|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրել է.
«Այսօր Շիրակի մարզում անասնապահությունը կանգնած է լուրջ և համակարգային խնդիրների առաջ։ Տարիներ շարունակ անտեսված այս ռազմավարական ոլորտը արդեն չի կարողանում դիմակայել թե՛ տնտեսական ճնշումներին, թե՛ պետական քաղաքականության բացակայությանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի 2025 թվականի տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիների ընթացքում Շիրակի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կրճատվել է 22 266-ով։ Սա պարզապես թիվ չէ․ սա աղետալի միտում է, որն ուղղակիորեն հարվածում է մարզի սոցիալական կայունությանը, գյուղական համայնքների կենսունակությանը և երկրի պարենային անվտանգությանը։
Պատճառները ակնհայտ են․
գյուղացին միայնակ է մնացել իր խնդիրների հետ։ Կերի գները շարունակում են աճել, անասնաբուժական ծառայությունները հաճախ անհասանելի են կամ թանկ, պետական աջակցության ծրագրերը՝ ոչ հասցեական և ձևական։ Ավելին՝ սպանդանոցների ցանցի բացակայությունը և մթերման արդար համակարգի չլինելը խեղդում են գյուղացուն՝ նրան զրկելով իր աշխատանքի արժանապատիվ արդյունքից։
Այս ամենի ֆոնին գործող իշխանությունները շարունակում են խոսել զարգացման մասին, սակայն իրականում գյուղատնտեսության այս կարևոր ճյուղը օրեցօր թուլանում է։ Երբ գյուղացին այլևս շահավետ չի համարում անասնապահությամբ զբաղվելը, դա արդեն լոկ ոլորտային խնդիր չէ՝ դա ազգային անվտանգության խնդիր է։
Եթե այս միտումը չկասեցվի, վաղը մենք ունենալու ենք ոչ միայն դատարկվող գյուղեր, այլ նաև արտաքին շուկաներից կախված պարենային համակարգ։
Այս պահին այլևս անթույլատրելի է խոսել կիսատ-պռատ լուծումների և ձևական ծրագրերի մասին։ Շիրակի անասնապահության անկումը պարզ տնտեսական խնդիր չէ․ դա պետական քաղաքականության ձախողման ուղիղ հետևանք է, որի գինը վճարում են գյուղացին, համայնքը և ամբողջ երկիրը։
Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կրճատումը հստակ գնահատական է՝ ոչ թե գյուղացու աշխատանքի, այլ պետական մոտեցումների արդյունավետության վերաբերյալ։ Սա լուրջ նախազգուշացում է, որ եթե չձեռնարկվեն անհապաղ և համակարգային քայլեր, ապա գործընթացը կդառնա անկառավարելի։
Պետությունը պարտավոր է ոչ միայն արձանագրել խնդիրը, այլ կրել դրա ամբողջական պատասխանատվությունը և ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր՝ ժամկետներով, չափելի արդյունքներով և կոնկրետ պատասխանատուներով։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք ոչ թե պարզապես ոլորտի անկման, այլ գյուղական կյանքի կազմաքանդման, պարենային կախվածության խորացման և սոցիալ-տնտեսական նոր ճգնաժամի ձևավորման հետ։
Լռությունն այս հարցում այլևս հանցավոր է»։