Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ոմանք, ՀՅ Դաշնակցության մասին խոսելիս, ճիշտ է, հեգնանքով են ասվում՝ «կողմ ըլլալով դեմ են, դեմ ըլլալով՝ կողմ», բայց ասեմ, որ սրա մեջ որոշակի ճշմարտություն կա: Ու լավ է, որ այսպես է: Դաշնակցությունն իրատես կուսակցություն է և ունի սկզբունքային արժեքներ, որոնց կարողանում է ստորադասել անձնային ու կուսակցական շահը:
Պարզ լեզվով ասեմ, որ օրինակի վրա շատերին ընկալելի լինի: Երբ ընտանիքիդ անդամը լուրջ հիվանդ է ու դեղերի կամ վիրահատության շտապ կարիք ունի, բայց դու նպատակ ունես տուն գնելու ու այդ օրը ձեռքիդ ունեցած ողջ միջոցներով պետք է վճարես հիփոթեքի տոկոսների գումարը, հիմա որն է՞ առաջնային՝ ընտանիքիդ անդամի կյանքը փրկելը՞, թե հիփոթեքը վճարելը: Ու՞մ է պետք այդ տունը, եթե չկարողանաս կամ չցանկանաս ծնողիդ, զավակիդ կամ կողակցիդ կյանքը փրկել:
Տուն հետո էլ կարելի է ձեռք բերել: Ճիշտ է, այդ պահին վնասվում ես, տուժում, հետո ավելի շատ վճարում, բայց հաստատ ընտանիքի անդամի կյանքը փրկելն ավելին արժի: Որովհետև նպատակդ առողջ, բարեկեցիկ, ապահով ու համերաշխ ընտանիքն է, այլ ոչ թե անշունչ նյութական արժեքը:
127-ամյա պատմության մեջ էլ բազում օրինակներ կան: Օրինակ, ՀՅԴ-ն լինելով ընկերվարական (սոցիալիստական) կուսակցություն՝ իր ծննդյան օրից լծվել է ազգային-ազատագրական պայքարին: Բնականաբար՝ «շեղվել» է իր ծրագրային նպատակից: Գիտե՞ք ինչու: Որովհետև թուրքը կեղեքում ու ոչնչացնում էր հային: Ի՞նչ դասակարգային պայքարի մասին կարող էր խոսք լինել, երբ տեսակդ էր վտանգված՝ անկախ սոցիալական վիճակիցդ: Ոչնչացվում էր և ունևորը և աշխատավորը: Հիմա, որ պաշտպանել է ունևոր հային թուրքի յաթաղանից՝ դեմ ըլլալով դասակարգային անհավասարությանը՝ կողմ է եղել հայի փրկությանը: Սխալ է՞ եղել:
Կամ՝ երբ Ռուսական Ցարական Կայսրությունը 1903 թ.-ին որոշեց բռնագանձել Հայ Առաքելական Եկեղեցու ունեցվածքը՝ ՀՅԴ-ն կազմակերպեց ու դիմագրավեց այդ թալանչիական գործունեությանը: Փաստորեն, ՀՅԴ-ն լինելով աշխարհիկ ուժ, քարոզելով կրոնի ու խղճի ազատություն՝ տեր կանգնեց Հայ Եկեղեցուն: Փաստորեն, դեմ ըլլալով կրոնահամայնքային կյանքին՝ կողմ եղավ Հայոց Եկեղեցու գոյությանը՝ որպես ազգային արժեքի: Երևի անսկզբունքայնություն էր, չէ՞: Ասեր ես աթեիստական հայացքներ ունեմ, ինչ ուզում է՝ թող լինի եկեղեցու հե՞տ: Այսպես ձեր սրտով կլինե՞ր:
Կամ՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ դեմ լինելով ֆաշիզմին՝ համագործակցել է գերմանացիների հետ՝ Եվրոպայի օկուպացված տարածքներում բնակվող շուրջ 500 000 հայությանը ոչնչացումից փրկելու համար: Անսկզբունքայնություն է՞ արել:
1992 թվականին, երբ Լ.Տ.Պ.-ն անհիմն ու անօրինական կերպով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին արտաքսելու մասին խոսեց՝ ՀՅԴ-ն ներքին քաղաքացիական պատերազմ սկսե՞ր, թե՞ փորձեր կանխել ներքին պառակտումը՝ հանուն այդ օրերին ընթացող հայ-ադրբեջանական պատերազմի դաշտում Հայրենիքի միասնական պաշտպանության: Դեմ լինելով արտաքսմանը՝ կողմ է եղել ներքին խաղաղությանը: Անսկզբունքայնություն է՞ր:
1994 թվ-ին, ՀՀՇ-ական իշխանության կամայականությամբ ՀՅԴ-ն փակվեց ՀՀ-ում, ղեկավար շատ անձիք բանտերում հայտնվեցին, բայց սփյուռքում ու սփյուռքից շարունակեց զորավիգ լինել ՀՀ-ին: Անգամ՝ բանտից: Անգամ, երբ փակող ԼՏՊ-ն Սիրիա գնաց՝ ՀՅԴ կառույցն ընդունեց ու լավագույնս ՀՀ Նախագահին ընդունելություն կազմակերպեց արաբական միջավայրում, քանի որ պետք էր, որ օտարները տեսնեին, որ հայերը միասնական են ՀՀ-ում ու Սփյուռքում: Անսկզբունքայնություն է՞ր այս ամենը:
Թողում եմ ձեր դատին: Ու անկախ ձեր գնահատականից՝ ՀՅԴ-ում միշտ կարողացել են զանազանել առաջնայինը երկրորդայինից՝ թեկուզ դա իր վարկանիշի վրա ազդեր: ՀՅԴ-ն երբեք պոպուլիզմով չի զբաղվել ու օդում ջուր չի ծեծել՝ ի տարբերություն շատերի:
Հանգիստ եղեք, պատմության էջից շատերը կգան, կանցնեն ու կգնան, իսկ կայուն ու նպատակասլաց, ուղեգիծ ունեցող ՀՅԴ-ն կմնա, ինչպես մնացել է նախորդ 127 տարում:
Ամփոփելով գրառումս, ասեմ, որ ՀՅԴ-ն, ընդհանուր առմամբ՝ վերկուսակցական կառույց է իր բնույթով, ուղղակի, հաշվի առնելով ՀՀ-ում գործող օրենսդրության պահանջները՝ ՀՀ-ում ձեռք է բերել օրենսդրօրեն թույլատրելի կուսակցության կառուցվածք ու գործելավոճ:
Ու այդ ուղիով էլ ամեն ինչ կանի Հանուն հայության, հանուն Հայաստանի ու նրա շահերի՝ ինչպես ՀՀ-ում ու ԼՂՀ-ում, այնպես էլ՝ Սփյուռքում:
Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնեմ, որ ոչ մի ազգ չունի այնպիսի քաղաքական կառույց, ինչպիսին ՀՅԴ-ն է, մի կառույց, որը գործում է երեք տասնյակից ավելի պետությունների տարածքում: Որպես ազգային կապիտալ և ուժ՝ ՀՅԴ-ն կա՛ ու լինելու՛ է, անկախ չուզողներից՝ թե դրսում, թե ներսում: Ու միշտ ապավեն է լինելու Հայության ու Հայաստանի շահին: Ողջ լերուք:»