|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Կինոյի պրեմիերաները հաճախ միայն ֆիլմի ցուցադրությամբ չեն սահմանափակվում, հատկապես, երբ խոսքը կատակերգության մասին է։
«ԿինոՄոսկվա»-ում Դավիթ Բաբախանյանի «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան ևս անցել է անակնկալներով, նոր կերպարներով ու ֆիլմի ստեղծման հետաքրքիր պատմություններով։ Երեկոյին ներկա են եղել ֆիլմի դերասանական կազմը, ստեղծագործական թիմն ու հյուրերը։ Ֆիլմում Գոհար Ավետիսյանը ներկայանում է այնպես, ինչպես որ իրականում է։
Դիմահարդարի համար նկարահանման հրապարակը նոր փորձ էր, իսկ ֆիլմում հայտնվելու առաջարկը՝ անսպասելի։ Սկզբում նույնիսկ մի քանի անգամ ճշտել է՝ արդյոք իսկապես իրեն են առաջարկում նկարահանվել ֆիլմում։
Նոր միջավայրին հարմարվելուն զուգահեռ Գոհարը ստիպված է եղել նաև բավական երկար աշխատանքային օրերի անցնել․ նկարահանումները երբեմն տևել են մոտ 15 ժամ։ Չնայած դրան՝ փորձը նրան դուր է եկել, և այժմ նա պատրաստ է կրկին հայտնվել տեսախցիկի առաջ։
Պրեմիերայի ժամանակ Գոհարը խոսել է նաև իր արտաքին տեսքի մասին։ Սկզբում նա մտածել էր հարսանեկան զգեստով ներկայանալու մասին, սակայն վերջին պահին հրաժարվել էր այդ մտքից։ Հարսի զգեստը, նրա խոսքով, դեռ սպասելու է իր իրական հարսանիքին։
«Մեկ in Մեկ»-ի պատմության մեջ առանձնահատուկ է նաև Զիրոյանի կերպարը։ Դիմահարդարման միջոցով նա վերածվում է Արկադի Դումիկյանի և սկսում երգչի փոխարեն գաղտնի ելույթներ ունենալ։ Իսկ Դումիկյանն էլ ֆիլմում հանդես է գալիս՝ այս անգամ արդեն դերասանական կազմի անդամի կարգավիճակում։
Ֆիլմի մեկ այլ գիծ էլ կապված է պարտքերի մեջ հայտնված հերոսի հետ, որին մարմնավորում է Ռոբերտ Մարտիրոսյանը։ Սցենարիստ և պրոդյուսերը սովորաբար աշխատում է կադրից դուրս, սակայն այս նախագծում որոշել է նաև դերասանական փորձ ձեռք բերել։
Մարտիրոսյանի համար ֆիլմում նկարահանվելը նոր փորձ է եղել, թեև կինոարտադրության միջավայրն իրեն վաղուց ծանոթ է։ Նրա խոսքով՝ կատակերգության դեպքում ամենակարևոր ակնկալիքն այն է, որ հանդիսատեսը ֆիլմից հետո լավ տրամադրությամբ հեռանա։
«Մեկ in Մեկ»-ում նկարահանվել են նաև Մկրտիչ Արզումանյանը, Անժելա Սարգսյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը և այլ դերասաններ։
Դավիթ Բաբախանյանի և «Շարմ Հոլդինգ»-ի համար «Մեկ in Մեկ»-ը վեցերորդ համատեղ աշխատանքն է։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը և Դավիթ Բաբախանյանը։
Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են այս տարվա գարնանը՝ Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում։ Դավիթ Բաբախանյանի խոսքով՝ այս աշխատանքում ստեղծագործական և տեխնիկական առումով փորձել են կիրառել ավելի ժամանակակից լուծումներ՝ պահպանելով ֆիլմի ժամանցային բնույթը։
Սյուզի Դավթյան