կարևոր
3019 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 10:42
Քաղաքական

Ովքե՞ր են Մակունցի հետ հանդիպած «դաշնակցականները». «Հրապարակ»

Ովքե՞ր են Մակունցի հետ հանդիպած «դաշնակցականները». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ «Հրապարակը» գրել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն օրեր առաջ դեսպանատանն ընդունել է մի խումբ ինքնակոչ «դաշնակցականների»՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անդամներ Քարմէն Օհանեանին, Յարութ Մկրտիչեանին եւ Վահան Պզտիկեանին, ում համայնքում «Նիկոլից ավելի Նիկոլ» են անվանում: ԱՄՆ-ում ՀՅԴ բոլոր կառույցները բոյկոտում են Մակունցին։ Եվ այն, որ դեսպանն իր մոտ է հրավիրել ՀՅԴ-ից մի քանի տարի առաջ վտարված ՀՅԴ արեւմտյան կառույցի ներկայացուցիչներին, խիստ զայրացրել է ԱՄՆ-ի ՀՅԴ-ականներին: Գաղտնիք չէ, որ ամերիկահայերը Լիլիթ Մակունցին, մեղմ ասած, չեն համակրում: Այսպիսով իշխանական թեւը փորձում է իմիտացիա ստեղծել, թե իբրեւ դաշնակցականների հետ հարաբերությունները կարգավորել է:

ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իշխանությունները փորձում են հասարակությանն ապակողմնորոշել, քանզի Մակունցի հետ հանդիպած մարդիկ շատ վաղուց դաշնակցականներ չեն։ «Հասարակության մոտ սխալ կարծիք են փորձում ձեւավորել, այդ խումբը, որին դաշնակցական են անվանում իշխանությունները, կուսակցության հետ խնդիրներ են ունեցել եւ արդեն շատ վաղուց դաշնակցականներ չեն: Հանրության մեջ փորձում են շփոթմունք առաջացնել»,- նշեց Մանոյանը:

Նրա խոսքով` դաշնակցականներն այս իշխանությունների հետ չեն կարող հանդիպել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց գաղափարախոսությունը։ «Ինչի՞ համար պետք է դաշնակցականները հանդիպեն այս իշխանություններից որեւէ մեկի հետ, գուցե, երբ այս իշխանությունը մեր ազգային հիմնահարցերի մասին իր վերաբերմունքը փոխի, մտածենք, սակայն այժմ նրանց հետ որեւէ դաշնակցական չի կարող հանդիպել»,- եզրափակեց Կիրո Մանոյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում