|
Փոխարժեքներ
24 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
«Հարցումները ցույց են տալիս՝ Ռոբերտ Քոչարյանը ամենաբարձր վստահելիությունն ունի թե՛ «Հայաստան» դաշինքի շրջանակում, թե՛ ընտրական գործընթացներում»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը քաղաքական գործիչների շրջանում ամենաբարձրն է։ Վարչապետի թեկնածուի հարցը չենք քննարկել, սակայն մեր հարցումների արդյունքում ամենաբարձր տոկոսները ստացել է հենց նա»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ն ևս ունի իր հարցումները, և դրանց արդյունքներով չի կարողանում ապահովել մեծամասնություն։
«Նրանք հասկանում են, որ կա առնվազն մի քանի ուժ, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը, որոնք այս պահին հավաքում են ծանրակշիռ քվեներ։ Վաղը դա կլինի 50+1, թե ոչ՝ կախված է ընտրական գործընթացներից, քարոզարշավից, թիմերից և այլ հանգամանքներից։ Եթե վստահ չլինեինք, որ կհաղթահարենք 8 տոկոսը, դաշինքով հանդես չէինք գա։ Մենք մի քանի անգամ ավելի շատ տոկոս ենք հավաքելու՝ բազմապատկեք այդ 8 տոկոսը երեքով։ Մարզերում անցկացվող հանդիպումների ժամանակ եղել են դեպքեր, երբ նստատեղերը չեն բավարարել, որոնք իշխանությունները նույնիսկ չեն ցանկացել տրամադրել»,- նշել է նա։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք երկրորդ նախագահը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի նման շրջել փողոցներով և շփվել քաղաքացիների հետ, Դանիելյանը պատասխանել է․
«Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քարոզչության ձևերն ու մեխանիզմները։ Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը որևէ խնդիր չունի։ Նա մասնակցում է տարբեր միջոցառումների, բայց մենք չենք պատրաստվում պոպուլիստական քայլերի դիմել՝ մեկի աղբը տանել, մյուսի գնումները տեղափոխել կամ ձևական գրկախառնություններ անել։ Փոքր երկիր է, բոլորս գիտենք՝ ով ում բարեկամն է։ Բարեկամներին, կուսակիցներին բերում, շարում են՝ իբր պատահաբար հանդիպեցին, հուզվեց, համբուրեց։ Ամոթ է, էլի»։