կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 13:17
Հասարակություն

Մեր անկախութեան մայիսը. Գարեգին Նժդեհ

Մեր անկախութեան մայիսը. Գարեգին Նժդեհ

Yerkir.am-ն ընթերցողին է ներակայացնում Գարեգին Նժդեհի «Ցեղի ոգու շարժը» աշխատությունից (տպագրվել է Սոֆիայում 1932 թ.) մի հատված:

 

ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՄԱՅԻՍԸ

1921-ի գարունն էր, եւ դեռ Եռագոյնը կը ծածանուէր մեր Հայրենիքի լեռնային երկրամասի վրայ:

Մայիս 28ի լուսաբացին լեռներէն երգ ու երաժշտութեամբ դէպի Սիւնեաց աշխարհի մայրաքաղաքն էին իջնում բուն Զանգեզուրի, Տաթեւի եւ Դարաբասի շրջանների ժողովրդական վաշտերը եւ բազմահազար մի զանգուած:

Մարտնչող հայութիւնը, Արարատի փէշերի կարօտը հոգու մէջ, այդ օրը իր զայրոյթը պիտի յայտնէր մարդկութեան խղճին:

Կէսօրուայ մօտ, բոլշեւիկեան կացինից ընկած Շիրինի, Խորէնու, Սաքոյի, Աշոտի եւ այլոց եղբայրական գերեզմանի շուրջը ստեղծուել էր սուինների, սրերի եւ դրօշակների մի ամբողջ անտառ: Նուիրական հողաթմբի վրայ, արեւի տակ վեհօրէն ու հպարտ փայլում էին Սիւնիքի սուրն ու խաչը` առաջինը որպէս յաղթութեան, երկրորդը' տառապանքի խորհրդանշան:

Ջերմ խօսք կար:

Կար դառնութեան եւ ուրախութեան արցունք:

Այդ օրը ես հասկացայ, որ մի պետութեան բարոյական բովանդակ մեծութիւնը կամ ոչնչութիւնը կարելի է կարդալ նրա քաղաքացիներից մէկի դէմքի վրայ:

Այդ օրը սիւնեցու աչքերի մէջ կարելի էր տեսնել մեր ցեղի բովանդակ զօրոյթն ու թափը:

Այդ օրը յաղթական էր սիւնեցին, քանզի ցեղի ոգին կը շարժէր հայ վաշտերը, քանզի Սիւնեաց աշխարհում սպայէն եւ զինուորէն - հեղինա­կութիւնէն եւ հնազանդութիւնէն զատ կար մի Երրորդը' Ցեղը, մարտնչող Հայրենիքներում ամենուրեք եւ ամէն վայրկեան, ազգային բացարձակ պարտականութեան անուան տակ, ցցւում է ռազմիկի առջեւ եւ ասում` «հնազանդուիր ինձ, եւ պիտի յաղթես»:

Ես այդ օրը տեսայ Սիւնիքը` իր ոյժի, փառքի իր մեծութեան մէջ: Նա հպարտ էր, որովհետեւ պարտութեան էր մատնել Ադրբէջանը, ջարդել տաճիկ գնդերը, զինաթափել բոլշեւիկեան 11րդ զօրաբանակը: Նա հպարտ էր, որովհետեւ հերոսական շարժուձեւով յետ էր մղել դէպի հայ մտաւորականութիւնը երկարող խորհրդային մահաբեր տապարը: Նա հպարտ էր, որովհետեւ իր մէջքը փրկութեան կամուրջ էր դարձրել նահանջող բիւրոց համար` դէպի Պարսկաստան:

Սակայն, սիւնեցուն ծանօթ աչքն այդ օրը նրա դէմքի վրայ իր պատմական գործերի գիտակցութեան հետ կը կարդար նաեւ իր դրութեան ողբերգութեան գիտակցութիւնը:

Այդ օրը բոլորը, ղեկավար թէ զինուոր, տղամարդ թէ կին, ընդհանուր խանդավառութեան մէջ լուռ եւ անխօս մտածում էին. «Ի՞նչ լաւ պիտի լինէր, եթէ մեր ռազմամթերանոցներն դատարկ չլինէին: Մենք ազատու­թեան համար թշնամու հարիւրապատիկ մեծ ոյժերի հետ չափուողներս հաց եւ փամփուշտ չունենք»:

Այո՛, շատ բաների հետ կռուի համար Սիւնիքը չունէր նաեւ ամենա­անհրաժեշտը` հաց եւ ռազմամթերք: Նա գիտակցում էր, որ սիրամարգի պէս իր շքեղ թեւերի տակ պիտի չկարողանայ թաքցնել իր «սեւ ոտները», իր պահեստների դատարկութիւնը: Նա հպարտ էր, որովհետեւ յաղթել էր, բայց դառնացած էր, քանզի հնարաւորութիւն չունէր օգտուելու իր յաղթութիւններից:

Իրերի այս ողբերգական վիճակում, մեր անկախութիւնը պիտի ապրէր երկու ամիս եւս, որից յետոյ խորհրդային կարմիր լաթը, առանց յաղթանակի, չարափառօրէն պիտի ծածանուէր եւ Սիւնեաց աշխարհի վրայ:

* * *

Քաղաքական փոթորիկներից քշուած` մեր ազատութեան Մայիսը այսօր կը տօնենք օտար ափերի վրայ:

Տարագիր ենք, եւ դառնադառն մեր կեանքը, աքսորանքներէն ամենածանրը ու անփառունակը, մի հատիկ արդարացում ունի` զայն ծառայեցնել պարզելու համար մեր ժողովրդին վիճակուած աղէտների ներքին ու արտաքին պատճառները:

Այսօր հարկ է եւ պատշաճ փորձել, գոնէ տարին մի անգամ, ըմբռնել եւ հարազատել հետեւեալ ճշմարտութիւնները.

- Պատմութիւնը որդիների մէջ հալածում եւ պատժում է հայրերի մեղքերը հին:

Դարերի ստրկութեամբ, անապատում տառապանքներով եւ անհաշիւ զոհերով քաւեց հայութիւնը եւ դեռ քաւում է մեղքերն իր առաջնորդների:

Եւ դեռ պիտի քաւի, քանզի եսաթափ չի եղած ե՛ւ օրուայ հայը, որին վաղը պիտի վիճակուի հայութեան ճակատագիրը վարելու դժուարին դերը:

- Հայ ազգը, որը դարերի իւր քաղաքական տնանկութիւնը աւելի իր առաջնորդների փոխյարաբերութեանց այլանդակութեան կը պարտի, քան իր երկրի աշխարհագրական դիրքին եւ արտաքին թշնամիների նուաճողական ախորժակներին, կորցնելով ներքին ստեղծագործ միութեան եւ միաբանութեան անհրաժեշտութեան գաղափարը` կորցրեց իր անկախութիւնը, ապա եւ իր երկիրը:

Աւաղ, հին թթխմորից զերծ չէ հայ հոգին ե՛ւ այսօր: Բաժանասիրութեան դե՛ւն է դեռ առաջնորդում մեր ազգային առաջնորդներին:

- Մեր ներքին իրերակերութեան բերումով` միշտ պատրաստի որս մեր գայլ հարեւանների համար` դեռ միամտօրէն դժգոհում ենք աշխարհի դէմ, որը քանիցս գործով հասկացրեց մեզ, թէ ներքին պատճառներով իր ցեղի բովանդակ ոյժերէն օգտուելու անկարող ժողովուրդը բարոյապէս ազատ չէ արտաքին օգնութիւն ակնկալելու:

Այսօր իսկ, երբ Հայաստանի վրայ վերստին ընկած է ստուերը մեծ եւ ահաւոր գալիքի, երբ մի մութ ամպ է կախուած մեր ժողովրդի գոյութեան եւ իր ապագայի միջեւ, մեր պատմութեան այդ սպառնական շրջանում իսկ չենք ուզում հասկանալ, որ աշխարհում մի հատիկ ոյժ գոյութիւն ունի միայն, որը յետ այսու պիտի լծել մեր հաւաքական ինքնապաշտպանութեան կառքին` որպէս ազգ հայօրէն ապրել ու շինարարել կարողանալու համար: Ներցեղային բարոյականն է այդ հրաշագործ ոյժը - ցեղակրօ­նութիւնը:

Այս եսամերժ բարոյականը - որով օծուն մի նոր սերունդ միայն կարող է Մայիս 28ի պահակը հանդիսանալ - հրամայողաբար իր պահանջն է դնում մեր գաղափարախօսական եւ վարիչ մտաւորականութեան` օր առաջ երես դարձնել հին էվդեմոնիստական բարոյականից, որը սնուցանելով մեր տկարութիւնները, դարերով մեր միջոցաւ մեր ցեղի թշնամիների յաջողութեան ծառայեց:

Դա պահանջում է ապրել, մարտնչել ու առաջնորդուել ցեղօրէ՛ն:

Դա պահանջում է մեր մտաւորականութիւնից մեծագոյն զոհողութիւն` յանուն եւ ի զոհ մեր Անկախութեան Մայիսի` մորթել իր ԵՍը:

Բերուե՞ց այդ զոհը` մեզ պիտի յաջողի տալ աշխարհին, մեր անկա­խութեան իրաւունքը նաեւ սեփական ոյժերով պաշտպանել կարողա­նալու ապացոյցը:

Այլապէս - չէ՛, չէ՛, չեմ խօսելու այն մասին, թէ ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Հայութեան հետ - այլապէ՞ս... ընթերցող, լրացուր խօսքս...