կարևոր
850 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-30 18:25
Քաղաքական

Սրբուհի Գալյանը քաղաքական թիմի մաս և գլխավոր դատախազի անկախ տեղակա՞լ․ իսկ այդպես կարելի՞ էր․ Սևակ Հակոբյան

Սրբուհի Գալյանը քաղաքական թիմի մաս և գլխավոր դատախազի անկախ տեղակա՞լ․ իսկ այդպես կարելի՞ էր․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Սրբուհի Գալյանը քաղաքական թիմի մաս և գլխավոր դատախազի անկախ տեղակա՞լ․ իսկ այդպես կարելի՞ էր։

«Դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական և ըստ էության, քաղաքական թիմի մաս է»,- լրագրողներին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով արդարադատության նախարարի թկնածուի մասին։

Փաստորեն, «ժողովրդավարության բաստիոնի» արդեն ձևականություններն էլ չեն պահում։ Սրբուհի Գալյանը գլխավոր դատախազի գործող տեղակալն է ու քաղաքական թիմի մա՞ս է։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի տեղակալ աշխատող անձնավորությունը չի կարող լինել քաղաքական թիմի մաս, պարտավոր է լինել անկախ, անաչառ, ինչպիսին պետք է լինի այն կառույցը, որտեղ աշխատում է։ Իսկ երբ փաստում եք, որ նա քաղաքական թիմի մաս է, ստացվում է, որ մինչ այս նրա գործունեությունը, ամենայն հավանականությամբ, ունեցել է շահադիտական նպատակ՝ իր քաղաքական թիմի շահերին համապատասխան։

Դե բա տեսեք․ Սրբուհի Գալյանը 2020թ․ սեպտեմբերի 1-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, որը, ուշադրություն՝ համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը:

Մենք տեսնում ենք, լսում ենք, հայտարարագրերով կարդում ենք, որ այս ընթացքում լույսի արագությամբ հարստանում են ՔՊ-ականները, ձեռք են բերում անշարժ գույքեր, տրցակներով փողեր, բայց որևէ ՔՊ-ականի մասով ապօրինի գույքի բռնագանձումով, ըստ Արայիկ Հարությունյանի, նույն քաղաքական թիմի մաս հանդիսացող Սրբուհի Գալյանը չի զբաղվում։ Շատ էլ տրամաբանական է, բա թիմի անդամ է։ Եվ փաստ է, որ պարբերաբար հայտարարվում են Սրբուհի Գալյանի քաղաքական թիմի հակառակորդների վերաբերյալ քրեական գործերի մասին։

Սրբուհի Գալյանը այս պահին ընդամենը թեկնածու է, որը կարող է և չդառնալ արդարադատության նախարար։ Նշանակում է՝ պետք է շարունակի աշխատել որպես գլխավոր դատախազի տեղակալ և շարունակել ծառայել քաղաքական թիմի շահերին համապատասխան»։