կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 16:11
Քաղաքական

Ալեն Սիմոնյանն իրավունք չունի անհասցե մեղադրանք հնչեցնել որևէ հոգևորականի հասցեին. Տեր Երվանդ քահանա Երանյան

Ալեն Սիմոնյանն իրավունք չունի անհասցե մեղադրանք հնչեցնել որևէ հոգևորականի հասցեին. Տեր Երվանդ քահանա Երանյան

Երեկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում այն միտքն արտահայտեց, որ իրենց խնդիրը ոչ թե Հայ Եկեղեցու հետ է, այլ «որոշ հոգևորականների», որոնք, իր բնորոշմամբ, «թաթախված են կոռուպցիայի և քաղաքականության մեջ»: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Տեր Երվանդ քահանա Երանյանը:

Նա գրել է. «Մեծարգո Ալեն Սիմոնյան, չե՞ք կարծում արդյոք, որ պետական բարձր պաշտոնյային ոչ հարիր ձևակերպումներն Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին, ով հանդիսանում է Հայ Եկեղեցու գլուխը, մեծապես հարված են նաև մեր Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու նրա հեղինակությանը: Դուք՝ իբրև ՀՀ քաղաքացի, կարող եք սիրել կամ չսիրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու որոշ հոգևորականների, սակայն որպես ՀՀ կարևորագույն պաշտոններից մեկը զբաղեցնող անձ, իբրև պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչ պարզապես իրավունք չունեք առանց որևէ հիմնավորման անհասցե մեղադրանքներ հնչեցնել որևէ հոգևորականի հասցեին:

Իսկ դուք կարո՞ղ եք նշել քաղաքականությամբ զբաղվելու կամ չզբաղվելու այն սահմանը, որը հատել չի կարելի, որովհետև կարծում եմ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը որևէ հարցի առնչությամբ, ինչպես ընդունված է քաղաքակիրթ շատ երկրներում:

Եթե դուք իրապես գնահատում եք Հայ Եկեղեցու դերն ու նշանակությունը, ապա հորդորս է զերծ մնալ մեր եկեղեցականների հասցեին անհիմն հայտարարություններ անելուց ու մեղադրանքներ հնչեցնելուց, քանզի ձեր այդ քայլով վնասում եք Հայ Եկեղեցուն և բազմաթիվ հայորդիների նվիրական զգացմունքները»: