|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
«Պետական սուվերենությունը (ինքնիշխանությունը) միայն իրավական կարգավիճակ չէ, ոչ էլ Նիկոլի ղժղժոցներով հրամցրած «կուտ»։
Սուվերենությունը ռազմավարական լծակների վրա հենվող կոնկրետ և իրական հնարավորություն է` դիմակայելու արտաքին ճնշումներին և վարելու անկախ քաղաքականություն։
Մինչ Հայաստանի ողբերգական վիճակին անդրադառնալը` տանք մի քանի երկրների օրինակներ.
1. Վերահսկելով կարևորագույն նեղուցները (Բոսֆոր, Դարդանել), Սև ծովից դեպի Միջերկրական ծով միակ ելքը՝ Թուրքիան վերածվել է անփոխարինելի գործընկերոջ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար։ Սա թույլ է տալիս Թուրքիային վարել ինքնուրույն քաղաքականություն և անել այն, ինչը բխում է իր ռազմավարական շահերից։
2. Սինգապուր. փոքրիկ կղզի-պետություն, որը չունի ոչ մի բնական ռեսուրս (նույնիսկ խմելու ջուր), բայց ունի բարձրագույն սուվերենություն։ Լծակը` Մալակկայի նեղուցի վրա գտնվող աշխարհի ամենաարդյունավետ նավահանգիստը և տեխնոլոգիական հզորությունը։
Արդյունքում` Սինգապուրը դարձել է համաշխարհային ֆինանսական և առևտրային կենտրոն։ Նրա սուվերենության գրավականն իր անփոխարինելիությունն է համաշխարհային տնտեսության համար։ Եթե Սինգապուրում խնդիրներ առաջանան, դա կզգա ողջ աշխարհը։
3. Իսրայել. ռազմական և տեխնոլոգիական գերակայություն։
Շրջապատված լինելով թշնամական միջավայրով՝ Իսրայելը ստիպված էր ստեղծել սուվերենության սեփական մոդելը` բարձր տեխնոլոգիական բանակը, սեփական ռազմարդյունաբերությունը և (ըստ համաշխարհային փորձագետների) միջուկային զենքը։ Արդյունքում` ինքնապաշտպանության բացարձակ կարողությունը Իսրայելին թույլ է տալիս կայացնել լրջագույն որոշումներ։
4. Կատար. փափուկ ուժ և էներգետիկա։
Այս փոքր պետությունը ցույց տվեց, թե ինչպես կարելի է սուվերենությունը պաշտպանել «փափուկ ուժի» և բնական գազի միջոցով։ Հեղուկացված բնական գազի հսկայական պաշարների և Al Jazeera լրատվական ցանցի առկայության արդյունքում` 2017-2021 թթ. հարևան արաբական երկրների կողմից շրջափակման ժամանակ Կատարը կարողացավ պահպանել իր սուվերենությունը հենց իր տնտեսական հզորության և միջազգային ազդեցության շնորհիվ՝ թույլ չտալով արտաքին միջամտություն իր ներքին գործերին։
5. Իրան. հսկայական էներգակիրնեի (նավթ և գազ), Հորմուզի նեղուցի վերահսկողության և Մերձավոր Արևելքում «պրոքսի» (վստահված) ուժերի ցանցի առկայության արդյունքում Իրանը ստեղծել է սեփական ռազմարդյունաբերությունը։ Վերահսկելով Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը, Իրանը երաշխավորում է, որ իր դեմ ուղղակի ռազմական գործողությունները կունենան աղետալի համաշխարհային տնտեսական հետևանքներ։ Սա նրան թույլ է տալիս պահպանել քաղաքական սուվերենությունը նույնիսկ մեկուսացման մեջ։
6. Եգիպտոսը պատմականորեն վերականգնել և ամրապնդել է իր սուվերենությունը՝ ազգայնացնելով և զարգացնելով աշխարհի կարևորագույն ջրային ուղիներից մեկը։
Սուեզի ջրանցքը Եգիպտոսի համար ոչ միայն բյուջեի հսկայական եկամուտ է (տարեկան միլիարդավոր դոլարներ), այլև քաղաքական վահան։ Քանի որ համաշխարհային առևտրի մոտ 12%-ը անցնում է հենց այստեղով, մեծ տերությունները շահագրգռված են Եգիպտոսի կայունությամբ։ Սա Կահիրեին հնարավորություն է տալիս լինել առանցքային խաղացող արաբական աշխարհում և ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Հաջորդիվ կքննարկենք, թե որոնք են Հայաստանի սուվերենության համար հիմք հանդիսացող ռեսուրսները, և ինչ է անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրանց հետ»։