կարևոր
2329 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-05-26 19:00
Հասարակություն

Հինավուրց Կարմախան գյուղի տարածքը ներկայումս հերկված է․ պահպանված չեն անգամ հայերի տնատեղերը

Հինավուրց Կարմախան գյուղի տարածքը ներկայումս հերկված է․ պահպանված չեն անգամ հայերի տնատեղերը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը գրում է․

«Մինչև 1918 թվականը Կարմախանը (Խոյլիհայաբնակ գյուղ էր Իսմայիլի շրջանում։ Գտնվել է շրջկենտրոնից շուրջ 4 կմ հարավ: 17–18-րդ դարերում գյուղը ենթարկվել է ավերածությունների: Հետագայում գյուղում վերաբնակվել են պարսկահայերը։ Ըստ հայտնի տեղագիր Մակար Բարխուտարյանցի` այդ բնակիչները 1832 թվականին գաղթել են Թեհրանի Լար գյուղից։ Գյուղանվան Խոյլի տարբերակի համաձայն` բնակիչներն այստեղ վերաբնակվել են Խոյ քաղաքից:

1861 թվականին Կարմախանն ունեցել է 36 տուն հայ բնակչություն: Մակար Բարխուտարյանցի այցելության ժամանակ` 1886 թվականին, գյուղում եղել է 48 տուն հայ բնակչություն` 228 բնակիչներով։

1914 թվականին Կարմախանն ամբողջությամբ եղել է հայաբնակ՝ 242 բնակիչներով: 1915 թվականին գյուղում բնակվել է 47 տուն հայ բնակչություն։

Կարմախանն 1918 թվականի ամռանը ենթարկվել է թուրքական զորքերի և տեղի թաթարների հարձակմանը: 1919 թվականին գյուղն ամբողջությամբ հայաթափվել է։

Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո կոտորածներից մազապուրծ եղած սակավաթիվ կարմախանցիներ բնակություն են հաստատել տարբեր վայրերում:

Կարմախան գյուղում եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով եկեղեցի, որն ավերվել է 1918–1919 թվականներին: Մ. Բարխուտարյանցի այցելության ժամանակ գերեզմանոցում արձանագրված խաչքարը կրել է հայոց ՊԿԸ (1419) թվականը: Գյուղի վաղեմության մասին է վկայել Կարմախանի միջնադարյան գերեզմանոցը։

Մակար Բարխուտարյանցը տեղի գերեզմանոցից ընդօրինակել և հրապարակել է պահպանված չորս առավել հին տապանաքարերի արձանագրությունները, որոնցից առավել ամբողջական է հետևյալը.

«Սուրբ Գէորգ փոխեցաւ ի Գոտիշայս (՞) ի Քրիստոս,

Ով որ կարդայ, Աստուած ողորմի»:

Հինավուրց Կարմախան (Խոյլի) գյուղի տարածքը ներկայումս հերկված է․ պահպանված չեն անգամ հայերի տնատեղերը:

Գրականություն՝

Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:

Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997:

Կարապետյան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երևան, 2024, էջ 144–146»։