կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-29 17:57
Աշխարհ

Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում Զելենսկու հետ հանդիպումից

Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում Զելենսկու հետ հանդիպումից

Այս շաբաթ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Haaretz պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Թերթի զրուցակցի խոսքով՝ Զելենսկու աշխատակազմն ի սկզբանե կապ է հաստատել Նեթանյահուի գրասենյակի հետ՝ հանդիպում պայմանավորվելու համար, սակայն «իսրայելական կողմը այդպես էլ չի պատասխանել»։ Մեկ այլ՝ ուկրաինական աղբյուր Haaretz-ին պնդել է, թե իբր սկզբում հանդիպումն առաջարկվել է Նեթանյահուի գրասենյակի կողմից, սակայն Զելենսկու աշխատակազմի համաձայնությունից հետո Իսրայելից որևէ արձագանք չի եղել ընդհուպ մինչև հուլիսի 28-ը, երբ իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ հրեական պետության վարչապետը ժամանակի սղության պատճառով չի կարող հանդիպել Զելենսկու հետ:

Երեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը առանձին հանդիպումներ է ունեցել Նեթանյահուի և Զելենսկու հետ։ Դրանից հետո՝ նույն օրը, նրանք ներկա են գտնվել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորության արարողությանը, որտեղ Զելենսկին մոտեցել է Նեթանյահուին, և նրանք կարճ կարծիքներ են փոխանակել, նշում է Haaretz-ը: Թերթը հայտնում է, որ Նեթանյահուի գրասենյակում հրաժարվել են մեկնաբանել այս իրավիճակը:

Պարբերականը հիշեցնում է, որ նրանք չեն հանդիպել 2023 թվականի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից ի վեր։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայելի վրա հարձակումից անմիջապես հետո Զելենսկին փորձել էր համերաշխության այց կատարել Իսրայել, սակայն նրա խնդրանքը մերժվել էր: