Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը Yerkir.am-ի զրույցում հայտարարեց, որ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցի ընդունումը լուրջ մտորելու տեղիք է տալիս:
«Սա մտածելու տեղիք է տալիս` ադրբեջանցիների ակտիվանալու առումով: Ստացվում է` ադրբեջանցիների ծախսած մանաթն աշխատեց այս պարագայում: Նրանց արած հայտարարությունները պարզապես ծիծաղի են արժանի: Այս մասին ԵԽԽՎ-ում բարձրաձայնեցին նաև մեր պատվիրակության անդամները»,- ասաց Պետրոսյանը, ապա հավելեց, որ մյուս` բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի մերժումն այս պարագայում, անշուշտ, դրական ազդեցություն կարող է ունենալ և այդ զեկույցը կյանքի չկոչվեց մեր պատվիրակության փայլուն աշխատանքի շնորհիվ:
Նա, կրկին անդրադառնալով Միլիցա Մարկովիչի զեկույցի բովանդակությանն ու վերնագրին, ասաց, որ այդ կնոջ տեսակն, առհասարակ, իր համար անընդունելի է: «Նա պարզապես վաճառված մեկն է, և նրա այդ զեկույցը ծիծաղելի է: Բազմիցս հրավերներ են ուղարկվել այդ կնոջը` գալ Հայաստան և անձամբ ծանոթանալ իրավիճակին, բայց նա սուտ աղմուկ հանեց այդ հարցի շուրջ և չեկավ: Նա պարզապես իրավունք չունի բնիկ ժողովրդի ճակատագրին դիպչել`սուտ հայտարարություններ անելով»,- ընդգծեց Պետրոսյանը:
Պատգամավորը նշեց նաև, որ այս զեկույցի ընդունումը մեզ համար մեկ քայլ հետ էր` կարևոր նպատակների իրականացնելու առումով: «Մենք նորից պետք է աշխատենք այն մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես ծանոթ չեն իրականությանը»,- եզրափակեց Շուշան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ նիստի ընթացքում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը ձայների` 70 դեմ, 66 կողմ հարաբերակցությամբ մերժվեց, իսկ Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը 98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ ձայներով ընդունվեց: