կարևոր
562 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 13:57
Հասարակություն

«Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

ՀՅԴ ԲՅուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից
 

«Ողջունում եմ բոլորիդ, «խաղաղության» դատավարությունը շարունակվում է։

Ինչպես տեղյակ եք, մենք իհարկե շատ լավ հասկանում և պարզ գիտակցում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում և այստեղ որևէ փոփոխություն չի էլ կարող լինել՝ առաջին ատյանի դատավճռի հետ կապված, բայց գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը հենց դա է, մենք դիմել ենք վերաքննիչ դատարան, այդ մասին էլ հայտարարել ենք դատարանում, որևէ գաղտնիք չկա։ 

Նույնիսկ որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնել դատական կոլեգիայի նիստում, որ այսպիսի դատավարությամբ և այսպիսի փաստերով գնալ միջազգային դատարան իրենց համար շատ ծանր կլինի և ամոթ է, և պաշտոնապես են իրենք դատական ամբիոնից հայտարարում և չեն ուզում այս ընթացքով գնալ միջազգային դատարան և պարտվել։ Թե  ի՞նչ կլինի՝ այլ հարց է։ Անընդհատ դատավորը խոսում է բաց դատավարությունից, արդարությունից, արդարադատությունից, բայց ինչպես առաջին ատյանի դատարանը, հիմա էլ նույնն է, որևէ փոփոխություն, որևէ էական բան չկա։

Անցած շաբաթ իմ ելույթն էր, իմ խոսքում ներկայացրեցի, թե ինչու եմ դիմել վերաքննիչ դատարան։  Խոսքս գրեթե նույնն էր, ինչպես՝ առաջին ատյանի դատարանի վերջին խոսքում, որ սա քաղաքական պատվերով և քաղաքական դատավարություն է, որը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, սա էթնիկ պատկանելիության և ազգային ատելության հողի վրա դատավարություն է և այդպիսի մթնոլորտում է ընթանում․․․  Խոսքս, բնականաբար, ընդհատվում էր դատախազների և նաև դատավորի անհիմն միջամտություններով, բայց, ինչևիցե, ամեն ինչ ավարտին հասցրեցինք և հոդված առ հոդված անդրադարձա, թե ինչպիսի զրպարտություններով և կեղծ ձևակերպումներով, առանց ապացույցների, առանց կոնկրետ փաստերի է կայացվել  դատավճիռ ոչ միայն իմ վերաբերյալ․․․

Սա կարված գործ չէ, այլ կարկատան է, օրինակ, 93 թվականի ծնված անձին վերագրում են 91-92, 93-94 թվականների ռազմական գործողություններ և իբր թե դատարանում էլ այդ ամենը ապացուցվել է և կայացվում վճիռ՝ 15 տարվա ազատազրկմամբ։

Ինչպես ասել եմ՝ սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է՝ հստակ ռազմավարությամբ և հեռահար նպատակներով։ Կարևորը մեր ողջախոհությունն է, համբերատար և նպատակասլաց մեր քայլերն ենք անում, արժանի ելույթներ ունենք, իսկ միջազգային դատարանի և միջազգային ատյանների հետ կապված ընդհանրապես քմծիծաղով և արհամարհական են վերաբերվում, ամենածանրը այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են մտքեր՝ որ «եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ի՞նչ կարող են նրանք անել», սա է վիճակը։

Արդեն լուրեր են շրջանառում, որ հավանաբար Գերագույն դատարանը մեր գործերը չի ընդունի և փորձում են կանխակալ իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ ձևով արհեստական միջամտություն ունենան․․․ Մինչև հիմա, պատկերացրեք, պաշտպանները չունեն ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը և ոչ էլ դատավճիռը։ Դատավորը մեր պահանջներից հետո որոշում կայացրեց, որ էլեկտրոնային տարբերակով թույլ է տալիս, որպեսզի պաշտպանները ծանոթանան դատավճռին, հասկանու՞մ եք, ծանոթանան, այսինքն նրանք չեն կարող իրենց ձեռքի տակ դա ունենալ, և պիտի ասեմ, որ արժանի ելույթներ ունենք, սպասում ենք այս փուլի ավարտին և հստակորեն մեր քայլերն ենք անում, մնացած ամեն ինչ նորմալ է, լավ մնացեք և պինդ եղեք»։