Միասին կարող ենք
կարևոր
1447 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-02 15:12
Հասարակություն

Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը․ Տեր Մկրտիչ քահանա Երանյան

Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը․ Տեր Մկրտիչ քահանա Երանյան

Այսօր, Արագածոտնի թեմի բարի ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը կատարվեց Աշտարակի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում, որտեղ համախմբվել էին թեմի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատացյալներ։

Թեպետ սրբավայրը կրում է ժամանակի ու պատմության վերքերը, սակայն նրա պատերի ներսում այսօր կրկին հնչեց աղոթքն ու շարականը:

Խոնարհված սրբավայրերը լռությամբ խոսում են մեր անցյալի մասին, իսկ այնտեղ բարձրացած աղոթքը վկայում է, որ հավատքը երբեք չի խոնարհվում։

Ժամերգությանը մեկտեղված ժողովուրդն ու հոգևորականները միասին աղոթեցին անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, հայ ժողովրդի խաղաղության, հայրենիքի անվտանգության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին հավատացյալներին իր խոսքը փոխանցեց Աշտարակ քաղաքի հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը:

Տեր Հայրն իր խոսքում անդրադարձավ առաջիկա Երևման Սուրբ Խաչի տոնին և խաչի խորհրդին, նշելով.«Խաչը Աստծո ներկայությունն է բոլորի կյանքում: Խաչը ոչ միայն տառապանք է, այլեւ՝ սեր եւ փրկություն:

Իրական քրիստոնյան, ապավինած խաչին ու Տիրոջ զորությանը, մի կողմից կարողանում է հաղթահարել աշխարհի դժվարությունները, բայց մյուս կողմից չի կորցնում իր Աստվածային կերպարը: Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը…»:

Միասնական հաջորդ ժամերգությունը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 19:00-ին Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: