կարևոր
1477 դիտում, 9 ժամ առաջ - 2025-05-16 16:04
Քաղաքական

Ընդդիմադիր շարժումները լուսաբանող լրագրողներն են ենթարկվում բռնության՝ կրելով ֆիզիկական, գույքային, հոգեբանական վնասներ․ Դանիելյան

Ընդդիմադիր շարժումները լուսաբանող լրագրողներն են ենթարկվում բռնության՝ կրելով ֆիզիկական, գույքային, հոգեբանական վնասներ․ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Օրեր առաջ վարչակարգի ղեկավարն ու իր պատգամավորները ԱԺ ամբիոնից հպարտանում էին, որ մամուլի ազատության սանդղակով Հայաստանն այս տարի 34-րդ տեղում է։

Մինչդեռ, իրականությունն այլ բանի մասին է։

Լրագրող Անուշ Միրզոյանն օրերս ահազանգեց, որ իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանելու համար։

Երեկ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը․ Անուշ Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվի։

Գործընկեր Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք Անուշին՝ հայտնելով մեր անվերապահ աջակցությունը։

Մեկ շաբաթ առաջ էլ գիշերազգեստով կալանավորման տարան գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, որը տևական ժամանակ կոռուպցիոն բացահայտումներ էր անում։

Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին։

Ուշագրավ է, որ նախկին լրագրող Փաշինյանի օրոք ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ ճնշումները ավելացել են․ այդ մասին փաստում է նաև Freedom House-ը։ 2025 թվականի միայն առաջին եռամսյակում ԶԼՄ-ների ու լրագրողների գործունեությունը սահմանափակելու 56 դեպք է արձանագրվել։ Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ արձանագրված ճնշումների մեծ մասն իրականացվել է իշխանության ներկայացուցիչների կողմից։

Հատկանշական է, որ հատկապես ընդդիմադիր շարժումները լուսաբանող լրագրողներն են ենթարկվում բռնության՝ կրելով ֆիզիկական, գույքային, հոգեբանական վնասներ։

Նման գործելաոճ իրենց հայացքները չկիսող լրագրողների նկատմամբ ցուցաբերում է, մեկ էլ, իրենց բնորոշմամբ՝ կիրթ ու կառուցողական Ալիևը»։

Հիշեցնենք՝ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Նա մեղադրվում է 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով, այլ կերպ ասած՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մասնագիտական պարտականությունները կատարելու հիմքով։