կարևոր
1810 դիտում, 8 ամիս առաջ - 2023-09-14 11:06
Քաղաքական

Ովքե՞ր և ինչո՞ւ են փորձում խուճապային ու անկումային տրամադրություններ սերմանել Արցախում. «Փաստ»

Ովքե՞ր և ինչո՞ւ են փորձում խուճապային ու անկումային տրամադրություններ սերմանել Արցախում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում նախագահական ընտրություններից և նոր իրավիճակի ձևավորումից հետո մի շարք դեմքեր, որոնք ժամանակին հանդես էին գալիս որպես «Արցախի համար պայքարի առաջամարտիկներ» կամ գոնե նման հայտ էին ներկայացնում, նահանջի ճանապարհ են բռնել։ Դրանցից է, օրինակ՝ Տիգրան Պետրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի նախագահության ժամանակ նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահն էր. մասնավորաբար, Պետրոսյանը հրապարակային հայտարարել է, որ պահանջում է հումանիտար միջանցք՝ Արցախից դուրս գալու համար։

Թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս գործընթացը մի շարք հասկանալի պատճառներով Արցախում բավական մեծ կրքեր է առաջացրել. նախ՝ Արցախում գերակշիռ մեծամասնությունը պայքարում է Արցախում մնալու և ոչ թե մարդասիրական միջանցք ստանալու համար, մյուս կողմից՝ բացի այն, որ Պետրոսյանն ու նրա նմանները քիչ չէ ցանկանում են դուրս գալ Արցախից, դեռ մի բան էլ՝ հրապարակային են նման հայտարարություններ անում։ Մեր տեղեկություններով, Արցախում հումանիտար միջանցքի մասին թեզերը հրապարակային և ոչ պաշտոնական մակարդակներում հիմնականում գեներացվում են ժամանակին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված ու կառավարվող հենց այդ խմբերի կողմից։

Ավելին, այդ նույն շրջանակները, նման տիպի քարոզ իրականացնելով, փորձում են մարդկանց մոտ խուճապ առաջացնել։ Թերթի տեղեկություններով, Արցախի ուժային կառույցները զգուշացրել են, որ նման հրապարակային կոչերը և հանրության շրջանում խուճապ տարածելը ընկալվելու են որպես օրենքից դուրս գործողություններ, և կոշտ միջոցներ են ձեռնարկվելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում