կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 08:21
Առանց Կատեգորիա

Բերդի համայնքապետը գործարքի չի գնում. առաջիկայում հնարավոր են լուրջ հուզումներ. «Փաստ»

Բերդի համայնքապետը գործարքի չի գնում. առաջիկայում հնարավոր են լուրջ հուզումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը միջնորդությունը բավարարել էր:

Այս գործի հետ կապված՝ «Փաստին» մի քանի ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները Տավուշի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի միջոցով ոչ մեկ անգամ Մանուչարյանին առաջարկել են հրաժարական տալ, որպեսզի կարողանան ՏԻՄ-երի «զավթման» շրջանակներում Բերդում ևս պաշտոնակատար նշանակել իրենց ցանկալի անձին:

Սակայն Հարություն Մանուչարյանը հրաժարվել է, ինչից հետո հարուցվել է քրեական գործ, իսկ օրեր առաջ որոշում է կայացվել նաև նրան կալանավորել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմա էլ են իշխանություններն ուղիղ տեքստով Մանուչարյանին առաջարկում հրաժարական տալ՝ խոստանալով այդ դեպքում ոչ միայն կալանավորման որոշումը փոխել, այլև նույնիսկ քրեական գործը կարճել: Մանուչարյանը, մեր տեղեկություններով, դարձյալ հրաժարվել է՝ նշելով, որ նախ՝ գործարքի չի գնում, և երկրորդ՝ համարում է, որ հարուցված քրեական գործը բացարձակ անհիմն է, ու ինքը մեղադրանքը չի ընդունում:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, այս իրադարձությունները շատ մեծ դժգոհություններ են առաջացրել ոչ միայն Բերդի ավագանու անդամների, այլև բնակչության շրջանում, և չի բացառվում, որ առաջիկայում Բերդում լուրջ հուզումներ ու բողոքի ակցիաներ սկսվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում