Միասին կարող ենք
կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-20 12:51
Հասարակություն

Պոլսահայ երիտասարդները ներկայացրել են իրենց հանդիպած խնդիրները Թուրքիայում

Պոլսահայ երիտասարդները ներկայացրել են իրենց հանդիպած խնդիրները Թուրքիայում

Մարդու իրավունքների ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի կազմակերպած և Թալյա Օքքեի համակարգած «Հայ երիտասարդ լինել» խորագրով քննարկման ժամանակ Նարե Դինքը, Վարդան Էստուկյանը և Շանթ Դեմիրչիվին կիսվել են Թուրքիայում հայկական ինքնությամբ մեծանալու հետ կապված՝՝ անտեսանելիության, ամենօրյա խտրականության, պատկանելության որոնման և ինքնության դրական կողմերի վերաբերյալ իրենց փորձով։

Նորին Շարա Արսլան

Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) Ստամբուլի մասնաճյուղի կազմակերպած «Հայ երիտասարդ լինել» խորագրով քննարկումն օրակարգ բերեց Թուրքիայում փոքրամասնության ինքնությամբ մեծանալու բարդությունները և այս գործընթացի մասնակիցների փորձը: Թալյա Օքքեի համակարգմամբ քննարկմանը որպես բանախոսներ հանդես եկան Նարե Դինքը, Վարդան Էստուկյանը և Շանթ Դեմիրչիվին: Բացման խոսքում Էրեն Քեսքինն ուշադրություն հրավիրեց պաշտոնական գաղափարախոսության կողմից պարտադրված «ստերի» աշխարհի վրա՝ ընդգծելով, որ այդ տաբուները կոտրելը հնարավոր է միայն երկխոսության միջոցով: Իր ելույթում Քեսքինը հիշեց գրող Ռիֆաթ Բալիի հետևյալ խոսքերը.

«Մենք՝ հրեաներս, ընտրեցինք անտեսանելիությունը՝ ապրելու համար»: Այս տարածքներում հազարավոր, միլիոնավոր մարդիկ ապրում են՝ ընտրելով անտեսանելիությունը»:

Ամենօրյա խտրականություն

Մասնակիցների ներկայացրած առօրյա կյանքի պատմությունները հստակ ցույց տվեցին, թե իրականում ինչ է նշանակում այդ «պարտադրված անտեսանելիության» դրությունը: «Թո՞ւրք եք» հարցը հանդիպում է բոլոր ոլորտներում՝ համալսարանական միջանցքներից մինչև հասարակական տրանսպորտ… Հարցերն ու նոր վերաբերմունքը, որոնք դրսևորվում են, երբ բացահայտվում է հայկական ինքնությունը, ցույց են տալիս անհատների մեջ կուտակված լուռ հոգնածությունը: Նարե Դինքը նշել է, որ մարդկանց տոնի և հայացքի հանկարծակի փոփոխությունը, երբ նա կիսվում է իր ինքնությամբ, հատկապես ակադեմիական միջավայրում, առօրյա խտրականության ամենաակնառու ձևն է:

Քննարկման մասնակից Վարդան Էստուկյանը նկարագրել է այդ իրավիճակը՝ «հետ պահելու» և «ջանքերից խուսափելու» տեսանկյունից: Նշելով, որ ինքը «Ջան» անունն օգտագործում է՝ ցանկացած սրճարանում սխալ արտասանությունից կամ ինքնության հնարավոր կասկածներից խուսափելու համար, Էստուկյանը անդրադարձել է Թուրքիայի հայ համայնքում այս անվան պատմական նշանակությանը: Հիշեցնելով, որ տղա երեխաներին հաճախ երկրորդ անուններ էին տալիս, ինչպիսիք են «Շահին» կամ «Ջան», զինվորական ծառայության դժվարություններից խուսափելու համար, Էստուկյանը հիշատակել է ապրիլի 24-ին մահացած Սևակ (Շահին) Բալըքչըին՝ ասելով. «Ցավոք, այս անունը չկարողացավ պաշտպանել նրան»:

Ակնհայտ էր, որ անտեսանելիության ընտրությունը՝ սեփական անվան՝  «Վարդանի» բացատրելու համար անհրաժեշտ ջանքերի փոխարեն, շարունակում է մնալ հասարակական կյանքում գոյատևման և պաշտպանության միջոց: Քննարկման թեման ոչ միայն մարտահրավերներն էին, այլև ինքնության դրական կողմերը: Դրանք պատմություններ էին այն մասին, թե ինչպես ինքնությունը պարզապես «մարտադաշտից» վերածվել է ուրախության աղբյուրի:

Նարե Դինքը, ով սկզբում իր ինքնությունը համարում էր դաժան մարտադաշտ, որտեղ ծնվել է, ամառային ճամբարում իր հասակակիցների պարի և երաժշտության հետ հանդիպումը նկարագրեց որպես շրջադարձային պահ: Քննարկման մասնակիցը պատմեց, թե ինչպես է բացահայտել, թե որքան հեշտությամբ կարող է հայ լինելու գունագեղ կողմն ինտեգրվել կյանքի մեջ և դառնալ մշակութային հարստություն:

Քննարկման կարևոր թեմաներից էին նաև հարևանների ճնշումը և «ինքնաճանաչման» ճամփորդությունները, որոնք ունեցել են իսլամացված ընտանիքների երիտասարդները իրենց արմատները որոնելիս: Շանթ Դեմիրչիվին նշեց, որ կապը իր հայկական ինքնության հետ աստիճանաբար ավելի ուժեղացավ, երբ նա ծանոթացավ մշակույթին և հպարտություն ապրեց: Դեմիրչիվին նշեց, որ այս փոխակերպման մեջ ամենամեծ ներդրումը եղել է Հայաստանում անցկացրած ժամանակի ընթացքում, որտեղ նա ավելի շատ է զգացել իր սեփական մշակույթը և սկսել է ավելի շատ լսել իր լեզուն: Ի տարբերություն Թուրքիայի լռության և տատանումների, նա ընդգծեց, որ հայտնաբերել է, որ սա հենց իր մշակույթն է, երբ տեսել է Հայաստանում անվախ գործողություններն ու արտադրական գործընթացները:

https://www.agos.com.tr/tr/haber/ermeni-gencler-anlatti-40417

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net