կարևոր
460 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-30 14:50
Հասարակություն

Չեմ հասցրել ծանոթանալ տեղեկատվությանը. ՄԻՊ–ը Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու մասին

«Անմիջապես վերադառնամ գրասենյակ, հասկնամ թե մեր գործառույթների շրջանակներում ինչ անելիքներ կան»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ հարցին:

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի և բարեվարքության գնահատման ինստիտուտն է, որը, միանշանակ, չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի: Կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով»,-հայտարարեց Մանասյանը:

Նրա խոսքով՝ ՄԻՊ հաստատությունը չէ, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով:

«Բայց նաև համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ, հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն: Բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով, այո՛, պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա»,-հայտարարեց Մանասյանը՝ պատասխանելով վարչական շրջանի ղեկավարի՝ նախօրեին տարածված հեռախոսազրույցին: 

Հիշեցնենք, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում այսօր ծեծի են ենթարկել հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։