կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 10:17
Քաղաքական

Խլված հաղթանակների մայիսը

Խլված հաղթանակների մայիսը

Հազարամյակների իր պատմության ընթացքում հայ ազգը բազմաթիվ վերելքներ ու անկումներ, հաղթանակներ ու պարտություններ է ունեցել:

Հայոց պատմության հաղթանակները եղել են ոգու և կամքի հաղթանակ, իսկ պարտությունները` հիմնականում դավաճանության հետևանք, ինչն էլ անջնջելի դրոշմ է դրել մեր երկրի ճակատագրի մի մեծ ժամանակահատվածի վրա:

Պատահականորեն թե նախախնամությամբ մեր հաղթանակները հիմնականում կերտվել են մայիս ամսին:

Ցավի ու խեղճության՝ ցեղասպանության ապրիլից հետո հայ մարդը մի տեսակ սրտի թրթիռով սպասում էր իր հաղթանակների մայիսին, որի սկիզբը եռատոնն էր:

Բայց մինչ եռատոնին անդրադառնալը՝ մի փոքր մայիսյան այլ հաղթանակների մասին: Արշակունյաց թագավորության անկումից հետո ինքնության պահպանման առաջին լուրջ կռիվը հայ ժողովուրդը մղեց 451թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում: Իհարկե, ռազմական հաղթանակ հայությունը չտարավ. շատերն այն անվանեցին «բարոյական հաղթանակ», շատերը` պարտություն: Ոմանց համար Վարդանանց պատերազմը լոկ կրոնական պատերազմ էր, շատերն էլ այն համարում են ինքնության կռիվ: Վարդանանց պատերազմի մասին կարելի է անվերջ խոսել, քննարկել ու բանավիճել, սակայն թեմայի վրա շատ չկենտրոնանալու համար նշենք միայն, որ դարեր շարունակ Վարդանի ու Վարդանանց կերպարները հայ ժողովրդի համար հերոսականության խորհրդանիշներ են եղել, իսկ Վարդանանց նշանաբանը` «մահ իմացյալ անմահություն է»` յուրահատուկ պատգամ իր ազատության համար պայքար մղող հայ ժողովրդին:

Խորհրդային ապազգայնացման տարիներին, երբ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբիմեր ազատագրական պայքարի շատ հերոսների անուններն արտասանելն անգամ արգելված էր, Վարդան Մամիկոնյանի ու Վարդանանց կերպարները հայության համար դարձան ինքնության պահպանման հենասյուներից մեկը:

Հայ ժողովրդի համար, սակայն, ամենաճակատագրականը 20-րդ դարն էր` լի ողբերգական և հերոսական բազմաթիվ էջերով: Ցեղասպանված հայությունը իր մեծ ողբերգությունից հետո կանգնել էր «ազատություն կամ մահ» հրամայականի առաջ, և անխուսափելի էր թվում մահը, բայց հայ ժողովուրդը կարողացավ հավաքել իր ուժերն ու դիմակայել թշնամուն, ինչի շնորհիվ նրան հաջողվեց 600-ամյա չգոյությունից հետո նորից Հայկական լեռնաշխարհում իր պետականության խարիսխը գցել:

Նշենք, սակայն, որ ո՛չ 1918 թ. Մայիսյան հերոսամարտերը, ո՛չ էլ հանրապետության հռչակումը թշնամու դեմ ժողովրդական ինքնաբուխ հուզումների կամ ինքնահոս իրադարձությունների արդյունք չէին, այլ Արամ Մանուկյանի, Դրոյի, Մ. Սիլիկյանի ու նրանց գործակիցների անդուլ աշխատանքի արդյունքը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ նախ Արամը, ապա նաև Դրոն ու Սիլիկյանը համարվում են Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը, և միանգամայն ճիշտ է Ս. Արարատյանի այն դիտարկումը, որ «….եթե հայերիս հետ հաշվի էին նստում այն ժամանակ, և հաշվի են նստում այժմ, ապա դա կարող է վերագրվել բացառապես երեք անձանց՝ Արամին, գեներալ Սիլիկյանին և Դրոյին» :

1918 թ. մայիսի 19-ին թշնամին ներխուժեց Արարատյան դաշտ: Դեռևս մարտին դիկտատոր ընտրված Արամ Մանուկյանը գեներալ Մ. Սիլիկյանին հրահանգեց չնահանջել և պահպանել դիրքերը, հակառակ դեպքում հարվածի տակ կդրվեր Երևանը: Թուրքական զորքերի առաջխաղացման և անկասելի թվացող արշավանքի պայմաններում շատերին դիմադրությունը անհնար և անիմաստ էր թվում, հուսադրող չէին նաև բանակից հասնող լուրերը: Արամը, սակայն, այլ կարծիքի էր. գիտակցելով պահի ճակատագրական լինելը՝ նա դիմում է հայ մորը, հայ կնոջը. «Եթէ հայ մայրերը չզոհաբերեն իրենց զաւակները, կործանուած է բոլորիս թէ՛ կեանքը և թէ՛ պատիւը: Հասած է ժամը, երբ հայ կինը պէտք է զգայ իր կոչման բարձրութիւնը և կատարէ իր սուրբ պարտականութիւնը» : Արամի կոչը անարձագանք չմնաց, և գաղթելու պատրաստ ժողովուրդը կամավորագրվեց իր ազատության կռվին:

Մայիսի 21-ին թշնամին գրավեց Սարդարապատ գյուղն ու կայարանը: Գեներալ Սիլիկյանն ու փոխգնդապետ Վեքիլյանը որոշեցին թշնամուն վճռական հակահարված տալ. մշակվեց ռազմական գործողությունների ծրագիր:

Մայիսի 26-ին Երևանում ստացան գեներալ Սիլիկյանի հեռագիրը, որով գեներալը ավետում էր հաղթանակը: Դեպքերի ականատեսն այսպես է նկարագրում այդ հուզիչ պահը. «….Արամը երեւաց պատշգամբում… Հեռագիր կայ ձեռքին, յուզմունքից գունատ է, ժպիտ կայ երեսին: Քար լռութիւն: Բազմութիւնն ասես շնչել իսկ դադարել է» : Արամն ընթերցում է գեներալ Սիլիկյանի հեռագիրը, որն ազդարարում էր. «….հինգ օրից ի վեր տեւող ճակատամարտը վերջացաւ թուրքերի կատարեալ պարտութեամբ….» :

1918 թ. մայիսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում հայությունը սեփական ուժերով դիմադրեց իրեն ռազմապես գերազանցող թուրքական բանակին և հաղթանակ տարավ: Արամի, Դրոյի ու Սիլիկյանի շնորհիվ հայերը կարողացան «….զենքը ձեռքներին պահպանել փոքրիկ հողակտորը՝ միակ քաղաք Երևանը և Սուրբ Էջմիածնի եկեղեցին….» :

Մայիսյան հերոսամարտերը բացառիկ նշանակություն ունեցան հայության համար: Դրանք ոչ միայն վերջինիս փրկեցին բնաջնջումից, այլև հնարավոր դարձրին Հայաստանի անկախության վերականգնումը՝ ծնունդ տալով Հայաստանի առաջին հանրապետությանը. «Սարդարաբադի, Բաշ-Աբարանի եւ Ղարաքիլիսայի յաղթանակներու դարբնողները կը մնան Վասպուրականի ԱՐԱՄԸ՝ իւր պողպատեայ կամքով, ԴՐՕՆ՝ իւր շեշտակի խոյանքով, ու սպարապետ ՆԱԶԱՐԲԵԿԵԱՆ եւ զօր. ՍԻԼԻԿԵԱՆ` ռազմավարի հանճարով» : Մայիսի 28-ին կազմավորվեց և թուրքերի հետ առանձին բանակցություններ վարելու համար Բաթում ուղարկվեց Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը: Այսպիսով` աշխարհի քաղաքական քարտեզում նորից հայտնվեց հայկական պետություն, հայ ժողովուրդը` որպես պետականություն ունեցող ազգ, աշխարհի քաղաքական ասպարեզ մուտք գործելու առաջին չափազանց ծանր ու դժվար, բայց կարևոր քայլերն էր անում:

1919թ. մայիսի 28-ին ընդունվեց Միացյալ և Անկախ Հայաստանի մասին հռչակագիրը: Թվում էր` Հայաստանի առաջ խոստումնալից ապագայի հեռանկարներ են բացվում, բայց այն ընդհատվեց Հայաստանի խորհրդայնացմամբ:

Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց իր գոյության 2.5 տարիների ընթացքում ոչ միայն ապահովեց հայության ֆիզիկական անվտանգությունը, այլ նաև հող նախապատրաստեց մեր ժողովրդի ազգային, մշակութային ու քաղաքական կյանքի զարգացման համար: Իր անկումից հետո էլ Հայաստանի առաջին հանրապետությունը շարունակեց ապրել հայ ժողովրդի սրտում «….որպես մշտավառ հուշ անցյալի և իբրև կենդանի հույս ապագայի» , և այդ կենդանի հուշն ու հույսն էին, որ 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին ծնունդ տվեցին նախ` Արցախյան շարժմանը, ապա` հայկական երկու պետություններին՝ Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը: 1988 թ. փետրվարից սկիզբ առած՝ մայր Հայաստանին միանալու արցախցիների արդար պահանջին ու խաղաղ ցույցերին Ադրբեջանի և ԽՍՀՄ իշխանությունները պատասխանեցին բիրտ ուժի կիրառմամբ: Ադրբեջանն ի վերջո սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ: Ի պաշտպանություն Արցախի` պատերազմի մեջ ներքաշվեցին նաև Հայաստանն ու Սփյուռքը: Հայությունը անհավասար պատերազմի մեջ մտավ Ադրբեջանի և նրան թեև ոչ բացահայտ սատարող այլ ուժերի դեմ: Այդ անհավասար պատերազմում բեկումնային եղավ 1992 թ. մայիսը, որը նշանավորվեց հայոց պատմական բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ: Մինչև 1992 թ. մայիսը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակաբար գնդակոծվում էր իր նկատմամբ իշխող դիրք ունեցող Շուշիից, ուստի անհրաժեշտ էր լռեցնել Շուշիում գտնվող ադրբեջանական կրակակետերը: Բացի այդ` պարզ էր, որ ով տիրում է Շուշիին, նա տիրում է նաև Արցախին. անհրաժեշտ էր գրոհել Շուշին: Հայոց բերդաքաղաքի ազատագրման գործողությունը ծրագրվել էր ամիսների ընթացքում, գերգաղտնիության պայմաններում, իսկ ազատագրման հրամանը ստորագրվեց մայիսի 4-ին: Կար Շուշիի ազատագրման երկու ծրագիր. ի տես բոլորի դրված էր «Հրազդան» ծրագիրը՝ «Հրազդան-1»` Շուշիի ազատագրում, «Հրազդան-2»` Լիսագորի ազատագրում, և «Հրազդան-3»` Բերձորի(Լաչին) ազատագրում ու «Կյանքի ճանապարհ»-ի բացում, մինչդեռ Շուշիի ազատագրման իրական ծրագիրը` «Հարսանիք լեռներում»-ը, գաղտնի էր պահվում. այդ մասին գիտեին միայն գործողության ծրագիրը մշակողները: Շուշիի ազատագրման գործողության հրամանատար Կոմանդոսի վկայությամբ` ծրագրի մշակման գործում կարևոր նշանակություն են ունեցել հետախուզական տվյալները: Ըստ գեներալ Գուրգեն Դալիբալթայանի` Շուշին ազատագրելու համար անհրաժեշտ էր 10.000 զինվոր, մինչդեռ բերդաքաղաքն ազատագրվեց ընդամենը 1700 մարտիկներով` ընդդեմ թշնամու 2300-ի:Շուշիի ազատագրման գործողությունը սկսելու որոշումը կայացվեց մայիսի 7-ին, իսկ մայիսի 8-ին` ժամը 02:30-ին, գործողությունը սկսվեց և ավարտվեց մայիսի 9-ին, երբ քաղաքն ամբողջովին մաքրված էր թշնամուց: Շուշիի ազատագրման չորս ուղղությունների հրամանատարներն էին. «ա) Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան, բ) «26»-ի (հյուսիսային) ուղղություն՝ գրոհում էր Ստեփանակերտի կողմից, հրամանատար՝ Վ. Չիթչյան, գ) Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Ս. Բաբայան, դ) Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Ս. Օհանյան» : Շուշի մտած հայկական ուժերը դաշնակցական Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորած ուժերն էին, ավելի հստակ` Ստեփանակերտի առաջին վաշտը: Մայիսի 8-ին`ժամը 06:30-ին, Աշոտ Ղուլյանը կապ է հաստատում Կենտրոնական շտաբի հետ և խնդրում Կոմանդոսին հաղորդել ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին, որ Շուշիի բերդի պատի վրա է և մի քանի րոպեից կմտնի քաղաք: Արդեն «….մայիսի 9-ին քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա կրկին բարձրացվեց հայոց եռագույնը» :

Շուշիի ազատագրմանը հաջորդեց 1992 թ. մայիսի 18-ին Բերձորի (Լաչին) ազատագրումն ու «Կյանքի ճանապարհ»-ի բացումը, որով Արցախը միացավ մայր Հայաստանին: Ու թեև 1992 թ. ամռանը հայկական կողմն ունեցավ մի շարք տարածքային կորուստներ, բայց Շուշիի ազատագրումը, ըստ էության, արդեն վճռել էր պատերազմի ելքը, իսկ Բերձորի ազատագրմամբ «….ստեղծվեց Արցախ-Հայաստան ցամաքային կապը՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, բացվեց մարդասիրական միջանցքը, հույսի կամուրջը, հարթվեց կյանքի ճանապարհը, Լեռնային Ղարաբաղն ազատ շնչելու հնարավորություն ունեցավ» : Սկսած 1992թ.-ից` մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում էր եռատոնով. ամեն տարի`մայիսի 9-ին, հայ ժողովուրդը տոնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը, ապա մայիսի 18-ին ոգեկոչում Բերձորն ազատագրած քաջերին և իր հաղթանակների մայիսը եզրափակում՝ մայիսի 28-ին տոնելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակներն ու հայկական պետականության վերածնունդը: Թվում էր, թե հայկական հինավուրց բերդաքաղաք Շուշին, Բերձորն ու ամբողջ Արցախի Հանրապետությունը (12.000 քառ.կմ) «Կյանքի ճանապարհ»-ով անշրջելիորեն միացել են մայր Հայաստանին, բայց 2018թ. «թավշյա» իշխանափոխությունից հետո իշխող շրջանակների համար Արցախն ու արցախյան հիմնախնդիրը երկրորդ պլան մղվեցին, Արցախի հաղթանակը, որ հայության` վերջին հազարամյակի հաղթանակներից մեծագույնն էր, արժեզրկվեց ու ստորադասվեց տարատեսակ կեղծ «արժեքների» նկատմամբ, լայն տարածում գտավ և պետական քաղաքականություն դարձավ մեզ դեռևս 1920 թ. Կարսի անկման օրերից ծանոթ «խաղաղության» ու «բարեկամության» կեղծ քարոզը, որին լծված մերօրյա «բոլշևիկները» արեցին ամեն ինչ` հայ հասարակության գիտակցության մեջ Արցախի կարևորությունը կեղծ խաղաղությանն ու բարեկամությանը ստորադասելու, և իրենց արտաքին ու ներքին հանցավոր անտարբերությամբ մոտեցրին պատերազմը: Չնայած ազդեցիկ հակաքարոզին՝ պատերազմի առաջին իսկ օրվանից բանակը, կամավորները, ժողովուրդը դիմակայեցին, 44 օր անհավատալի սխրանքներ գործող հայոց զորքն ու նրա թիկունքը պահող հայ ժողովուրդը անզիջում պայքար մղեցին հայրենիքի համար, բայց նոյեմբերի 9-ին անսպասելիորեն թիկունքից դաշույնի հարված ստացան. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ամեն օր «հաղթելու ենք» ասող իշխանության ղեկավարը գաղտնի ազգի ու բանակի թիկունքում կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրեց:
Հայ ազգն իր պատմության ընթացքում պարտություններ ու դավաճանություններ շատ է տեսել, բայց առաջին անգամ է, որ կռվող բանակի թիկունքում պետության ղեկավարն անձնատվության (կապիտուլյացիայի) փաստաթուղթ է ստորագրում՝ ճանապարհ բացելով պանթյուրքիզմ կոչվող կործանարար աղետի առաջ, որի ճամփան այդքան դժվարությամբ կտրել էին Մայիսյան հերոսամարտերն ու Նժդեհի գլխավորած Զանգեզուրի ինքնապաշտպանությունը: Դավաճանական կապիտուլյացիայով պանթյուրքիզմի ծրագրին զոհաբերվեցին Արցախն ու Սյունիքի անվտանգությունը: Արցախը Հայաստանի Հանրապետության դարպասն է, որն այլևս բացվել է թշնամու առաջ, վտանգված է Հայաստանի ողնաշարը՝ Սյունիքը, իսկ հայրենիքը դավաճանաբար հանձնողը ամուր կառչել է իր` այլևս որևէ արժեք չունեցող աթոռից:

Մայիսն է, հայ ժողովուրդը ամեն տարվա պես մեծ ոգևորությամբ պետք է նշեր իր հաղթանակների եռատոնը, բայց 1992 թ.-ից հետո առաջին անգամ մայիսն ուրիշ է. այն այլևս խլված, դավաճանված հաղթանակների մայիս է լինելու, իսկ հայոց հինավուրց բերդաքաղաքը, որն այս տարի տոնելու էր իր ազատագրման 29-ամյակը, նորից գերված է, բայց ո՛չ թշնամու ռազմական ուժով, այլ դավաճանության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության հետագա գոյության համար անհրաժեշտ են ամուր Սյունիք և ապահով Արցախ, հետևաբար պետք է հնարավորինս արագ դասեր քաղել սխալներից և կանգնեցնել հայոց պետականության անկումը. Հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, իսկ երրորդ անկախության հնարավորություն մենք գուցե այլևս չունենանք:

________________________________________________________________

Ծանոթագրություններ

1.Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.(քաղաքական պատմություն). Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ.` Գ. Գալոյան, Եր., 2000, էջ 34:
2.«Ազատ խօսք» օրաթերթ, մայիս 1936, N 24:
3.Ասրյան Ա., Արամ Մանուկյան.կյանքը և գործը, Եր., 2008, էջ 196:
4.Նույն տեղում:
5.Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), էջ 34:
6.«Ազատ խօսք» օրաթերթ, հունիս 1936 (բացառիկ հրատարակություն), էջ 4:
7.Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993, էջ 609:
8.http://www.historyofarmenia-am.armin.am/ am/ Encyclopedia _of _armenian _history Shushii_azatagrum.
9.http://www.ysu.am/newspaper/hy/1465544588#.YIPbiFUzbIU.
10. https://www.yerkir.am/news/view/174577.html?fbclid=IwAR1Md-xus PWPJB6jY PJBYM2SIwau8MbxWaKZTwftFp3fO_3c4_i_juXUWA4.

Օգտագործված գրականության ցանկ

ա) Գրականություն

1. Ասրյան Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը, Եր., 2008:
2. Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.(քաղաքական պատմություն). փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ.` Գ. Գալոյան, Եր., 2000:
3. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993:

բ) Մամուլ

1.«Ազատ խօսք» օրաթերթ, մայիս 1936, N 24:
2.«Ազատ խօսք» օրաթերթ, հունիս 1936 (բացառիկ հրատարակություն):

գ) Համացանցային նյութեր

1. http://www.historyofarmenia-am.armin.am/am/ Encyclopedia _of _armenian _history _Shushii_azatagrum.
2. http://www.ysu.am/newspaper/hy/1465544588#.YIPbiFUzbIU.
3. https://www.yerkir.am/news/view/174577.html?fbclid=IwAR1Md-xusPWPJB6j YPJBYM2SIwau8MbxWaKZTwftFp3fO_3c4_i_juXUWA4.

Անի Մելքոնյան

«Դրօշակ», թիվ 5 (1651), մայիս, 2021 թ.