Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախօրեին խորհրդարանի ամբիոնից բաց տեքստով հասկացրեց, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նույնն է թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, «անակնկալի է գալիս», երբ իրեն մեղադրում են հողերը հանձնելու, դավաճանության ու Արցախից ձեռք քաշելու մեջ։
Հայաստանի ղեկավարը, որը պատերազմից ու պարտությունից հետո այդպես էլ համարձակություն չունեցավ Արցախ այցելելու, այսօր տարակուսում է, թե ինչո՞ւ կան մարդիկ, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանը Արցախից ձեռքերը լվացել է։
Այս մտքից, արի ու տես, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հոգին էլ է պղտորվել։ Փաշինյանից թարմ պաշտոն ստացած նախկին ընդդիմադիրը նեղսրտել է, երբ Ստեփանակերտում արցախցիներն իր աչքերի մեջ նայելով ասել են, թե Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից։
«Այդ ինչպե՞ս է Հայաստանը ձեռքերը լվացել, այս ի՞նչ եք խոսում կամ մտածում...»–«զարմացել» է դեսպանն ու որպես հակափաստարկ հիշեցրել, որ այս տարի նախատեսվում է շուրջ 144 միլիարդի աջակցության տրամադրել Արցախին։ Փաշինյանը, Մարուքյանն ու համախոհները, խոսքները մեկ արած, հայտարարում են, որ Հայաստանը նախկինում երբեք այնքան չի աջակցել Արցախին, ինչքան հիմա. խոսքը ֆինանսական աջակցության մասին է, որը պատերազմից հետո օբյեկտիվ պատճառներով ավելացել է, և որը հատկացվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի կամ Խաչատուր Սուքիասյանի գրպանից, այլ հայ ժողովրդից հավաքած հարկերից գոյացող պետական բյուջեից։
Հայաստանից գնացող գումարն Արցախում, բացի շինարարական և այլ ծրագրերից, զգալի մասով ուղղվում է սոցիալական հարցերին. պարզ ասած՝ Հայաստանից փող ենք ուղարկում, որ արցախցին սոված չմնա, պարզապես, որ Արցախը չդատարկվի...
Արցախի ժողովուրդը, որը ժամանակին հացի խնդիր անգամ չուներ, դեռ մի բան էլ իր մշակած ցորենից Հայաստանի Հանրապետություն էր ուղարկում, եթե հիշում եք, հենց Փաշինյանի իշխանության օրոք զրկվեց հացից (թշնամու վերահսկողության տակ անցած 95.000 հեկտար վարելահողերի զգալի մասը ցորենի ցանքատարածություններ էին)։ Հաց արարող արցախցի գյուղացին իր տան մեջ սրի քաշվեց Փաշինյանի բերած «խաղաղության» հետևանքով...
Անիծյալ «խաղաղությունը» հազարավոր արցախցի ընտանիքների թողեց առանց հաց բերող ձեռքի, սրբեց-տարավ արցախցի հազարավոր ջահելների երազանքները։ Այս իշխանությունը, որի վարած քաղաքականության «բերած» պատերազմով Արցախը զրկվել է աշխատուժից, աշխատատեղերից, հարկային եկամուտներից, անգամ հացից, հիմա կանգնել՝ արցախցու երեսով է տալիս իր տված հացի փողը։
Չգիտես սա ծա՞ղր է, պարադո՞քս, թե՞ զառանցանք... Նույն ծաղրն է, երբ պատերազմում որդի կորցրած ծնողին ասում են, թե ոչ մի իշխանություն որպես աջակցություն այսքան փող չի հատկացրել զոհվածի ընտանիքին կամ էլ պարծենում, որ պետության ֆինանսավորած վերարտադրողական բժշկության ծրագրի շնորհիվ սևազգեստ մայրերը 20-25 տարի անց նորից մայրանալու հնարավորություն են ստացել։
Այս իշխանությունների կարճ խելքով՝ այսքան կորուստներից ու զրկանքներից հետո արցախցին հենց նպաստ ստանա, կզգա Մայր Հայաստանի ջերմությունն ու աջակցությունը։
Կարճ ասած, ասում են՝ փողը տալիս ենք, սսկվեք, նստեք տեղներդ, հետո՞ ինչ, որ Խրամորթում կրակում են, Քարագլխի բարձունքին ադրբեջանցիները տնավորվել են, Արցախ մտնող գազատարի վրա փական են դրել, իսկ Արցախի Պաշտպանության բանակը․․․ ցրել ենք։
Մի խոսքով, «խաղաղության դարաշրջանն» իր ողջ դաժանությամբ արդեն չոքել է արցախցու դռանը, Ալիևը Ստեփանակերտի բնակիչներին արդեն իսկ Ադրբեջանի քաղաքացիներ է կոչում, Հայաստանին կապող միակ «պորտալարն» այլևս բաց չէ անգամ հայ օրենսդիրների համար, բայց մեկ է՝ ընդդիմադիրների և «ապերախտ» արցախցիների լեզուն պտտվում է ասելու, թե Հայաստանը Արցախից ձեռքերը լվացել է։ Իսկ իրականում, այս իշխանությունները Արցախից ձեռքերը լվացել են ոչ թե երեկ կամ նոյեմբերի 9-ին, այլ հենց պատերազմի ժամաակ, երբ Արցախի նախագահը, խոսելով Երևանից ակնկալվող օգնության մասին, հայտարարում էր՝ Ստեփանակերտի մատույցները դատարկ են, տասն օր է ասում եմ՝ մարդ տվեք Ստեփանակերտը պահեմ, չեն ուղարկում։
Իսկ Ստեփանակերտը Արցախի սիրտն է, որը չի բաբախի, եթե նրա ու Մայր Հայաստանի կապը վերջնականապես կտրվի։
Թագուհի Մելքոնյան