|
Փոխարժեքներ
10 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
ՀՀ դատախազությունը պայմանագիր է կնքել «Սուր և Նիզակ» ՍՊ ընկերության հետ անվտանգության ապահովման ծառայությունների ձեռք բերման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։
Ընկերությանը տրամադրվել է 306 միլիոն դրամ, իսկ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Պայմանագրից տեղեկանում ենք, որ պահպանման օբյեկտներ են հանդիսանում ՀՀ դատախազության վարչական շենքերը, իսկ պահպանությունն իր մեջ ներառում է շենքերի, շինությունների, կառույցների, դրանց բակային և հարակից տարածքների հսկողության, պահպանության և անվտանգության ապահովումը։ Վարչական շենքերը պահպանողները պարտավոր են շուրջօրյա ծառայության միջոցով կանխարգելեն, կանխեն և կասեցնեն պահպանվող օբյեկտում իրավախախտումները, հնարավոր հակաիրավական ոտնձգությունները և այլ համանման երևույթներ, ապահովեն պահպանվող տարածքում գտնվող անձանց պատշաճ վարքագիծը, կանխեն նյութական արժեքների չարտոնված տեղաշարժը և իրականացնեն պահպանության ենթակա օբյեկտի, գույքի ու նյութական արժեքների, քրեական վարույթների, նյութերի, իրեղեն ապացույցների պահպանությունը, անմիջապես արձագանքեն արտակարգ իրավիճակների դեպքում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնեն ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն։
Ինչ վերաբերում է ՍՊ ընկերությանը, ապա նշենք, որ այն Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերությունն է, որը հանդիսանում է Արմավիրի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Արսեն Կոստանդյանի կինը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրը։
Ի դեպ, «Հետք»-ի փոխանցմամբ՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանն ունի նաև այլ ընկերություններ՝ «Անգա գրուպ» և «Մանակ» ՍՊ ընկերությունները։
Դատավորի դստեր ընկերություններից մեկը 2020 թվականից սկսած միլիոնավոր դրամներով հանդերձանք է մատակարարել ուժային ու իրավական տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ին, ՊԵԿ-ին, ԱԻՆ-ին, ԱԱԾ-ին։