Միասին կարող ենք
կարևոր
661 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-19 17:41
Քաղաքական

ՀՀ-ում իշխող ուժի ներկայացուցիչներն են արցախցիների դեմ ատելության խոսքի տարածման հիմնական սկզբնաղբյուրը. Արցախի ՄԻՊ

ՀՀ-ում իշխող ուժի ներկայացուցիչներն են արցախցիների դեմ ատելության խոսքի տարածման հիմնական սկզբնաղբյուրը. Արցախի ՄԻՊ

Հայաստանի Հանրապետությունում իշխող քաղաքական ուժի կողմից ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի և արցախահայության հանդեպ սփռվող ատելության խոսույթը վերջին օրերին ակնհայտ է: Քարոզարշավի ընթացքում իշխող ուժի առաջնորդը հունից դուրս է գալիս, երբ Արցախի կորստի հետ կապված քաղաքացիներն իրենց կարծիքն են արտահայտում: Ինչպե՞ս է գեներացվում ատելության այդ խոսույթը. «Ապառաժ»-ի հարցին պատասխանում  է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
 
«Մենք բազմիցս համոզվել ենք, որ իշխող ուժի ներկայացուցիչներն են արցախցիների դեմ ատելության խոսքի տարածման հիմնական սկզբնաղբյուրը։ Եթե նախկինում դա գոնե փորձում էին քողարկել, ապա նախընտրական այս փուլում ատելությունը տարածում են անթաքույց՝ շրջանառության մեջ դնելով արցախցիների դեմ այն պառակտիչ թեզերը, որով այդ նույն քաղաքական ուժի ղեկավարը և իր համախոհները տարիներ շարունակ թունավորել են հայ հասարակությանը։

Իշխանությունը, որը հանրային համերաշխության ապահովման պարտավորություն ունի, ինքն է գեներացնում և տարածում ատելություն, և սա խստագույն դատապարտելի և անընդունելի է։ Այս թիրախավորված խոսույթը ոչ միայն բարոյապես է դատապարտելի պատերազմներ, շրջափակում և տառապանքներ տեսած ժողովրդի նկատմամբ, այլև վտանգավոր է՝ պետականության և ազգային միասնականության տեսանկյունից։

Ատելության այդ խոսույթը գեներացնողներին և այդ պառակտիչ թեզերը շրջանառողներին ես ասելիք չունեմ, նրանց հետ ամեն ինչ պարզ է։ Իմ խնդրանքը ուղղված է ողջամիտ մարդկանց՝ լինի երևանցի, գյումրեցի, վանաձորցի, թե արցախցի։ Չպետք է թույլ տանք, որ այս թույնը տարածվի մեր մեջ, և ինչ-որ մեկի նախընտրական հաշվարկների պատճառով հայության տարբեր հատվածներ գժտվեն իրար հետ։ Միմյանց նկատմամբ սերը, հոգատարությունն ու կարեկցանքն է այդ տարածվող թույնի հակաթույնը»։