|
Փոխարժեքներ
13 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովը հանգամանալից քննեց համազգային մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը:
Խորհրդաժողովի բացման նիստին տեսաերիզով իրենց ողջույնի խոսքերը հղեցին Գարեգին Բ եւ Արամ Ա Վեհափառները, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը: Խորհրդաժողովին հաջողության մաղթանք փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Չորս կետերից բաղկացած օրակարգի շուրջ քննարկումից հետո խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Ա. ՍՓՅՈՒՌՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ
Սփյուռքի դերը հայության առջեւ ծառացած հիմնահարցերի լուծման մեջ ունի ռազմավարական կարեւոր նշանակություն: Այսօր, երբ հայկական պետականությունը գտնվում է անվտանգային լուրջ սպառնալիքների առջեւ, եւ թիրախավորվում են ազգային ինքնության հիմնասյունները, հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը:
Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։
Ներկա հանգրվանում Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են.
Հայաստանի պետականության հզորացում. Հայաստանի Հանրապետության հզորացման եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրային համապարփակ ռազմավարության մշակում եւ գործադրում:
Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում.Հակառակ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը մնում է հրամայական:
Արցախյան հիմնահարց. Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգի վրա՝ ընդգրկելով հետեւյալ գործնական քայլերը.
Բ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵՋ
Հայկական ինքնությունը խարսխված է հայոց պատմության, Հայոց եկեղեցու, լեզվի, մշակույթի եւ ազգային արժեքների վրա, որոնք սփյուռքահայության գոյության հիմնական հենասյուներն են։ Ներկա օրհասական պայմաններում Հայոց եկեղեցին, ինչպես անցյալում, այսօր եւս շարունակում է մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր ինքնության հիմնաքար։
Դատապարտելով ՀՀ իշխանությունների սանձազերծած պայքարը հայկական արժեքների եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ առաջնահերթությունները.
Գ ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ԵՎ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
Ազգային արժեքային համակարգը Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբյուրն է: Այն պետք է համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը: 44-օրյա, ինչպես նաեւ Արցախի վերջին պատերազմներից եւ հայաթափումից հետո, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սփյուռքահայության մոտ առաջացրել է խոր հիասթափություն եւ հուսախաբություն, որի հետեւանքները նկատելի են Սփյուռքի՝ Հայրենիքից հեռանալու մտահոգիչ միտումներում: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից կազմակերպված Սփիւռքն անտեսելու, պառակտելու եւ Հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականությունը: Մտահոգիչ է նաեւ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը Միջին Արեւելքի գոյութենական վտանգներ ապրող հայկական գաղութների նկատմամբ: Առ այդ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առաջնահերթություններն են.
Դ. ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺ ԵՎ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ
Համահայկական օրակարգերի նկատմամբ Սփյուռքի միասնականության, հզորացման եւ վերակազմակերպման անհրաժեշտությունն աներկբա է:
Հրամայական է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ, սփյուռքյան կառույցների եւ առհասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութների միջեւ ուղղակի համագործակցությունը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը: Սփյուռքի վերակազմակերպման գործընթացում հատկապես կենսական է երիտասարդության լիարժեք ներգրավումը:
Սփյուռքի զորաշարժը պետք է կատարվի ռազմավարական ծրագիրների շուրջ՝ նկատի ունենալով հետեւյալ առաջնահերթությունները.
Վերոնշյալ հաստատումների եւ մատնանշված առաջնահերթությունների լույսի տակ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովը շեշտում է, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Սփյուռքի կենսունակությունն ու հզորությունն անքակտելիորեն կապված են Մայր հայրենիքին։
Մեր միասնականությունը պետք է խարսխվի հավերժական ազգային արժեքների եւ պետականության ամրապնդման տեսլականի վրա՝ իբրեւ համընդհանուր օրակարգ։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։
Մենք մերժում ենք ներկայիս իշխանությունների որդեգրած պառակտիչ եւ վանողական մոտեցումները։
Փոխարենը, կոչ ենք ուղղում՝ ստեղծելու առողջ, համակարգված եւ հավասարակշռված հարաբերություններ, որոնք միակ երաշխիքն են հզորացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականությունը։ Մեր ներուժը պետք է ծառայի բացառապես համազգային նպատակներին՝ ապահովելով հայության անվտանգ եւ երաշխավորված ապագան։
Առ այդ, կարեւորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների, անկախ իրենց գտնվելու վայրից, մասնակցությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Կոչ ենք անում արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց միջոցներով գնալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին։
Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ։
ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ