կարևոր
2701 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-01 14:06
Քաղաքական

«Փաշինյանը գլուխը պատին կտա». Արամ Զավենիչի թիմակից. Politik.am

«Փաշինյանը գլուխը պատին կտա». Արամ Զավենիչի թիմակից. Politik.am

Երեկ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ Նոր Նորքի թաղապետը՝ Արամ Սարգսյանի կուսակցակիցը, իր տասնյակ աշխատակիցների հետ ծեծի ենթարկեց քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Բռնության այս խուլիգանական միջադեպին նախորդել էր թաղապետի մեկ այլ խուլիգանական արարք. նա հեռախոսով սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել Արթուր Չախոյանի հասցեին։

Հանրային դժգոհությունների ֆոնին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, հայտարարել էր, թե ինքը կարող է պաշտոնանկ արվել միայն «Հանրապետություն» կուսակցության որոշմամբ։ Սա այն դեպքում, երբ նա աշխատում է Երևանի քաղաքապետի ենթակայության ներքո, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է։ Տեր-Մարգարյանը, ըստ էության, հայտարարեց, որ իրենք «թքած ունեն» ՔՊ-ի վրա։

Այս վարքագիծը տրամաբանական է, քանի որ Երևանում ՔՊ-ն իշխանության է հենց «Հանրապետություն» կուսակցության հետ գործարքի արդյունքում, և ցանկության դեպքում այդ կուսակցությունը կարող է այնպես անել, որ քաղաքային իշխանությունը հայտնվի կոլապսի առաջ։

Արամ Սարգսյանի կուսակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասել է, որ կուսակցության ներսում վստահ են՝ ՔՊ-ն չի կարող անգամ փորձել ազատվել Նոր Նորքի թաղապետից, քանի որ դա կնշանակի կոալիցիայի փլուզում Երևանում, ինչը մեծ հարված կլինի Նիկոլ Փաշինյանին համապետական ընտրություններից առաջ.«Փաշինյանը գլուխը պատին կտա, թե կարող է առանց մեր ցանկության ազատել մեր ներկայացուցչին։ Արամ Զավենիչը շատ խիստ կպատժի ՔՊ-ին, եթե նրանք ընդդիմության պահանջով գնան նման քայլի», – ասել է զրուցակիցը։

Վախենում է Փաշինյանը Արամ Զավենիչից, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։ Ի վերջո, իր թիմակից Վիլեն Գաբրիելյանը այս միջադեպից տասնապատիկ ավելի փոքր միջադեպի մասնակից էր եղել, բայց ստիպված եղավ վայր դնել մանդատը։ Եթե նա կարողանում է իր թիմակից պատգամավորին պատժել, բայց չի կարողանում պատժել իր թիմակցի ենթակայության տակ աշխատող թաղապետին, ապա դա կնշանակի, որ մեր զրուցակիցը ամեն բան ճիշտ էր փոխանցել։

 

Աղբյուրը՝ politik.am