կարևոր
3091 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-09 14:18
Արցախ

Դժվարին պայմաններում համարժեք ուղեգիծ ընտրելու պահը. խմբագրական

Դժվարին պայմաններում համարժեք ուղեգիծ ընտրելու պահը. խմբագրական

Արցախի համար աշխարհաքաղաքական բարդ դասաւորւածութիւնների պայմաններում, երկրի օրէնսդիր մարմնի ղեկավարի պաշտօնը ստանձնել է ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը:

  Անշուշտ առկայ պայմաններում, երբ Արցախը գտնւում է ծայրայեղ ծանր իրավիճակում, երբ պետական համակարգը կաթւածահար է, իսկ քաղաքական դաշտի մթնոլորտը՝ անառողջ, նման պատասխանատու պաշտօնի ստանձնումը եւ ապագայ բոլոր ենթադրւող ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացումների համար պատասխանատւութիւն կրելը կարող է թւալ քաղաքական ինքնասպանութեանը հաւասարազօր քայլ, սակայն երբեւէ չպէտք է մտաթող անել այն իրողութիւնը, որ Հայ  Յեղափոխական Դաշնակցութեան համար Արցախի անվտանգութիւնը եւ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան հարցը եղել է եւ մնում է օրակարգային առաջնահերթութիւն՝ վեր ամէն տեսակի քաղաքական նկատառումներից ու հաշւարկներից: Հէնց սա էլ եղել է կայացւած որոշման հիմքը:

  Արցախի դէմ վեր յառնած թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին մարտահրաւէրները բազմաթիւ ու բազմաբնոյթ են, եւ հէնց այս փաստն էլ կարեւորում է Դաշնակցութեան կողմից Արցախի ԱԺ նախագահի պաշտօնի ստանձնումը: Սա Արցախի քաղաքական իրավիճակի փոփոխութեան առումով կարեւոր քայլ է, որը քաղաքական վերադասաւորումների նոր հնարաւորութիւն է ստեղծում.

  -Ընդդիմութիւնն ամրապնդում է իր դիրքերն Արցախի քաղաքական դաշտում,

  -ԱՀ ԱԺ ղեկավարը սահմանադրութեամբ երկրի երկրորդ դէմքն է, ով նախագահի հրաժարականի կամ այդ գործառոյթի իրականացման անհնարինութեան պայմաններում, ստանձնում է երկրի ղեկավարի պաշտօնը,

  -ԱՀ ԱԺ-ն երկրի ներքին կենսագործունէութիւնը իրաւականօրէն ծրագրող, կարգաւորող եւ դրանք վերահսկող մարմին է: Խորհրդարանի նախագահի պաշտօնի ստանձնումը Դաւիթ Իշխանեանին /եւ նրա միջոցով ընդդիմութեանը/ հնարաւորութիւն է ընձեռում օրէնսդրական նախաձեռնութիւնների եւ նոր քայլերի միջոցով վերացնել հասարակական որոշակի խզւածութիւնը, կայացնել եւ ամրապնդել հասարակական համերաշխութիւնն ու քաղաքական համագործակցութիւնը,

  -Ներկայ պայմաններում, թերեւս ամենակարեւորը՝ Արցախի քաղաքական կուրսի հետ կապւած հարցերն ու խնդիրներն են, մանաւանդ, եթէ հաշւի առնենք գործող նախագահ Արայիկ Յարութիւնեանի անկայուն՝ հեղհեղուկ մօտեցումներն ու յաճախ ՀՀ գործող իշխանութիւնների տրամադրութիւնների ամբողջական ազդեցութեան տակ լինելը:

  ԱՀ ԱԺ նախագահի պաշտօնը հնարաւորութիւն է ընձեռելու ընդարձակել երկրի օրէնսդիր մարմնի դերի ու լիազօրութիւնների շրջանակը, Արցախի իշխանութիւններին որոշակիօրէն զերծ պահել արտաքին, մասնաւորապէս՝ ՀՀ գործող իշխանութիւնների պարտւողական ու յանձնւողական քաղաքականութեան ենթական լինելուց: Այս առումով երկրի օրէնսդիր մարմինը կարող է դառնալ ազգային-պետականամէտ գիծը կրող այն առանցքը, որը կը կարողանայ որոշակիօրէն ազդել Արցախի հետագայ ճակատագրի՝ կարգավիճակի եւ անվտանգութեան հետ կապւած գործընթացների եւ զարգացումների վրայ, կանխելու համար Արցախը թշնամուն յանձնելու հակազգային ծրագրի իրագործումը,

  -2018 թւականին Հայաստանում իրականացւած իշխանափոխութիւնից յետոյ, Հայաստան-Արցախ-Սփիւռք Եռամիասնութիւնն այլեւս չի գործում, այն կազմաքանդւել է: Մեր օրերի օրհասական պայմաններում կենսական անհրաժեշտութիւն է դրա վերականգնումը: Արցախի խորհրդարանի նախագահի պատասխանատու պաշտօնում Դաւիթ Իշխանեանի նշանակումը կարող է որոշիչ խթան հանդիսանալ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը վերականգնելու եւ հայութեան ամբողջական կարելիութիւնների համախմբման համար՝ ի շահ Արցախի դատի հետապնդման պայքարի:

  Դաշնակցութեան համար որեւէ պաշտօնի ստանձնումը երբեւէ ինքնանպատակ չի եղել: Իրավիճակը նոյնն է նաեւ հիմա, երբ ամենադժւար պայմաններում կուսակցութեան ներկայացուցիչն Արցախում ստանձնել է նման պատասխանատու պաշտօն: Կուսակցական ամենաբարձր մակարդակով, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանի կողմից նման պաշտօնի ստանձնումը հաւաստումն է ինքնորոշման իրաւունքի վրայ հիմնւած Արցախի հարցի կարգաւորման, արցախահայութեան անվտանգութեան ապահովման եւ բոլոր ասպարէզներում Արցախի հետագայ զարգացումն ապահովելու գործին ՀՅԴ ամբողջական եւ անսակարկ նւիրման փաստի:

  Որպէս ազգային-յեղափոխական կուսակցութիւն, Դաշնակցութեան այսօրւայ օրակարգը չի կարող լինել սովորական, ընթացակարգային: Այն պէտք է արտացոլի օրւայ պահանջները, դառնայ դժւարին պայմաններում համարժէք ուղեգիծ որդեգրելու, իրավիճակում բեկում մտցնելու նպատակասլաց ձգտում, որին պէտք է անպայման հետեւեն համապատասխան քայլեր: Դաշնակցութեան այս որոշումը միտւած է հէնց դրան:

«Ալիք» օրաթերթ