կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 12:10
Քաղաքական

Սպաների բնակարանային ապահովման հարցը կլուծվի հատուկ ծրագրով. Վիգեն Սարգսյան

Սպաների բնակարանային ապահովման հարցը կլուծվի հատուկ ծրագրով. Վիգեն Սարգսյան

Խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ սպաների բնակարանային ապահովման հարցը շարունակում է մնալ հարցերի հարցը:

Նախարարի խոսքով` բազմաթիվ սպաներ հերթագրվել են և հույս ունեն, որ երբևէ բնակարան կստանան: Այս ուղղությամբ, ըստ նրա, հետևողական գործ է արվել, բայց տարիների ընթացքում մոտ 1700 սպա է բնակարան ստացել: «Բնակարանների ապահովումը բավական մեծ բեռ է եղել, բայց չեմ կարծում, որ այս տարբերակը բավարար է եղել խնդիրը լուծելու համար»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ կարգավորումները, որ պետք է լինեն նվազագույն շեմի և այլնի վերաբերյալ, մեծ խնդիր են ստեղծել, քանի որ սպան արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները, օտարել է բնակարանը, չի գրանցել իրեն հասանելիք ժառանգությունը և այլն, որպեսզի ցույց տա, որ բնակարանի կարիք ունի:

«Արդյունքում` ձևավորվել է հսկայական ցուցակ, և ինչքան էլ տրամադրվել է, դեռ մոտ երկու այդքան էլ հերթագրված են և տարիների ընթացքում հույսները կորցրել են, որ երբևէ բնակարան են ստանալու: Մենք առաջարկում ենք այս կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասները դեռ քննարկվում են, և մինչև ամսվա վերջը կավարտենք քննարկումները։ Նոյեմբերին լայն հասարակության դատին կներկայացնենք»,- ասաց Սարգսյանը:

Նա որոշ մանրամասներ ներկայացրեց քննարկման դրված ծրագրի վերաբերյալ: Ըստ նախարարի` կառաջարկվի մինչ օրս գործած հիփոթեքային ծրագրերից անհամեմատ լավ պայմաններով հիփոթեքային ծրագիր: «Իսկ դրանից կարող են օգտվել բոլոր սպաները` անկախ նրանից` հայրական տուն ունի, չունի, հատուկ է վատթարացնում, թե` ոչ, ծառայության ընթացքում մեկ անգամ իրավունք ունի այդ ծրագրից օգտվելու, այսինքն` որևէ բան կեղծելու կարիք չկա»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ եթե ծրագիրը հաստատվի, կոպիտ հաշվարկով` սպան ծրագրում գրանցումից հետո երրորդ տարում արդեն կստանա բնակարան և դրա համար վճարելու է միայն մայր գումարը, ընդ որում` որոշակի զեղչով՝ 20 տարիների ընթացքում, այսինքն՝ ամսական մոտ 60-70 հազար դրամ վճարելով, երրորդ տարում կստանա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ եթե սպան առաջնագծում է ծառայում և ստացել է ծառայողական բնակարան, կարող է Երևանում ստացած բնակարանը նաև վարձով տալ և վարձավճարից էլ բնակարանի վարկը վճարել: