Միասին կարող ենք
կարևոր
1060 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 19:48
Հասարակություն Քաղաքական

Դավիթ Մինասյանի դեպքը ոչ միայն հումանիտար խնդիր է, այլև իրավաքաղաքական լրջագույն ազդակ. պատգամավոր

Դավիթ Մինասյանի դեպքը ոչ միայն հումանիտար խնդիր է, այլև իրավաքաղաքական լրջագույն ազդակ. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը այսօր գտնվում է ոչ թե բարեփոխումների, այլ՝ լրջագույն արժեզրկման փուլում։ Այն, ինչ ներկայացվում է որպես իրավական պետության կայացման գործընթաց, իրականում վերածվել է իշխանության կենտրոնացման և քաղաքական վերահսկողության մեխանիզմի։

Փաշինյանական իշխանությունն այսօր փաստացի ձևավորել է մի միջավայր, որտեղ արդարադատությունը կորցրել է իր հիմնարար առաքելությունը։ Օրենքի գերակայության փոխարեն հաստատվել է քաղաքական նպատակահարմարության գերակայություն, իսկ դատական համակարգի անկախությունը փոխարինվել է կեղծիքով ու ընտրովի արդարադատությամբ: Այս պայմաններում արդարադատությունը դառնում է ոչ թե հավասարության և իրավունքի պաշտպանության երաշխիք, այլ՝ ընտրովի կիրառվող գործիք, որի միջոցով լուծվում են քաղաքական խնդիրներ։ Սա արդեն վտանգավոր նախադեպ է, քանի որ խարխլում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը և ստեղծում անկանխատեսելի իրավական միջավայր։

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դեպքը այս համակարգի բնութագրիչ օրինակներից է։ Երկամսյա կալանքի ընթացքում նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը Աբովյան ՔԿՀ-ում և նրա հետագա տեղափոխումը Նաիրի ԲԿ ոչ միայն հումանիտար խնդիր է, այլև իրավական և քաղաքական լրջագույն ազդակ։ Սա ցույց է տալիս, որ մարդու հիմնարար իրավունքները կարող են երկրորդական դառնալ քաղաքական հաշվարկների համատեքստում։

Արդարադատությունը չի կարող լինել կիսատ, պայմանական կամ ընտրովի։ Այն կա՛մ կա, կա՛մ չկա։ Եվ այնտեղ, որտեղ այն դադարում է լինել իրական, սկսվում է իրավական բեսպրեդելը:

Պետությունը չի կարող կառուցվել վախի, ընտրովի օրենքի և քաղաքական հաշվեհարդարի վրա։ Այն կառուցվում է վստահության, իրավունքի և արդարության հիման վրա։ Երբ այդ հիմքերը խարխլվում են, փլուզումը դառնում է ոչ թե հավանականություն, այլ՝ անխուսափելիություն:

Ցավոք, այս սկզբունքները վաղուց անտեսվում են փաշինյանական իշխանության կողմից։ Նրանք արդարադատությունը օգտագործում են ոչ թե արդարություն հաստատելու, այլ սեփական խնդիրները լուծելու, քաղաքական հաշվեհարդար իրականացնելու և իրենց իշխանության վերարտադրությունը ապահովելու համար։

Եվ որքան երկար շարունակվի այս կեղծ իրականությունը, այնքան ավելի ծանր ու անդառնալի կլինի դրա հետևանքը։

Հետևաբար, հարցն այլևս մեկն է՝ վերականգնել իրական արդարությունը...»։