Միասին կարող ենք
կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-01 16:56
Քաղաքական

Բարձր ենք գնահատում ԵԽ բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ․ հայտարարություն

Բարձր ենք գնահատում ԵԽ բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ․ հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն իր խորին երախտագիտությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին՝ 2026 թվականի ապրիլի 30-ին ընդունված բանաձևի համար, որում հստակորեն բարձրաձայնվում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային, հոգևոր և պատմական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։

«Մենք հատկապես կարևոր ենք համարում այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանը իր բանաձևում անդրադարձել է Արցախի տարածքում հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանատների և այլ սրբավայրերի ոչնչացման, պղծման կամ ինքնության խեղաթյուրման վտանգին։ Այդ ժառանգությունը միայն հայ ժողովրդի սեփականությունը չէ. այն քրիստոնեական քաղաքակրթության, տարածաշրջանի պատմական հիշողության և համամարդկային մշակույթի անբաժանելի մասն է։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը, որով պահանջվում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության վնասման ու ոչնչացման համար։ Մենք համոզված ենք, որ միջազգային կառույցների լռությունը նման դեպքերում խրախուսում է անպատժելիությունը, մինչդեռ հստակ քաղաքական և իրավական գնահատականը կարող է կանխել նոր հանցագործություններ մշակութային ժառանգության դեմ։

Մենք կոչ ենք անում Եվրոպական միությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանության, անկախ մոնիթորինգի, փաստագրման և միջազգային վերահսկողության ապահովման ուղղությամբ։

Անհրաժեշտ է, որ միջազգային փորձագետները ստանան ազատ և անվտանգ մուտք դեպի Արցախի վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, պատմական գերեզմանատներ և այլ մշակութային վայրեր՝ դրանց իրական վիճակը գնահատելու և հնարավոր ոչնչացումները կամ ձևախեղումները փաստագրելու համար։

Մենք նաև ընդգծում ենք, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը չի կարող անջատվել նրանց հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանությունից։ Ժողովուրդը, իր հավատքը, իր եկեղեցիները, իր գերեզմանները և իր պատմական հիշողությունը մեկ ամբողջություն են։ Այդ ամբողջության որևէ մասի ջնջումը սպառնալիք է ոչ միայն հայությանը, այլև միջազգային իրավակարգին ու մշակութային բազմազանության գաղափարին։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր միջազգային կառույցների, եկեղեցական կազմակերպությունների, իրավապաշտպանների և մշակութային ժառանգության մասնագետների հետ՝ Արցախի հայկական քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության հարցում։

Մենք շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանին՝ այս կարևոր հարցը միջազգային օրակարգում պահելու, Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացվող վտանգները բարձրաձայնելու և արդարության ու պատասխանատվության սկզբունքները պաշտպանելու համար»։