Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հետ զրույցում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի աղմկահարույց հայտարարությանը:
- Պարո՛ն Փարամազյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը ծնունդով Սյունիքի մարզից է, օրերս հայտարարություն էր արել, որով փորձել էր ժխտել Սյունիքի համայնքապետերի՝ ջոկատներ կազմելու և պատերազմին մասնակցելու իրողությունը: Այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
- Հոկտեմբերի 17-ին կապիտուլյանտը եկավ Սյունիքի մարզ, ավելի կոնկրետ՝ Գորիսի քաղաքապետարան՝ Առուշենց մոտ, և կոչ արեց համայնքապետերին, կոչ արեց բոլորին, որ՝ հարգելի՛ համայնքապետեր, քաղաքապետեր, անցե՛ք Սյունիքի ինքնապաշտպանությանը։ Այդտեղ էր նաև Արմեն Խաչատրյանը: Ներկա էր նաև էսօրվա մարզպետը՝ Մելոն (Մելիքսեթ Պողոսյան – խմբ.), եթե չեմ սխալվում՝ կորպուսի հրամանատարն էր, քաղաքապետերը ևն: Դրանք, իրենց ապրածով, երախտամոռ են: Հոկտեմբերի 20-23-ը Զանգելանում մեր ջոկատով ընկել էինք շրջափակման մեջ, 32 հոգով՝ 350 հոգու դեմ, ընդ որում՝ նրանց մեջ էին պակիստանցիներ, վարձկաններ, թուրքական հատուկ նշանակության ջոկատը: Հիշո՞ւմ եք էջմիածինցի քիմիկներին, 64 հոգով որ եկել էին Զանգելան, որ կեսը գերի ընկավ, կեսին չեն էլ գտել, մի մասը զոռով դուրս եկավ, այ էդ ժամանակ էր: Մենք երեք օր էնտեղ պահել ենք, ընկել ենք շրջափակման մեջ, 2 զոհ, 6 վիրավոր ենք տվել, նրանց մի կերպ հանել ենք, դա դեռ քիչ էր, հլա դեռ Զանգելանից դեպի Կապան գնացող ճանապարհն էլ մեր թիկունքում ականապատեցին, պայթեցրին ու թողեցին մեզ այնտեղ:
- Ովքե՞ր ականապատեցին:
- Ովքե՞ր՝ մերոնք:
- Դիտավորյա՞լ արվեց դա:
- Նայեք՝ թուրքերը որ եկան ու շրջապատեցին մեզ, պատկերացրու՝ մենք 32, իրենք՝ 350-400 հոգի, եկան ու շրջանցեցին մեր թիկունքը, մեզ համար անսպասելի դուրս եկան մեր դեմ, սկսվեց բլիժնիյ բոյ (մերձամարտ - խմբ.)՝ նռնակներով և այլն:
- Ո՞ր օրը դա տեղի ունեցավ:
- Հոկտեմբերի 23-ի դեպքն եմ ասում ձեզ․ ամսի 20-ին գնացել ենք, 23-ին դա տեղի է ունեցել: Դրանից հետո, երբ մենք տվեցինք 2 զոհ, 6 վիրավոր, մի կերպ դուրս հանեցինք, ի դեպ, ահագին էլ թուրքերից կոտորվեցին, էնպես չէր, որ մենակ մենք կորուստ ունեցանք, մենք դուրս եկանք Զանգելանից դեպի Կապան ճանապարհ: Էսօրվա իշխանությունների մոտ էնքան մեծ էր խուճապը, որ իմացան, թե էս ա՝ թուրքը գալու է՝ մտնի Կապան, բռնեցին ականապատեցին ու պայթեցրին էդ ճանապարհը: Հիմա չգիտեմ՝ միտումնավոր էր, թե՝ ոչ, երևի պանիկայի մեջ էին:
- Իսկ հետո ինչպե՞ս դուրս եկաք այդ վտանգավոր ճանապարհով:
- Զոռով, մի կերպ, դե նոր էին դրել ականները, ճշտեցինք, թե որտեղ էին դրված, էդպես դուրս եկանք:
- Բացի Ձեզանից, Սյունիքի ո՞ր քաղաքների կամ գյուղերի ղեկավարներն են ջոկատներ կազմել և մասնակցել պատերազմին:
- Երբ ես Ջաբրայիլում էի, մենք ուրիշ պոստում էինք, դա կոչվում էր Ջաբրայիլի 4-րդ բատալիոնի 400 պոստ: Էնտեղ՝ Հադրութի «ստիկում», Սիսիանի գունդն էր, որի հետ էր քաղաքապետ Արթուր Սարգսյանը, իսկ կոնկրետ Ջաբրայիլում՝ Առուշն էր (Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը – խմբ.): Մենք Առուշի հետ ենք մեկնել՝ հոկտեմբերի 1-ին: Դրանից հետո՝ ամսի 3-ին թե՝ 4-ին, եկավ նաև Մխոն (Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը – խմբ.) և հենց էդտեղ էլ վիրավորվեց: Գևորգը (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը – խմբ.) հսկայածավալ աշխատանքներ արեց, նա հազիվ էր հասցնում թիկունքն ապահովել, ինքը Կուբաթլի էլ եկավ, էնտեղ էլ ահագին գործ արվեց։ Էս պահին ամեն ինչ չեմ էլ կարող հիշել:
- Այսինքն՝ ասել, թե համայնքապետերը չեն մասնակցել պատերազմին կամ ջոկատներ չեն ունեցել և այլն, դա մերկապարանոց հայտարարությո՞ւն համարենք:
- Եղբա՛յր, ինքը գլուխը պատին է տվել, եթե ինքը լավ սյունեցի լիներ, հոգով-սրտով սյունեցի լիներ, ինքը կգար և մեր կողքը կկանգներ: Նման հայտարարություն անողներին կարելի է ամենավերջին բառերն էլ ասել: Մենք ինչ արել ենք, մեդալի կամ պատվոգրի համար չենք արել, մենք մեր պարտքն ենք կատարել: Մենք էսքան ժամանակ չենք էլ բարձրաձայնել, թե մենք ինչեր ենք արել: Ես ինչ որ ասացի ձեզ, դա մեկն ասել եմ, քսանը չեմ ասել։ Եղբա՛յր, մեր արածը Աստված գիտի, էն մարդիկ գիտեն, ովքեր մեզ հետ կռվել են, մեր ջոկատներում են եղել: Նույն մեր Արոն՝ Չեչենը (ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյան (Չեչեն) – խմբ.), ում հետ միասին էինք, եղբա՛յր:
- Ցավոք, Փաշինյան-Ալիև «բանավոր ըմբռնմամբ», հետո պարզվեց՝ գաղտնի պահված գրավոր համաձայնությամբ, Սյունիքի՝ պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում Ձեր պահած դիրքերը ևս հանձնվեցին:
- Դրանց հենց պետք է ասել՝ եթե էդքան հայրենիք սիրող էիք, էն դիրքերը, բլինդաժները, խրամատները, որ մենք սարքեցինք և նվեր տվեցինք, ոչ թե մենք տվեցինք, այլ մեզ ստիպեցին, որ նվեր տանք թուրքին, ինչո՞ւ տրվեցին: Էն կռիվը, որ մենք տվեցինք, դա բանակն էլ գիտի, գեներալն էլ գիտի, Քոչարյանն էլ գիտի (ՀՀ զինված ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյան – խմբ.): Նոյեմբերի 3-ին Զանգելանի հատվածում գտնվող Վանատուր գյուղի մոտ թշնամու 12 տեխնիկա ԲՄՊ (հետևակի մարտական մեքենա – խմբ.), ԲՏՌ (զրահափոխադրիչ – խմբ.), երևի մի 8 տուրիստական մեծ ավտոբուս կանգնեցրել ենք և 80 %-ը ոչնչացրել: Մեր ջոկատն ընդամենը 82 մմ-ոց մինամյոտ (ականականետ – խմբ.) ուներ, երկու հատ էլ սամախոդկա (ինքնագնաց – խմբ.):
Էս ամեն ինչի մասին մենք չենք խոսել, բայց սրանք ամեն չափ ու սահման անցնում են: Այժմ էլ դժվար է խոսելը… Ուղղակի չգիտես՝ ինչ անվանես էն ամենը, որ էս իշխանավորներն անում են:
Վահե Սարգսյան