կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-31 15:33
Հասարակություն

Չլդրան, ամառ, կարգ ու կանոն և իրականություն. պատերազմ ու լվացք, (մաս I, II)

Չլդրան, ամառ, կարգ ու կանոն և իրականություն. պատերազմ ու լվացք, (մաս I, II)

Արցախյան գոյապայքարի մասնակից Սարգիս Աղաջանյանը «Պատերազմ ու լվացք» խորագրով ներկայացնում է իր հուշերը։ Հուշագրության մեջ շարժապատկերի նման անցնում են ինչպես գոյապայքարը, այնպես էլ մարդիկ, դեպքերն ու հիշատակման արժանի իրադարձությունները։

«Դրվագներ իմ հուշերից

ԼՂՀ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՇՈՒՇԻԻ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ, ԱՐՑԱԽ, 1993 Թ.

ՊԱՏԵՐԱԶՄ ՈՒ ԼՎԱՑՔ IX ՄԱՍ

ՄԱՍ I

ՉԼԴՐԱՆ, ԱՄԱՌ, ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյուղը մի քանի օր առաջ էր ազատագրվել, ու արդեն ընտանիքներ էին վերադարձել բնակվելու։

Մեր գումարտակը ժամանակավորապես տեղակայվել էր Չլդրանում։

Գյուղում մի քանի օր անցկացնելը չէր նշանակում միայն հանգստանալ։ Այստեղ պատերազմական դրությանը հատուկ դասական ռազմաբազա էինք ստեղծել. ամեն օր ու գիշեր հերթապահություն էինք անում, մարզանքներ, զենքի դասեր, տարբեր դասախոսություններ էինք լսում (նույնիսկ ազատամարտիկի բարոյական կերպարի մասին) … ։

Այդպիսի մի օր հասկացա, որ այլևս մաքուր հագուստ չունեմ։ Ընդամենը մի քողարկիչ խալաթ (маскхалат) է հագիս, պետք է լվացք անեմ։

Քանի որ դեռ հիմնովին չէինք ամրացել գյուղում, չունեինք կենցաղային համապատասխան պայմաններ. մոտեցա մի տան, որտեղ ապրում էին տարեց ամուսիններ։ Բարևեցի տատիկին, խնդրեցի թույլ տա իրենց բաղնիքում հագուստս լվալ։

Այդ տունն էի ընտրել, որովհետև բաղնիքը տնից առանձին էր՝ բակում: Չէի ուզում որևէ անհարմարություն պատճառել։ Մեր գումարտակում օրենք էր՝ միայն օգնել, չխանգարել, նեղություն չպատճառել։

Տատիկն ասաց․ «Հունց թա տյու լվացք անիս, ես կանիմ, մատաղ ինիմ, խե ըտի պեներըս ասում, համութա»։

Այս խոսքերն ասաց սրտանց, անկեղծ և սրտնեղած։ Ես շատ պնդեցի և որպեսզի «հաղթեմ», ասացի՝ էդ դեպքում կվերադառնամ զորանոց՝ առանց լվացք անելու։

Ինչևէ, տատիկը դժվարությամբ, բայց համաձայնեց։

Հագուստներս տեղավորեցի մետաղյա տաշտակի մեջ, մի քանի կտոր մուգ շագանակագույն լվացքի օճառ գցեցի ջրի մեջ ու սպասում էի փափկի, որ սկսեմ լվանալ։

© Սարգիս Աղաջանյան

Մաս II

Տագնապ ու բերկրանք

Բաղնիքում լսում եմ մեր դասակի մարտիկներից մեկի բղավոցը. անդադար անունս կանչելով, դեպի ինձ է վազում։

Դուրս եկա ընդառաջ։ Ասաց, որ տագնապ է, մարտական առաջադրանք ենք ստացել, պետք է մեկնենք։

Դե ես՝ հագիս ընդամենը մի քողարկիչ խալաթ, վրայից զրահաբաճկոնը, ավելի ճիշտ разгрузка военная (լիֆչիկ), մինչև ատամներս զինված, բերետը գլխիս, ընկերներիս կողքին էի՝ ինքնաթափ «Կամազի» վառ նարնջագույն թափքում, որով սովորաբար ավազ են տեղափոխում։

Ռազմական «Կամազ» ավտոբուսը՝ (դա մեր լյուքս դասի փոխադրամիջոցն էր), այլ դասակի էր տեղափոխում) ։

Արարողակարգի և ծիսակարգի համաձայն՝ տարբեր ծառայությունների (թիկունքային, ռազմաբժշկական) կանայք՝ ամենքիս մի կտոր չոր հաց ու ֆրանսիական կաթնային շոկոլադ բաժանեցին։

Գրկախառնություններից հետո ջուր շփեցին մեր հետևից, ամպի չափ օրհնեցին ու մենք շարժվեցինք՝ «Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք...., մոլի և երկչոտ թշնամին թող լա...» երգը շրթներիս։

Շռնդալից գրոհ էր Աղդամի շրջանի Մոլլալար և Ալիմադաթլի օտարածին անուններով՝ գյուղերի ուղղությամբ։

Իրականում՝ պատմական Խաչենի մելիքության ամենահայկական տարածքներն են, Խաչենագետի հովտում:

Իսկապես շռնդալից գրոհ էր, ինչպես ասում են՝ մարտ ընթացքից, կայծակնային, ինչը աննկարագրելի համարձակություն էր հաղորդում մեզ և մղում սխրանքների։

Շատ կարճ ժամանակահատվածում բազում դրամատիկ իրադարձություններ եղան, որոնց մասին գուցե մեկ այլ անգամ գրեմ։

Արկերի տարափ էր, պայթյուններ, կրակ, վառվող տներ, ինքնաձիգների պտպտոց, բեկորների բվվոց, ռադիոկապով ինտենսիվ խոսակցություններ՝ Արցախի ու հայկական աշխարհի բոլոր բարբառներով խառը հրահանգներ, վարկյանների ընթացքում տրամադրության տատանումներ։

Մի խոսքով, դասական տիպիկ գրոհ՝ իր բոլոր ատրիբուտներով։

Շատ արագ զբաղեցնում ենք բնագիծը։

Մարտական առաջադրանքի առաջին մասը կատարված է առանց զոհերի և վիրավորների, թերևս՝ մի քանի աննշան քերծվածքներով։

Գյուղերն ազատագրված են, մեր մարտական ոգին հասնում է երկինք,

«....սուր ակռաներով պողպատ կծամեմ…» հոգեվիճակում ենք։

© Սարգիս Աղաջանյան

Շարունակելի»