կարևոր
880 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-30 09:51
Քաղաքական

Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում. «Փաստ»

Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը փաստացի մեծամասնություն է ստացել կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում: Ինչպես և սպասելի էր, եվրոչինովնիկների կողմից հիացական հայտարարություններ եղան:

Ոչ պակաս պաթետիկ ու ոգևորված էին հայաստանյան «արևմտամետների» արձագանքները, որոնք նշում էին, թե հաջորդ տարի Հայաստանն էլ պետք է գնա այդ նույն ճանապարհով: Սոցցանցերում տարբեր գրառումներով այս տեսակետը պաշտպանում էին նաև մի շարք քպականներ: Ըստ փորձագետների, սա կարող է նշանակել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի այսօրվա իշխանությունները կարող են կիրառել նույն մոլդովական սցենարը, այն է՝ ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցել քաղաքական դաշտը «սրևմտամետների» ու «ռուսամետների» բաժանելու միջոցով: Սակայն բանն այն է, որ Հայաստանում դա դժվար կլինի անել: Ճիշտ է, ՔՊ-ն ու իր սատելիտ մի քանի փոքր կուսակցությունները կփորձեն ընդդիմադիր դաշտը որակել որպես «ռուսահպատակներ», «5-րդ շարասյուն» և այլն, ինչի նշանները կան, այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ մեր երկրում կան ընդգծված, նույնիսկ ծայրահեղական «արևմտամետներ», սակայն ընդգծված ռուսամետ ուժերը քիչ են (եթե կան): Ընդդիմադիր դաշտի գերակշիռ մեծամասնությունը ո՛չ արևմտամետ է, ո՛չ էլ ռուսամետ, նրանք առավելապես ազգային արժեքների կողմնակիցներ են և հանդես են գալիս պետականամետության ու արտաքին քաղաքական հարաբերություններում հավասարակշռվածության և սթափ դատողության դիրքերից: Այսինքն, պայքարը լինելու է ոչ թե արևմտամետների ու ռուսամետների, այլ իշխանության (այդ թվում՝ կից սատելիտների) ու հայամետ, հայաստանամետ ուժերի միջև:

Այս ամենին հավելենք, որ Մոլդովայում Սանդուի կուսակցությունն ավելի բարենպաստ արդյունքի է հասել արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունների շնորհիվ: Այս գործոնը ևս Հայաստանի ընտրություններում չի աշխատելու: