կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 15:42
Հասարակություն

Դեդո-Բաբո, ինչ տեսք, բույր ու ջերմություն ունի երջանկությունը․ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ․ մաս 7

Դեդո-Բաբո, ինչ տեսք, բույր ու ջերմություն ունի երջանկությունը․ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ․ մաս 7

Արցախյան գոյապայքարի մասնակից Սարգիս Աղաջանյանը «ՊԱՏԵՐԱԶՄ ՈՒ ԼՎԱՑՔ» խորագրով ներկայացնում է իր հուշերը։ Հուշագրության մեջ շարժապատկերի նման անցնում են ինչպես գոյապայքարը, այնպես էլ մարդիկ, դեպքերն ու հիշատակման արժանի իրադարձությունները։  

«Դրվագներ իմ հուշերից

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ

ՄԱՍ VII ԴԵԴՈ-ԲԱԲՈ, ԻՆՉ ՏԵՍՔ, ԲՈՒՅՐ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Հասնում եմ բաղնիք, դուռը մելամաղձոտ ճռոցով բացում և ի՞նչ. տաշտակը դատարկ է։

Առաջինը, որ մտքովս անցավ՝ զորանոցում մնացած տղերքից մեկն է շորերս լվացել, համարելով, որ շատ կարևոր գրոհի եմ գնացել, կատարում եմ հայրենանվեր գործ և արժանի եմ այդ բախտին: Սա միանգամայն հնարավոր բան էր մեր գումարտակում։

Դուրս եմ գալիս բաղնիքից, ինձ ընդառաջ են գալիս տատիկն ու պապիկը. Նռնաբույր տատիկը գրկում է ինձ, տեսնելով ճմռթված դեմքս և հագուստիս մնացորդները, ավելի ամուր է գրկում. այստեղ տեղին է ասել՝ խտտում, ականջիս շշնջում է՝ մատաղ ինիմ, խոխես, քոռանամ ես, ու էլի լիքը բառեր, որոնք աղոթքի, անասելի, մոգական ազդեցություն էին ունենում վրաս. թեթևություն էի զգում, կարծես ամպերի մեջ լինեի։

Պապիկը արցախցուն հատուկ, առանց այլևայլությունների, ձեռքս սեղմում է ու լուռ գլուխս շոյում։

Տատիկն ասաց․ «մատաղ, նիմըտ տոն, հենըն շորերդ լոխ լվացված, պատրաստ, ութու տված (արդուկած)»։

Տանը՝ պատշգամբը հյուրասենյակից առանձնացնող լայն պատուհանագոգին, իրար վրա դարսված էին հագուստներս. շողշողում էին, թարմություն էին բուրում, իսկապես արդուկված էին փայտածուխի ծանր արդուկով։

Ավելորդ էր շնորհակալությունից բացի այլ բան ասել տատիկին: Հուզված, երախտապարտ, մի տեսակ պապանձված, համբուրեցի տատիկին, հագուստներս գրկեցի, շարժվեցի դեպի զորանոց: Տատիկն ասաց. «մատաղ, մի գնա, շատ եմ խնդրում, միասին կընթրենք ու կգիշերես մեր տանը»։

Ես չկարողացա անմիջապես համաձայնվել. գումարտակում դա ընդունված չէր, կարգ ու կանոնի խախտում էր, պետք էր թույլտվություն վերցնել հրամանատարից։

Ասացի. «Տատիկ ջան, թույլտվություն կվերցնեմ, կգամ, անպայման կգամ, խոստանում եմ, վստահ եմ, որ հրամանատարս թույլ կտա»։

Հագուստները գրկիս մտնում եմ զորանոց, ուզում եմ տեսնել ընկերներիս դեմքի արտահայտությունը՝ լվացված ու արդուկված հագուստերս տեսնելիս։

Հրամանատարիս հայտնեցի տատիկի ու պապիկի հրավերի մասին. մի փոքր տարակուսած նայեց վրաս, հետո շատ վճռական ասաց. «Իմ անունից մոտեցիր սննդի մատակարարման պետից (начпрод) մի քանի պահածո ու նավթ վերցրու նրանց համար, գիշերիր այնտեղ, բարևիր, ասա՝ ինչի կարիք ունենան, անպայման տեղեկացնեն, առանց քաշվելու»: Էլեկտրական հոսանք չկար, և նավթը գյուղում լամպերի համար շատ անհրաժեշտ էր։

Ես երջանիկ, լայն ժպիտը դեմքիս, ստացա պահածոներն ու նավթը, շարժվեցի դեդո-բաբոյի տուն։

© Սարգիս Աղաջանյան

Շարունակելի»։

Հուշագրության առաջին և երկրորդ մասերն՝ այստեղ, երրորդն՝ այստեղ, չորրորդն՝ այստեղ, հինգերորդն՝ այստեղ, վեցերորդն՝ այստեղ: