|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախյան հիմնահարցի հիմնարար դրդապատճառներից մեկը մշակութային ճնշումներն էին, որոնց Ադրբեջանում ենթարկվում էր հայությունը, նաև՝ Խորհրդային Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Ազատագրելով մեր հայրենիքը՝ մենք 30 տարի անց բախվեցինք այդ նույն խնդրին, երբ խնդրո առարկա է ոչ միայն հայերի ապրելու իրավունքն Արցախում, այլ նաև հայկական մշակութային ժառանգության պահպանությունը, որն Ադրբեջանը կա՛մ ձգտում է ոչնչացնել, կա՛մ ծայրահեղ դեպքում փորձում է զրկել հայկական պատկանելությունից: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը:
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում դա եկեղեցիների «ուղղափառացումն» է, մյուս դեպքերում՝ հայկական մշակութային ժառանգության «աղվանացումը», որոնց մասին ուղղակի հրահանգները տվել է Ադրբեջանի ղեկավարը: «Խորհրդային Միությունում հեշտ չէր այդպիսի գործողություններ կատարել, որովհետև կար վերադաս Մոսկվա, որը զսպիչ դեր էր կատարում. մեկ երկիր էր՝ միասնական ղեկավարությամբ: Հիմա դա չկա»,- նշում է նա:

«Վերջերս ակտիվացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցելության խնդիրը: Ադրբեջանը կարծես թե իր համաձայնությունը ևս տվել է, ու մենք պետք է պատրաստ լինենք այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ փոխհարաբերություններին»,- կարծում է հասարակական գործիչը:
Սերգեյ Շահվերդյանը ցավով է նշում, որ այդ ուղղությամբ ամեն ինչ արված չէ. այսօր օրախնդիր է դարձել պետական տարբեր մարմինների համակարգված գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցելությանը պատրաստվելու և, առհասարակ, Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը մշակույթի առումով հակազդելու ուղղությամբ: Նա առանձնացնում է մի շարք հրատապ գործողություններ, որոնք պետք է իրականացնի պետությունը՝ հասարակության և մասնավոր հատվածի հետ համատեղ.
— Անհրաժեշտ է բռնազավթված տարածքներում մնացած հուշարձանների և արվեստի գործերի, թանգարանային հավաքածուների վերաբերյալ միասնական տեղեկատվական շտեմարան ստեղծել:

-Հենց ադրբեջանական աղբյուրները վանդալիզմի բազմաթիվ դեպքեր են հրապարակել: Դա վերաբերում է թե՛ եկեղեցներին, թե՛ գերեզմաններին, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի նահատակների հիշատակին կառուցված հուշարձաններին, թե՛ Խորհրդային Միության հայազգի հերոսներին նվիրված հուշակոթողներին: Մեզ անհրաժեշտ է շտապ պատրաստել վանդալիզմի ենթարկված այդ հուշարձանների ցուցակները՝ լուսանկարներով, տեսաերիզներով, և հրապարակել համապատասխան բրոշյուր:
-Մշակույթի և պատմության հուշարձանների վերաբերյալ կարիք կա միասնական վերջնական ցանկերի մշակման, որոնք պետք է լինեն նաև լուսանկարներով ուղեկցված, և յուրաքանչյուր պատմական հուշարձանի համար պետք է թղթածրարներ պատրաստել՝ օտար լեզուներով կարճ նկարագրություններով և լուսանկարներով, որոնք կարող են օգտագործվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դաշտային առաքելություններին ներկայացնելու համար:

— Պետք է հիշեցնել, որ մենք բավականին մեծ աշխատանքներ ենք տարել իսլամական հուշարձանների պահպանման ուղղությամբ: Առանձին գրքույկներ, տեսաերիզներ պետք է հրապարակել իսլամական հուշարձանների պահպանության ուղղությամբ մեր կատարած աշխատանքների վերաբերյալ:
Սերգեյ Շահվերդյանը նշում է, որ շատ հաճախ մեր ուշադրությունից դուրս են մնում օկուպացված տարածքներում մնացած թանգարանային և արվեստի հավաքածուները: «Մենք անհրաժեշտություն ունենք պատրաստելու թանգարանների և մասնավոր հավաքածուների մշակութային արժեքների ցանկերը, որոնք պետք է լինեն լուսանկարներով և մշակութային արժեքների փորձագիտական գնահատմամբ. չէ որ դրանք նաև նյութական արժեք ունեն: Պետք է յուրաքանչյուր թանգարանի և մասնավոր հավաքածուների վերաբերյալ հրատարակել պատկերազարդ բրոշյուրներ, տեսաերիզներ ստեղծել, որոնց հիմք կարող են հանդիսանալ տարբեր տարիների՝ Արցախի հանրային հեռուստատեսության նկարահանումները: Ի վերջո, իրավական գործընթացներ սկսելու անհրաժեշտություն ևս կա, որովհետև դրանք կորել են: Պետք է քրեական գործեր հարուցել ու բռնազավթված տարածքներում մնացած արժեքների միջազգային հետախուզում հայտարարել, որպեսզի մշակութային արժեքների ապօրինի վաճառք տեղի չունենա»,- գործողությունների հաջորդականությունը նշում է նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ անուշադրության է մատնվում օկուպացված տարածքներում մնացած եկեղեցական գույքը: Պետք է ամփոփել կորսված եկեղեցական գույքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ գորգեր, ծիսական գույք, սրբապատկերներ, ձեռագործ աշխատանքներ: Անհրաժեշտ է Արցախի հանրային հեռուսատեսության արխիվերի հիման վրա ստեղծել տեսաերիզները, ցանկեր կազմել ու նաև այդ ուղղությամբ հրատարակել առանձին գրքույկներ: «Մի քիչ առանձին հարց է Շուշիի Ղազանչեցոց և վ եկեղեցիների խնդիրը, որոնց հայկականությունը խնդրո առարկա է դարձրել Ադրբեջանը՝ այն ներկայացնելով որպես ուղղափառ եկեղեցիներ»,- նշում է Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահը՝ շեշտելով հայկական հուշարձանների աղվանացման դեմ պայքարի ռազմավարության մշակման կարևորությունը:

Շատ կարևոր հանգամանք ևս. պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի իսլամական հուշարձաններին: Ադրբեջանը բարձրացնում է թվեր, որ հայերն իբր 30 տարվա ընթացքում ազատագրված տարածքներում 60 մզկիթ են ոչնչնացրել: Այնինչ, իրականում այդ թվերն ուղղակի հնարված են: Դա ապացուցելու համար ուղղակի անհրաժեշտ է համեմատել Ադրբեջանական ԽՍՀ հուշարձանների պետական ցուցակները ազատագրումից հետո այդ տարածքներում իրենց հայտարարած հուշարձանների քանակի հետ, այնուհետև այսօրվա հրապարկված թվերի հետ համադրելով ցույց տալ, որ դրանք պարզապես հնարել են: Պետք է նաեւ ի մի բերել իսլամական հուշարձանների պահպանման եւ վերականգնման վրա ծախսված գումարները, ներկայացնել դրա համեմատականը հայկական հուշարձաննների վերականգնման ծախսերի հետ:
Նա կարևորում է նաև Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխկապակցված կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ Թանգարանների միջազգային խորհուրդ (ԻԿՕՄ), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՕՍ), Կապույտ վահաններ: Իսկ օրենսդրական առումով՝ անհրաժեշտ է շարունակել մշակութային ժառանգության պահպանության բնագավառում միջազգային բոլոր համաձայնագրերին Արցախի միակողմանի միացումը: «Այդ գործընթացն սկսել ենք 2014թ., երկու կոնվենցիայի միացել ենք, այնուհետև գործընթացն ընդհատվել է»,- ասում է Ս. Շահվերդյանը:
Սրանք են այն խնդիրների կարճ նկարագրությունը, որոնք մեր պետության առջև կանգնած են այսօր: «Այս գործընթացը մեկ պետական մարմնի գործառույթ չէ: Այս ծավալի աշխատանքը չի կարող այսօր գործող պետական համակարգն իրականացնել: Այդ ամենը կարելի է անել բացառապես պետական տարբեր մարմինների, մասնավոր անձանց և մասնագիտացված կազմակերպությունների գործողությունների համակարգման միջոցով»,-համոզված է Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահը:

Որպես ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար՝ անդրադառնալով իսլամական հուշարձանների նկատմամբ վարվող պետական քաղաքականության մասին հարցին, Սերգեյ Շահվերդյանը նշում է, որ անհրաժեշտ է վերհանել թվերը, թե 30 տարվա ընթացքում որքան գումար ենք ծախսել քրիստոնեական և իսլամական հուշարձանների վերականգնման վրա: Եթե համեմատելու լինենք վերականգնման ենթակա հայկական հուշարձանների քանակը իսլամական հուշարձանների քանակի հետ, կստացվի, որ իսլամական հուշարձաններին շատ ավելի ենք ուշադրություն դարձրել, քան հայկականին:

«Իսլամական մշակութային ժառանգությունը հայտարարել ենք Արցախի ժողովրդի սեփականություն և ամբողջ ժողովրդի ժառանգություն և, համապատասխանաբար, մեծ ուշադրություն էինք դարձնում այդ հարցերին: Օրինակ Շուշիի երեք մզկիթներից երկուսը վերականգնված են, ընդ որում՝ մեծ մզկիթի վերականգնումը երկու անգամ ենք արել. առաջին անգամ 2009թ. կոնսերվացման աշխատանքներ, իսկ 2015թ. հիմնովին վերականգնման աշխատանքներ ենք իրականացրել: 2008-2018թթ. մեծ աշխատանքներ էինք կատարում իսլամական հուշարձանների կոնսերվացման, մաքրման և պահպանման ուղղությամբ»,- շեշտում է նա: Արել ենք այնքան, ինչքան թույլ են տվել պետական սուղ միջոցները: Մեր հակամարտության մեջ կրոնական էլեմենտ մտցնելու համար ադրբեջանցիները դա ներկայացնում են որպես իսլամական մշակութային հուշարձանների ոչնչացում: Մեր խնդիրն է՝ ցույց տալ, որ մենք որևէ ոչնչացման քայլեր չենք ձեռնարկել: Խաղաղ ժամանակ, կազմակերպված ձևով որևէ հուշարձան չի վնասվել: Որոշները վնասվել են պատերազմի ընթացքում, որոշները բնական մաշվածության են ենթարկվել, բայց սա ներկայացնել որպես միտումնավոր ոչնչացում՝ ճիշտ չէ:
Տաթեւիկ Աղաջանյան

