կարևոր
1132 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-17 17:57
Քաղաքական

Օրակարգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը

Օրակարգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը

Արցախի բռնի տեղահանությունից հետո գրեթե մեկ տարի է, ինչ Արցախի թեմն ակտիվորեն սկսել է իր գործունեությունը Հայաստանում։ Ձեւավորվել է Թեմական խորհուրդ, որը մեկնարկել է իր աշխատանքները 2024 թվականի մարտից։

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի Թեմական խորհրդի ատենապետ, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադարձել է խորհրդի գործունեությանը, Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին։

«Գրեթե մեկ տարի է, ինչ Արցախի թեմն ակտիվորեն սկսել է իր գործունեությունը։ Սկզբնական շրջանում, բնականաբար, դժվարություններ կային։ Ձեւավորվել է Թեմական խորհուրդ,  որի անդամների ընտրությունն այնպես է կատարվել, որ մի մասը լինեն Հայաստանից դուրս և տարբեր երկրներում փորձեն գործել ի նպաստ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության»,- նշել է նա։

Լեռնիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Թեմական խորհրդի աշխատանքները ծավալվել են երկու ուղղություններով՝ միջազգային հարթակներում արցախահայության համահավաք իրավունքների պաշտպանություն և մշակութային ժառանգության պաշտպանություն։ Անցկացվել են տարբեր աշխատաժողովներ, քննարկումներ, հրատարակության են հանձնվել տարբեր աշխատանքներ։

«Նշեմ, որ Խորհուրդը սկսել է  Արցախի թեմի մատենաշարի շարքը, առաջինը՝ «Արցախի վտանգված մշակութային ժառանգություն» պատկերագիրքն է, որ տպագրվել է, նաեւ նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես՝ ներկայացնելու Արցախի վտանգված մշակութային ժառանգությունը։ Երկու աշխատանքներով չի ավարտվի այն, այլ կունենա շարունակություն։ Մոտ ժամանակներս մատենաշարի հաջորդական հրատարակությունը կլինի։ Մատենաշարում ներկայացված է Արցախի մշակութային հարուստ ժառանգությունը»,- նշել է նա։

Պատկերագրքի կազմողներն են արցախցի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Վահրամ Բալայանը, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը եւ պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Պատկերագրքում եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, սեղմ բնութագրերով ներկայացված են Արցախի կարևորագույն պատմական նյութական մշակութային հուշարձանները, ինչպես նաև Ադրբեջանի վարած մշակութային էթնոցիդի քաղաքականության հետևանքները, մասնավորապես Շուշիի Կանաչ ժամի, Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցու, նաեւ Արցախի բնակավայրերի վիճակը՝ մինչեւ բռնազավթումը եւ բռնազավթումից հետո։  Պատմաբան, Արցախի թեմի գրասենյակի տնօրեն Մելանյա Բալայանի կողմից կազմվել է նաեւ «Աղվանից կաթողիկոսության նստավայրերը» աշխատանքը, որը նույնպես մոտ ժամանակներս տպագրության կհանձնվի։

-Ի՞նչ աշխատանք է տարվում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ հարցին Լ․Հովհաննիսյանը նշեց․

«Վեհափառ Հայրապետ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի աջակցությամբ, Սրբազան առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանը եւ Թեմական խորհրդի անդամները հանդիպումներ են ունեցել միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, նաև Երևանում՝ տարբեր դեսպանատներում, որտեղ  բարձրաձայնել են արցախահայության իրավունքների պաշտպանության և մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Այսօր այդ հարցը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի եւ Կիլիկիո կաթողիկոսության օրակարգում է։ Հատկանշական է վերջերս Բեռնում կայացած Հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային համաժողը, որը նվիրված էր Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ 

Արցախի թեմի Թեմական խորհրդի անդամները, Արցախի թեմը, ինչպես նաեւ ԱՀ ԱԺ կողմից ստեղծված Արցախի հարցերով հանձնախումբը, ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակներն ու հանձնախմբերը տարբեր երկներում նաեւ տարբեր միջազգային հարթակներում բարձրացնում են ոչ միայն արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը, այլ նաև մշակութային ժառանգության պաշտպանության հիմնախնդիրները»,- նշել է նա։

Պատմաբանի գնահատմամբ՝ քանի որ Ադրբեջանն անցել է կարմիր գծերը, պետք է պատրաստ լինել, եթե այսպես կոչված «խաղաղության համաձայնագիրը» իրականություն դառնա եւ ՀՀ-ն հետ կանչի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերը, ապա պետք է ունենալ այլընտրանք, որպեսզի շարունակվի պայքարը, այդ թվում նաեւ միջազգային իրավական ատյաններում։