացնում արտաքին սպառնալիքները և չի երաշխավորում հարևանների հետ խաղաղ ու կայուն հարաբերություններ։ Անվտանգության ամուր հիմքերն են պաշտպանունակությունը, արդյունավետ պետական համակարգերը, հետևողական ու կանխատեսելի դիվանագիտությունը և փոխադարձ պարտավորությունների իրական կատարման վրա հիմնված հարաբերությունները։ Հետևաբար հիմնավոր հարց է առաջանում. ինչո՞ւ է պատմական հիշողության և պահանջատիրության քաղաքական նշանակության վերացումը ներկայացվում որպես խաղաղության հասնելու անհրաժեշտ ուղի, երբ պատմական ժառանգության պահպանումը և Հայաստանի անվտանգության ու խաղաղության ապահովումը պարտադիր չէ, որ հակասեն միմյանց։

Կառուցել ապագան՝ պահպանելով պատմական հիշողությունը

Պատմական հիշողությունը հանրային կյանքից դուրս մղելու հետևանքները միանգամից տեսանելի չեն դառնում։ Դրանք ժամանակի ընթացքում կարող են փոխել հասարակության վերաբերմունքը սեփական անցյալի նկատմամբ, խաթարել պատմական փորձի փոխանցումը սերնդից սերունդ և թուլացնել ազգային ինքնության պահպանման շարունակականությունը։ Վտանգը միայն պատմության առանձին դրվագների մոռացությունը չէ, այլև այն կապի թուլացումը, որի շնորհիվ յուրաքանչյուր նոր սերունդ յուրացնում է նախորդների պատմական փորձը, արժևորում պատմական ժառանգությունը և գիտակցում իր տեղը հայ ժողովրդի պատմության մեջ։

Երբ պատմական անցյալը հանրային ու քաղաքական խոսույթում հիմնականում ներկայացվում է որպես ներկա խնդիրների կամ արտաքին սպառնալիքների աղբյուր, ձևավորվում է կեղծ երկընտրանք. կա՛մ ընդունել իշխանության առաջ մղած գաղափարախոսությունը՝ հռչակված «կայուն և անշրջելի խաղաղության» հասնելու ակնկալիքով, կա՛մ հավատարիմ մնալ սեփական պատմական հիշողությանը՝ իբր վտանգելով Հայաստանի պետականության ապագան։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների ընդունումն ու հարգումը, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարումը չեն ենթադրում ուրանալ այդ սահմաններից դուրս գտնվող պատմական հայրենիքի նշանակությունը, ազգային խորհրդանիշների արժեքը կամ պատմական իրադարձությունների հետ կապված հիշողությունը։ Ժամանակակից պետության լիարժեք քաղաքացի լինելն ու սեփական ժողովրդի պատմական ժառանգության հետ կապը պահպանելը միմյանց չեն հակասում և չպետք է ներկայացվեն որպես միմյանց բացառող այլընտրանքներ։

Հայաստանին անհրաժեշտ է ազգային այնպիսի տեսլական, որը կհամադրի ժամանակակից պետականության ամրապնդումը, երկրի անվտանգությունն ու զարգացումը պատմական հիշողության և ազգային ինքնության պահպանման հետ։ Այդ տեսլականը պետք է հնարավորություն տա քաղելու անցյալի փորձից անհրաժեշտ դասերը, պաշտպանելու ազգային արժեքները և հետևողականորեն առաջ մղելու պատմական արդարության հարցերը՝ միաժամանակ իրատեսորեն գնահատելով ներկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելու քաղաքական և դիվանագիտական հնարավորությունները։ Ապագայի կառուցման անհրաժեշտությունը չի կարող արդարացում դառնալ սեփական պատմությունը խեղաթյուրելու, պատմական փաստերը քաղաքական նպատակներին համապատասխան վերաշարադրելու կամ ազգային ինքնությունն արհեստականորեն վերաձևելու համար։

Պատմական հիշողության և ազգային խորհրդանիշների շուրջ ծավալվող բանավեճի խորքային իմաստը հենց այստեղ է։ Դրանք, անշուշտ, չեն կարող փոխարինել պետականաշինության չընդհատվող գործընթացին, երկրի պաշտպանունակությանը կամ արդյունավետ և պատասխանատու կառավարմանը։ Սակայն կարող են դրանց հաղորդել պատմագաղափարական հենք և արժեքային ուղղվածություն՝ դրանք կապելով ազգային ինքնության ու պատմական շարունակականության գիտակցության հետ։ Այս իմաստով պատմական հիշողությունը և ազգային խորհրդանիշները ոչ թե փոխարինում են պետականության նյութական ու համակարգային հիմքերին, այլ իմաստավորում են դրանք՝ միաժամանակ նպաստելով ազգային նպատակների շուրջ հասարակական համախմբմանը։

Հայաստանի Հանրապետության կենսունակությունն ու ապագան պայմանավորված են ոչ միայն ներկա մարտահրավերներին դիմակայելու կարողությամբ, այլև այն արժեքային հիմքերով ու պատմական փորձով, որոնք հասարակությունը պահպանում և փոխանցում է հաջորդ սերունդներին։ Պետության ամրությունը չի կարող հիմնվել սեփական ժողովրդի պատմական հիշողության ժխտման կամ նսեմացման վրա։ Այն դրսևորվում է նաև պատմական ժառանգությունը գիտակցելու, ազգային իրավունքների և պատմական արդարության հարցերը հետևողականորեն առաջ մղելու, դրանք ներկա իրողությունների ու պետականության խնդիրների հետ համադրելու կարողությամբ։

Պատմական հիշողության և ազգային խորհրդանիշների հետ հոգեմտավոր կապի պահպանումը չի նշանակում ապրել անցյալով կամ անտեսել ներկայի մարտահրավերները։ Դա նշանակում է սեփական պատմությունն ու ժառանգությունը դիտարկել ոչ թե որպես անցյալից մնացած բեռ, այլ որպես ազգային շարունակականության պահպանման և ապագան կերտելու կարևոր հենարաններ։

Ի վերջո, հայ ժողովրդի ապագան չպետք է ներկայացվի որպես ընտրություն պետականության և պատմական հիշողության միջև։ Պետության ապագան կառուցելու անհրաժեշտությունը չի կարող արդարացում դառնալ սեփական պատմությունը խեղաթյուրելու, պատմական փաստերը քաղաքական նպատակներին համապատասխան վերաշարադրելու կամ ազգային հիշողությունը արժեզրկելու համար։

Արամ Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 10 2026թ